«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԱՆՍԱՄԲԼԸ ՖԼԱՆԴՐԻԱՅՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ են իրենցից ներկայացնում  «Նուարդ» մշակութային  միությունը եւ վերջերս հիմնված  Բելգիայի  հայկական  կազմակերպությունների  համադաշնությունը : Հենց այս հարցով էլ սկսեցինք մեր  զրույցը  Բելգիայում «Նուարդ» մշակութային  միության  նախագահ Գեւորգ Մինասյանի հետ:-«ՆՈՒԱՐԴ» հայկական մշակութային միությունը հիմնվել է 2000-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Նպատակ ունենալով համախմբել տեղի հայերի  մտավոր եւ  կազմակերպչական հնարավորությունները` միությունը մշակեց գործունեության ծրագիր եւ ձեռնարկեց առաջին քայլերը: Մեր առաջին գործը եղավ շաբաթօրյա դպրոցի հիմնումը.  այն ապահովված է շենքով, անհրաժեշտ գույքով ու դասագրքերով: 2001թ. ստեղծեցինք հայկական ժողովրդական պարերի անսամբլ: Պարի անսամբլը, որ կոչվում է «Բարեկամություն», այս տարիների ընթացքում ունեցել է շուրջ հարյուր ելույթ: Չկա քաղաքային  կամ  թաղային որեւէ մեծ միջոցառում, որին մեր անսամբլը չմասնակցի:  Վերջերս այն ճանաչվել է Ֆլանդրիայի լավագույն երիտասարդական անսամբլ: Այն  մի քանի անգամ ելույթ է ունեցել բելգիական հեռուստաալիքներով. այդ ելույթներն ուղեկցվել են Հայաստանի ու նրա տեսարժան վայրերի մասին պատմող տեսանյութերով: Անսամբլը ճանաչելի դարձրեց մեզ՝ հայերիս, որոնց մասին տեղացիները ոչինչ կամ համարյա ոչինչ չգիտեին: Այս տարիների ընթացքում երկու անգամ կազմակերպել ենք հայ գրքի ցուցահանդես. մեկը Անտվերպենի համալսարանի կենտրոնական ցուցասրահում, որի բացումն արեց համալսարանի ռեկտորը,  մյուսը՝ կենտրոնական գրադարանում: Ի զարմանս շատերի` ցուցադրվել են նաեւ բելգիացի 16 գրողների հայերեն թարգմանված գրքեր:Մեծ հաջողությամբ են անցել գոբելենի, գորգի, ժողովրդական արհեստների, հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսները: Ավանդաբար ամեն տարի Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառումների շարք ենք անցկացնում, որի ընթացքում ներկայացնում ենք մեր երկիրը, նրա պատմությունն ու մշակույթը, արվեստը: Կազմակերպել ենք Հայկոյի, Աիդա Սարգսյանի, Սյուզան Մարգարյանի ու Սիրուշոյի, Մայա Մարգարյանի, Հասմիկ Կարապետյանի համերգները, հանդիպում Արամայիս Սահակյանի հետ. նկարահանվել է «Ծիծաղի տունը Բելգիայում» հաղորդումը: 2003-ին Անտվերպենում տեղադրել ենք Բելգիայում երկրորդ խաչքարը, որը  դարձել է աղոթատեղի, հավատքի պահպանման խորհրդանիշ: 2003 թվականից լույս է տեսնում «Լրագիր» ամսաթերթը, որը միակն է Բենիլյուքսի երկրներում.  