«Կասեի, որ հոգեկան հիվանդ է, բայց ես այդպիսին չեմ». Պերմյակովն ընդունեց առաջադրած մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ընթացող դատական նիստում այսօր ավարտվեց Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը, հայտնում է «Ազատությունը»:

Ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ցուցմունքներ տալիս ճնշումներ եղե՞լ են, Պերմյակովը բացասական պատասխան տվեց։ Ամբաստանյալն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Հնչող հարցերին կարճ պատասխանեց՝ «չգիտեմ», «չեմ հիշում», «չեմ ցանկանում», «այո», «ոչ»։

Նա հրաժարվեց նաև «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում արված գրառումներից՝ ասելով, որ դրանք ինքը չի գրել։ Հարցին, թե ի վերջո ի՞նքն է սպանել Ավետիսյաններին, ասաց՝ այո։ Ճշտող հարցերին, թե մենա՞կ է դա արել, և արդյոք իրեն դրդե՞լ են այդ քայլին դիմել, Պերմյակովը հրաժարվեց պատասխանել։

Փաստաբան Միհրան Պողոսյանի հարցին՝ «եթե իմանայիր, որ մեկը յոթ հոգու է սպանել, ի՞նչ կասեիր այդ մարդու մասին», ամբաստանյալը արձագանքեց․ – «Կասեի, որ հոգեկան հիվանդ է, բայց ես այդպիսին չեմ»։




Լրահոս