ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում նախատեսվում է ստեղծել նպատակային ձեռնարկություն՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որտեղ աշխատողների 70 տոկոսը լինելու են հաշմանդամություն ունեցող անձինք: Այս մասին առաջին անգամ խոսվել է դեռեւս 2013 թվականի ապրիլ ամսին, երբ Վանաձորի քաղաքապետի եւ «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության միջեւ կնքվեց համաձայնագիր, որի համաձայն` կողմերի համաֆինասավորմամբ եւ այլ անհրաժեշտ ներդրումների արդյունքում կստեղծվի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ձեռնարկություն` «Նեցուկ ՀՁ» անվանումով: Համաձայնագրով հաստատված նախաձեռնությունը դարձավ ավելի իրական եւ իրագործելի, երբ արդեն հուլիս ամսվա վերջին Վանաձորի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստի ժամանակ Վանաձորի ավագանին հավանություն տվեց ծրագրին, եւ հենց ավագանու որոշմամբ էլ հաստատվեց բյուջեից ֆինանսական հատկացումների առաջարկը: Ավագանին քվեարկությամբ հաստատեց նաեւ «Նեցուկ ՀՁ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունը: Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի խնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծումն է: Նախնական փուլում ձեռնարկությունը կունենա 20 աշխատող, որից առնվազն 70 տոկոսը կլինեն տարբեր կարգերի հաշմանդամություն ունեցող անձինք: Ձեռնարկության հիմնադրման նպատակով Վանաձորի քաղաքապետարանը եւ «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը 50/50 հարաբերակցությամբ կներդնեն 33.6 մլն դրամ: Իր բաժին? 16.8 մլն դրամ ներդրման շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանը պետք է վճարի նաեւ «Նեցուկ ՀՁ»-ի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաեւ ապահովի ձեռնարկության բնականոն գործունեության համար համապատասխան տարածք-շինություն: Նախատեսվում է, որ այդ ձեռնարկությունը գործունեություն է իրականացնելու գույքի պահպանման եւ սանիտարական մաքրման ոլորտում: Համաձայն գրավոր պայմանավորվածության, ձեռնարկության աշխատակազմի ընտրությունը համատեղ կարգով իրականացնելու են Վանաձորի քաղաքապետարանը, «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպությունը եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը: Ինչպես փոխանցեցին Վանաձորի քաղաքապետարանից, «Նեցուկ ՀՁ»-ի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, այն նախատեսվում է ավարտին հասցնել 2 ամսվա ընթացքում:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս