ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼ ԲՌՆԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանության օպերատիվ աշխատողներն ամեն օր շփվում են հանցագործ պատգամավորների, մարզպետերի, ժողովրդին հարստահարող օլիգարխների, անպատիժ մնացած մարդասպանների հետ, ինչի համար էլ իրենք այդ աղբից անմաս չեն մնում:
-Պարո՛ն Եղիազարյան, օրերս Գյումրիում գրանցվեց սկանդալային դեպք, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել էին դիմակավորված թալանել ոսկերչական խանութը: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:
-Նախ ասեմ, որ ոստիկանության համակարգն ամբողջապես դեգրադացված է, որը հետեւանքն է ազգային, համամարդկային արժեքների, գաղափարախոսության իսպառ բացակայության: Իշխանական կուսակցության եւ նրանց արբանյակների անձեռնմխելիությունը, համատարած թալանը, դատական համակարգի ծախվածությունը, նախկին քրեական տարրերի թափանցումը ԱԺ, պետական կառավարման այլ օղակներ եւ այս տզրուկների ցոփ ու անպատիժ կյանքը երկրում առկա համատարած աղքատության պայմաններում նման իրավիճակ է ստեղծել: Ոստիկանությունն ամբողջապես ծառայում է մեկ նպատակի` պահպանել բռնապետին: Եվ այս ամենի ծնողն ու սնուցողը ժողովրդի ձայնը ստացող նախագահն է: Դա մեր պետության հիմքերին է հարվածում:
-Այսինքն` ոստիկան հանցագործների արարքն օրինաչափ երեւո՞ւյթ եք համարում:
-Ո՛չ, ես ամենեւին այդ հանցագործներին, այդ անգրագետներին արդարացնելու մտադրություն չունեմ, սրանք ոչ միայն ակադեմիան չեն ուսանել, այլեւ նույնիսկ կինո չեն դիտել: Քրեական հետախուզության 10 տարվա աշխատակիցները, կներեք արտահայտությանս, իրավունք չունեին այդպիսի անգրագետ գողություն կատարել ու թրջված հավի պես բռնվել: Այս հանցագործությունը երկու դեմք ունի. առաջինը սպայի պատիվն է, երկրորդն էլ՝ այդ տխմարների անգրագիտությունը: Ակադեմիայից բացի, ցանկացած շրջանավարտ անցնում է նաեւ կյանքի ակադեմիան, տեսական գիտելիքները համեմում է աշխատանքային փորձով: 10 տարուց ավելի է, ինչ այս համակարգը տարբեր պատահական մարդիկ փորձադաշտի են վերածել: Ես, այսպես կոչված, նախարարներ գիտեմ, որոնց անգամ երկու սատկած սագ չէր կարելի վստահել: Տարիներ շարունակ ոստիկանության ղեկավարի միակ ցուցումն է եղել` պայքարել ընդդիմադիրների դեմ: 
-Որպես համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող գործիչ՝ ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն իրավիճակը բարեփոխելու ուղղությամբ:
-Որպեսզի մենք վերականգնենք տարիների կորցրածը, պետք է վերջ դրվի անձեռնմխելիների կաստային: Հանցագործներին չպետք է մոտ թողնել պետական ապարատին: Իսկ ոստիկանության օպերատիվ աշխատողներին պետք է հեռու պահել քաղաքական իրավիճակներից, ընտրական կեղծիքներից, ընդդիմադիրների վրա գործ ,կարելուցե: Դատախազության հետ մեկտեղ պետք է վերանայել հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, որպեսզի չստանանք աղճատված վիճակագրություն, ու էլի բազմաթիվ  կոնկրետ գործողություններ պետք է իրականացվեն: Նշեմ նաեւ, որ անպայման պետք է վերանայել օպերատիվ աշխատողների աշխատավարձը: Այսօր ոստիկանին սոված են պահում, նրանք  էլ ճարահատյալ գողություն են կատարում:
-Այսօր շատերն են դժգոհ ոստիկանության ծառայությունից…
-Գիտեք, ես արդեն 6 տարի շարունակ մտածում եմ, թե Օսիպյան կոչվածի վրայից ինչպես ուսադիրները չեն հանում: Չնայած հասկանալի է, ինչո՞ւ պետք է նման բան անեն, նա հլու-հնազանդ ծառայում է վարչակարգին ու ամեն օր հաստատում, որ մենք ոստիկանական համակարգ չունենք: Բռնապետությունում նման սուբյեկտները խրախուսվում են: Անթույլատրելի է, որ գնդապետն ամեն օր կատարի շարքայինի աշխատանք: Այդ սուբյեկտը միլիոնանոց քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալն է, նրա սուրբ պարտականությունն է կազմակերպել ողջ քաղաքի՝ իր ենթակայության տակ գտնվող  ստորաբաժանումների աշխատանքը: Բավական է, զսպե՛ք նրա` իշխանությանը ծառայելու մոլուցքը: Իսկ եթե լուրջ, ապա պետք է այդ խեղկատակությանը վերջ դնել, քանի որ նա երեւի մտքում արդեն իրեն գեներալ-շարքային է կարգել:
-Իսկ Ձեր աշխատած տարիներին օպերատիվ աշխատողները հանցագործություններ չե՞ն կատարել:
-Հնարավոր չէ, որ ամեն ինչ անթերի լիներ, կատարած կլինեին, հսկայական երկիր է, ուղղակի այն ժամանակ գրագետ էին, չեն բռնվել: Նման դեպքերը բացառություն են եղել, այսօր դրանք օրինաչափ են: Ամեն օր օպերատիվ աշխատողները շփվում են հարգանք վայելող հանցագործ պատգամավորների, մարզպետերի, ժողովրդին հարստահարող օլիգարխների, անպատիժ մնացած մարդասպանների հետ, ուստի իրենք էլ այդ աղբից  անմասն չեն մնում:  
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 595 համար




Լրահոս