ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ՏՈՒԺԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 6-ի որոշմամբ արգելվել էր «Երեւան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը, սակայն երեւանյան խանութներում դեռ շարունակվում է նշված պաղպաղկների վաճառքը: Ընկերության հաշվապահ Պետրոս Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ սննդամթերքի անվտանգության ծառայության հետ մեկտեղ իրենք էլ են իրենց արտադրանքը ենթարկել լաբորատոր փորձաքննության, սակայն որի արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Զարմացած հաշվապահը պնդեց, որ իրենց արտադրանքը որակի հետ կապված խնդիր չունի:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի 2013 թվականի հուլիսի 23-ի հրամանի հիման վրա «Երեւան Կաթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակներից 2013 թվականի հուլիսի 25-ին կատարվել էր նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության, «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակները ՄԱՖԱՄ եւ ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:
Եվ Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 6-ի որոշմամբ արգելվել է «Երեւան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը: Նաեւ «Երեւան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները եւ «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքնիշի պաղպաղակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Սակայն «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիների հավաստմամբ, ՍԱՊԾ-ի պետի այս հրամանից հետո Երեւանի խանութներից եւ սուպերմարկետներից չի հանվել համապատասխան խմբաքանակը:
«Ժողովուրդ»-ի հարցին` անորակ խմբաքանակը հանվե՞լ է շուկայից, թե՞ ոչ, «Երեւան Կաթ» ընկերության հաշվապահ Պետրոս Աբրահամյանը պատասխանեց. «Իրականում ոչ մի վատ բան էլ չի եղել: Ընդամենն ասել են` դադարեցնել արտադրությունը, վերացնել թերությունները եւ վերսկսել արտադրությունը: Խմբաքանակը հանելու մասին ոչ մի խոսք չի ասվել»:
Ընկերության հաշվապահը պնդեց, որ իրենց կողմից մի քանի անգամ արված լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն, որեւէ խախտում չի արձանագրվել:
«Ստանդարտների ազգային ինստիտուտը կազմել է արձանագրություն, որ ընկերության արտադրանքը համապատասխանում է կառավարության որոշման պահանջներին: Մենք երեք-չորս անգամ արել ենք լաբորատոր փորձաքննություն, վերջինն արվել է օգոստոսի 12-ին: Ամեն ինչ նորմալ է: Ամեն դեպքում, արդյունքներն ուղարկել ենք սննդամթերքի անվտանգության ծառայություն, որպեսզի իրենք էլ նայեն ու համոզվեն: Իսկ եթե չեն հավատալու, թող գան ու նորից տանեն-ստուգեն: Մենք էլ ենք ստանդարտների ազգային ինստիտուտ դիմել, իրենք էլ, իսկ թե ինչու ենք տարբեր արդյունքներ ստացել, չեմ կարող ասել: Բայց մեր ընկերությունն ունի արտադրանքի որակը ստուգելու բոլոր հնարավորությունները»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ նշեց, որ կատարվածի արդյունքում ընկերության մոտ 40 աշխատակից 5 օր է`չի աշխատում, ինչի պատճառով էլ ընկերությունը նյութական մեծ վնաս է կրում:
Ընկերության հաշվապահը, սակայն, դժվարացավ նշել, թե որքան է կազմում կրած վնասի չափը. «Հաշվարկ է պետք անել: Շատ փոքր խմբաքանակի մասին է եղել խոսքը, եւ մենք դրա համար էլ հայտարարեցինք, որ չենք բողոքելու: Հիմա սպասում ենք ՍԱՊԾ-ի պատասխանին. մինչեւ պատասխան ելույթով հանդես չգան, մենք չենք կարող աշխատել»:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին, որտեղից պատասխանեցին, որ «Երեւան Կաթ»-ի տնօրինության կողմից խմբաքանակը ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի խանութներից հետ է կանչվել օգոստոսի 6-ին: ՍԱՊԾ-ից նշեցին, թե տեղյակ չեն «Երեւան Կաթ» ընկերության կատարած փորձաքննության մասին, իսկ իրենց կողմից արված փորձաքննության արդյունքների վերաբերյալ էլ դեռեւս որեւէ բողոքարկում չի ստացվել ծառայություն: ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ նշանակվել է սանիտարական օր, կատարվել է ամբողջ արտադրական տարածքների եւ շփվող մակերեսների, այսինքն, սարքավորումների ախտահանում, տրվել է նաեւ առաջադրանք, որից հետո փորձնական արտադրանք է թողարկվելու: Ծառայության մասնագետները ներկա են եղել ախտահանման աշխատանքներին եւ արձանագրություններ կազմել, որից հետո իրականացվել է լաբորատոր փորձաքննություն, եւ պարզվել է, որ արտադրանքը նորմալ է, ու «Երեւան Կաթ»-ի արգելանքը պետք է հանվի:
Հ. Գ. Յուրաքանչյուր կողմ պնդում է իր ասածը, եւ սպառողի համար դժվար է կողմնորոշվել՝ ի վերջո գնի՞ այս ընկերության պաղպաղակները, թե՞ ոչ: Այստեղ մի քանի հարց է ծագում. եթե իսկապես «Երեւան Կաթ» ընկերությունը որակի հետ կապված խնդիրներ չունի, բայց ՍԱՊ ծառայությունը արգելում է արտադրանքի վաճառքը, գուցե նա մրցակից ընկերության համա՞ր է գործում: Իսկ եթե դա իսկապես անորակ արտադրանք է, ինչպե՞ս է ընկերությունը համարձակվում պնդել հակառակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս