Պարտքը Միխայիլ Բաղդասարովինը չէր, այլ՝ ՎՏԲ-ինը. Սերժ Սարգսյանի «բացահայտումը» ՀՀԿ-ականները չեն հայտնել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀԿ պատգամավորներին գրասենյակում հավաքելուց առաջ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Կարեն Կարապետյանի հետ. ի դեպ, վերջինս չի մասնակցել «դաստիարակչական համաժողովին», որը նշանակված ժամից քիչ ուշացումով է սկսվել, որովհետեւ առանձին լիկբեզ է անցկացվել նախ Գալուստ Գրիգորիչի, Էդիկ Շարմազանովի, Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ:

Մյուսները խելոք նստած սպասել են, որ հիմա շեֆն «ականջներն է քաշելու», «անկյուն է կանգնեցնելու», սակայն նա ընդամենը հրովարտակել է, որ հարցը «Հրազդան ցեմենտը» չէ, որի առնչությամբ, ի դեպ, «պետք էր բացատրություն տալ ԱԺ դահլիճում ներկա հատկապես ընդդիմադիր կամ իրենց այդպիսին համարող պատգամավորներին, որ պարտքը Միխայիլ Բաղդասարովինը չէ, այլ` ՎՏԲ-ինը, ինչը չի արվել»: Իսկ բացատրություն տվողը պետք է լիներ Վարդան Այվազյանը, որն այդ ժամին Հովիկ Աբրահամյանի մոտ է եղել:

ԱԺ նիստից ու քվեարկությունից բացակայած ՀՀԿ-ականները հանդես են եկել «մեղայականներով», բացատրել, թե ինչու են բացակայել, արձանագրել, որ պատճառները զուտ տեխնիկական են եղել, ուրիշ ոչինչ: Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ նման «փնթի, անկազմակերպ» աշխատանք չպետք է այլեւս թույլ տալ, եթե կա քաղաքական որոշում՝ պետք է «համախմբվել»: Եվ հավելել է, որ եթե որեւէ մեկն այլ կարծիք ունի եւ դեմ է եղել այդ օրինագծին, ապա պետք է խոսեր ֆրակցիայի նիստում, առաջին ընթերցման ժամանակ եւ ոչ երկրորդի ժամանակ «դրսեւորվեր»:

Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ «Բարգավաճն» անակնկալ է մատուցել` չի մասնակցել նիստին, ուստի քվորում չի եղել: Սերժ Սարգսյանը գտել է, որ ՀՀԿ-ն պետք է իր հույսը բացառապես դնի իր վրա եւ լինի ավելի ակտիվ, նախաձեռնող, ուշադիր, իսկ «պայմանավորվածությունը» խախտած ԲՀԿ-ականները պետք է պատժվեն: Ինչ վերաբերում է ԸՕ-ին, ապա Սերժ Սարգսյանը գոհ է եղել քննարկումների մակարդակից, հորդորել է չբացակայել, պատրաստ լինել տարբեր անակնկալների եւ համախմբված առաջ շարժվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս