ՈՐԵՎԷ ՄԻՏՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՇԻՎ ՏՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ ներկա եւ նախկին իշխանությունների մաս կազմող գործիչները, առանց իրենց հաշիվ տալու, հայտարարություններ են հնչեցնում: Ի դեպ, կապ չունի՝ նրանք տվյալ պահին շարունակում են իշխանության ներկայացուցիչ լինել, թե ընդդիմադիր խաղալու «սեզոնում» են:
Ապրիլի 15-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանն իր ֆեյսբուքյան էջում Արցախի համար հավաքվող օգնությունների մասին խորը մտահոգություն էր հայտնել. «Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից եւ համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում»։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը պատգամավորի հայտարարությանն անմիջապես ընթացք է տվել եւ սկսել նյութեր նախապատրաստել: Իսկ երբ պատգամավորին խնդրել են իր հայտարարության հիմքում դրված փաստերը ներկայացնել, նա իրավապահներին պատասխանել է, թե ուրիշներից է լսել, փաստեր չունի: Այսինքն՝ Աժ պատգամավորը, որը ժողովրդի «ընտրյալն» է, իրեն թույլ է տալիս խոհանոցային բամբասանքներ տարածել եւ չհիմնավորել դրանք: Ու ՀՀ գլխավոր դատախազությունը ստիպված է լինելու նյութերի նախապատրաստան արդյունքում քրգործի հարուցումը մերժել: Դժվար թե բանը հասնի սուտ մատնության: Ու կատարվածն առավել քան նողկալի է, քանի որ դրանով փորձ է արվել սեւացնել Արցախի համար օգնություն հավաքագրելու ողջ գործընթացը՝ իր արարքը ներկայացնելով փիս «ընդդիմադիր» շապիկի ներքո դրսեւորված սրտացավություն: Ի դեպ, Դոխոլյանից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն:
Հիշեցնենք, որ Լեւոն Դոխոլյանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի փեսան է, քրոջ դստեր ամուսինը:

 

 
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն ստեղծելու գաղափարը այլեւս անցնում է պատմության գիրկը: ՌՀՄ նախագահի տեղակալ, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Աբրահամյանի կողմից կուսակցություն չի ստեղծվել: Որոշվել է ստեղծել շարժում, որը պետք է փորձի տնտեսական ծրագրեր իրագործել: «Մենք հոկտեմբերի 2-5-ը նախապատրաստվում ենք բիզնես ֆորում անցկացնել, որն իր նպատակները արդեն հայտարարել է՝ ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելն է: Եւ այդ առումով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, որի մասին ավելի կմանրամասնենք, հետագայում կանենք ասուլիս եւ ավելի մանրամասն կասենք: Մեր խնդիրն այս պահին դա է»,- պարզաբանել է Արամ Սարգսյանը: Իհարկե, բացառված չէ, որ ապագայում փորձ կարվի այդ կառույցի հիման վրա կուսակցություն ստեղծել, սակայն փաստն այն է, որ Աբրահամյանը եւ նրա կողմնակիցները ներկա իրավիճակում կուսակցություն բացելու ծրագիրը առժամանակ չեն իրագործի, ձեռնպահ կմնան:

 

 

 
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում շինարարության ծավալները նվազել են 2,2 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Ըստ այդմ, պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թվաքանակը անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի նվազել է 1 հազար 500-ով եւ կազմել է ընդամենը 78 հազար 217 մարդ: Ի դեպ, գործազրկության մակարդակը 2015-ին նախորդ` 2014 թվականի համեմատ պաշտոնական վիճակագրությամբ աճել է մեկ տոկոսով եւ կազմել 18,5 տոկոս: Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աշխատանք ունի 1 մլն 72 հազար մարդ, այսինքն՝ ողջ բնակչության մոտ 40 տոկոսը: Պաշտոնական վիճակագրության՝ վերը բերված եւ մի շարք այլ տվյալներ եւս մեկ անգամ փաստում են, որ ՀՀ տնտեսությունը, ի հեճուկս այն պնդումների, թե աճում է, իրականում շարունակում է անկում ապրել:

 

 

 
Սերժ Սարգսյանն անցած տարվա դեկտեմբերի 28-ին հաստատել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին եւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» վերնագրով բյուջետային աջակցության ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որի տեքստը, սակայն, գաղտնի է պահվում։ Բանն այն է, որ այդ փաստաթղթով նախատեսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստեղծել մի առանձին մարմին, որը զբաղվելու է համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ: Նոր կառույցի գործունեությունը ֆինանսավորելու է Եվրամիությունը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաձայնագրի իրագործման ձեւերի շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններում ՀՀ-ից հիմնական մասնակիցը եղել է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը: Ու հենց նա է առաջարկել, որ ստեղծվելիք կառույցը ոչ թե առանձին Հ/Կ ձեւաչափով լինի, այլ ՄԻՊ աշխատակազմի մեջ: Թերեւս եթե նա իմանար, որ մի քանի ամսից ինքն է դառնալու օմբուդսմեն եւ ստիպված է լինելու ղեկավարելու «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտը, դժվար թե նման տարբերակ առաջարկեր:

 

 

 
ՏԿԱՐԱՄՏՈՐԵՆ
Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այս օրերին դարձել է ադրբեջանական լրատվամիջոցների թիվ մեկ նյուզմեյքերներից մեկը, որի` օրերս հնչեցրած խայտառակ հայտարարությունները դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից առավել հաճախ կատարվող մեջբերումը: Աժ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող այս տիկինը նախօրեին, հիշեցնենք, խոսել էր ազատագրված 5 շրջանները վերադարձնելու պատրաստակամության մասին` ԼՂՀ անկախության ճանաչումից հետո, հընթացս արձանագրելով, որ մենք այդ շրջանների նկատմամբ «իրավունք չունենք»: Բարձրացված աղմուկից հետո այդ տիկինը ստիպված եղավ ինքն իրեն հերքել` ըստ երեւույթին մտածելով, թե ամեն անգամ արտաբերած անհեթեթությունների համար լրագրողներին մեղադրելով, թե իբր կոնտեքստից կտրել են իր ասածը /այն դեպքում, երբ կա ամբողջական տեսագրությունը/, կարող է խնդիրը փակված համարել: Բայց հիմա իրավիճակը շատ լուրջ է, արված հայտարարությունն էլ շատ վտանգավոր, որպեսզի հնարավոր լինի ինքնահերքմամբ ասվածի հետեւանքները մեղմել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամներն արդեն իսկ տարածել են Նաղդալյանի հայտարարությունը` դա ներկայացնելով որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով արված ինքնախոստովանություն: Իհարկե, մտածել, որ Նաղդալյանի որակի քաղաքական գործիչը կարող է ներկայացնել հայկական կողմի տեսակետը, մեզ համար անլուրջ է, սակայն դրսի համար երկրի փոխխոսնակի, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի պաշտոնները բավականաչափ կարեւոր են համարվում, որպեսզի դրանք զբաղեցնողի հայտարարությունը լուրջ ընկալվի: Եվ այստեղ խնդիրն այն է, թե ինչու պետք է Նաղդալյանի նման մեկը, որի անունը կապվում է մի շարք մութ բիզնեսների հետ` սկսած Երեւանի կենտրոնում խաբեությամբ մարդկանց բնակարաններին տիրանալուց, ավարտած վաշխառությամբ, զբաղեցնի ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: Իր բիզնես գործունեության ընթացքում տարբեր միջոցների դիմած այս տիկինը, որն ըստ ականատեսների` ժամանակին Արցախից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով ազնվամորի էր բերում Երեւան վաճառելու, հետագայում, չգիտես ինչպես, դարձավ հանքերի եւ ՀԷԿ-երի տեր: Ներկայումս էլ նրա ամուսնուն պատկանող ընկերությունը «փող է շինում» պատերազմական այս վիճակում կյանքի ճանապարհ դարձած Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի «վերանորոգումից»` ասֆալտի բարալիկ շերտը լցոնելով բացառապես անձրեւոտ օրերին, որպեսզի կարճ առաջիկայում այն նորից քանդվի` ապահովելով պետական միջոցները յուրացնելու նոր հնարավորություն:




Լրահոս