Տրվել է հանրային և միջգերատեսչական համագործակցության մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մայիսի 13-ին մի շարք միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ստորագրել է «Սոցիալական համագործակցության ազգային համաձայնագիրը»:

«Համաձայնագրի կնքումը բոլորի կողմից վաղուց սպասված էր, և ժամանակն է, որպեսզի և պետական կառավարման մարմինները և սոցիալական պաշտպանության ոլորտում գործող ոչ պետական կազմակերպությունները, համայնքները, որոնք մեր քաղաքացիների համար իրենց աշխատանքով լուծում են սոցիալական հարցեր, միավորեն իրենց ջանքերը, համակարգեն այդ աշխատանքները և ապահովեն առավելագույն արդյունք: Սոցիալական համագործակցության ազգային համաձայնագիրն առաջին անգամ միավորելու է սոցիալական ոլորտի բոլոր կառույցներին՝ հասարակության մեջ գոյություն ունեցող սոցիալական աջակցության ռեսուրսների համատեղման և սոցիալական ուղղվածություն ունեցող տարբեր կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով: Իհարկե, նախկինում ևս բավականին արդյունավետ և հետևողականորեն ՀԿ-ների հետ համատեղ աշխատանք է տարվել, սակայն համաձայնագրի գաղափարը օրենքով ամրագրելով՝ նպատակ է դրվել այդ համագործակցությունը դարձնել առավել պատասխանատու, հասցեական, գործուն և համակարգված»,- իր ելույթի մեջ նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից լուրջ աջակցություն է ակնկալում, ընդգծելով՝ «Այս համագործակցության նպատակը պետք է լինի կարիքի մեջ գտնվող քաղաքացուն սոցիալական աջակցության և ծառայության տրամադրումը»:

Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո համաձայնագրին միացած մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել ելույթներով, կարևորել համագործակցության մեկնարկը և հետագա համատեղ աշխատանքները սոցիալական ոլորտում: «Ազգային համաձայնագիրը շատ դրական պոտենցիալ ունի: Մենք իհարկե, մշտապես համագործակցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, բայց ազգային մակարդակով այսպիսի համաձայնագիրը կարծում եմ նոր թափ ու շունչ կտա մեր համագործակցությանը»,- իր ելույթում նշել է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:

Այնուհետև ներկայացվել և քննարկվել է համաձայնագրի հետագա աշխատանքների ճանապարհային քարտեզը:

Համաձայնագրի կնքման հանդիսավոր արարողությանը ներկա էին հարյուրից ավել ոլորտին առնչվող մասնագետներ, սոցիալական աշխատողներ, տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սոցիալական համագործակցության ազգային համաձայնագրի ներքո ստեղծվում է սոցիալական ոլորտի տեղեկատվության փոխանակման և գործողությունների իրականացման միասնական ցանց` սոցիալական կարիքների բացահայտման, սոցիալական ռիսկերի կանխարգելման, դեպքի վարման արդյունավետության բարձրացման և, ընդհանուր առմամբ, սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված գործողությունների հասցեական և ճշգրիտ իրականացման նպատակով:

Համաձայնագրին միանալու գործընթացը բաց է նախատեսված ուղղություններով համագործակցության պատրաստ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարﬕնների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս