Հնարավոր է՝ վախից դրդված ինչ-որ քայլերի գնան, բայց ոչ ռազմական լայնածավալ գործողությունների. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միության անդամ, ազատամարտիկ Զարզանդ Ալիխանյանը վստահեցնում է, որ հայկական զինված ուժերն ունակ են դիմակայել հակառակորդին և անհրաժեշտության դեպքում էլ առաջ շարժվել: Հայտնում է «Արցախպրեսը»:

Եռաբլուր զինվորական պանթեոնում  Զարզանդ Ալիխանյանը կոչ Է արել չհավատալ խոսակցություններին, թե հայկական զինված ուժերի սպառազինությունը բավարար չէ, իսկ հակառակորդն ավելի լավ է զինված: «Այդ ասեկոսեներին մի հավատացեք: Մենք ամեն ինչ էլ ունենք, ամեն ինչ նորմալ է: Սահմանին կանգնած մեր զինվորների և կամավորականների մարտական ոգին տեղն է, նրանք ամուր կանգնած են մեր հողին»,- ասել է Ալիխանյանը:

Անդրադառնալով լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ նա ընդգծեց, որ 1994թ. զինադադարից հետո պատերազմը չի ավարտվել և ամեն պահի էլ կարող են ռազմական գործողությունները վերսկսվել: Այս փուլում, սակայն, ազատամարտիկը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողություններ սկսելու հավանականություն չի տեսնում: «Չեմ կարծում, որ այս փուլում նրանք կգնան լայնամասշտաբ գործողությունների: Նրանք վախեցել են, մեր զինված ուժերն էլ պատրաստ են արժանի հակահարված տալու, նրանք էլ դրա մասին լավ գիտեն: Հնարավոր է՝ վախից դրդված ինչ-որ քայլերի գնան, բայց ոչ ռազմական լայնածավալ գործողությունների»,- ասել է ազատամարտիկը:

Նա հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազի ընթացքում և դրանից հետո եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի գրեթե  բոլոր մարտական դիրքերում: «Եղել եմ Մարտակերտում, Հադրութում, Ասկերանում, շատ այլ դիրքերում: «Կռվել ենք, պայքարել ենք ու այսօր էլ հպարտ ենք, որ ամուր կանգնած ենք մեր սահմաններին ու պաշտպանում ենք մեր հայրենիքը»,- եզրափակել է նա:




Լրահոս