հիմնադիրն ու խմբագիրը ես եմ: Մեծ ու չբարձրաձայնվող աշխատանք ենք տանում Հայոց ցեղասպանության ճշգրիտ ներկայացման ուղղությամբ: Այս գործում ընդգրկել ենք մի քանի գիտնականների, պատմաբանների: Կապեր ենք ստեղծել Անտվերպենի համալսարանի եւ Հայաստանի համալսարանների միջեւ: Մեր միջնորդությամբ  Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  հարց է բարձրացվել Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին: Նույն հարցը բարձրացվել է նաեւ Բելգիայի խորհրդարանում:                                                                                                                         Ասեմ, որ մեր միությունը համարվում է Ֆլանդրիայի լավագույն կազմակերպություններից  մեկը եւ ճանաչվել է մի շարք կառավարական մարմինների կողմից:   Այս ամենով հանդերձ, օրվա խնդիր դարձած հայապահպանման համար միասնաբար գործելու նպատակով «ՆՈՒԱՐԴ»  հայկական մշակութային միությունը նախաձեռնեց  հիմնել Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիա.                                                  Նախաձեռնությանը միացան Բելգիայում գործող 17 հայկական կազմակերպություններ ու ակումբներ, եւ 2009թ. դեկտեմբերի 12-ին հիմնվեց ֆեդերացիան: Գիտակցելով ժամանակի հրամայական պահանջը` մենք նպատակ ունենք հնարավորինս օժանդակել Բելգիայում բնակվող հայերին՝  համատեղ պայքարելով  ուծացման դեմ եւ ավելի նպատակասլաց դարձնել հայաճանաչմանը նվիրված գործունեությունը: Այս ընթացքում հայաշատ քաղաքներում բացվել են 4 շաբաթօրյա դպրոցներ, նույն քաղաքներում ստեղծվել են հայկական մշակութային կառույցներ: Հիմնվել են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի եւ նարդու ակումբ, թատերական խմբակ, երգչախումբ: Շուտով կհիմնվի Բելգիայի հայ նկարիչների միություն:- Կպատմե՞ք Բելգիայում ապրող հայերի մասին.  արդյո՞ք համախմբված են: Նույնիսկ  այսօր շատ հայերի առջեւ հայրենիք վերադառնալու խնդիր է դրված: Ի՞նչ կասեք  այդ մասին:-Ներկայումս Բելգիայում  ապրում են 10.000 – 20.000 հայեր, որոնց  մեծ մասը եկել է ՀՀ-ից  90-ականների վերջերին: Նկատենք, որ ինչպես  ամենուր, այստեղ եւս հայերը խմբավորվում են հայրենակցականությամբ՝ արտաշատցիներ, թալինցիներ, լոռեցիներ եւ այլն: Այս ամենը, բնականաբար, խոչընդոտում է միասնականությանը: Բայց սա էլ դեռ բոլորը չէ. կան նաեւ կուսակցականներ, բազմաթիվ ազգակործան աղանդներ: Դժբախտաբար, քիչ են մտավորականները, քիչ են նվիրյալները…եւ քիչ չեն այն ընտանիքները, ուր երեխաներն այլեւս հայերեն չեն խոսում: Կան ճանաչված գրողներ, նկարիչներ, ճարտարապետներ, ադամանդագործներ, արվեստագետներ, երաժիշտներ, փաստաբաններ:  Ի դեպ, Բելգիայի շախմատի չեմպիոնը գյումրեցի Մհեր Հովհաննիսյանն է:  Այստեղի հայերը աշխատասեր են, ամեն ինչ անում են իրենց ընտանիքների բարեկեցության համար: Շատերին դա հաջողվում է:                                                                                                                                              Կան նաեւ ընտանիքներ, որոնք ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք: Ինչքան էլ ձգտենք մեր կառույցներով այստեղ «ստեղծել» փոքրիկ Հայաստան, միեւնույն է, այս հողը ամուր չէ, մերը չէ: Մարդիկ կան, որ չեն հարմարվում այս երկրի օրենքներին, եղանակին, մարդկային հարաբերություններին, լեզվին, ու սպասում եմ, թե երբ վիճակը բարենպաստ կդառնա վերադառնալու համար : ԼՅՈՒԲԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բելգիա




Լրահոս