ՀՀԿ-Ն ՈՒ ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ՖԻԵՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտհանրապետականները յուրահատուկ հակում ունեն փուչիկների նկատմամբ: Բանն այն է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է երիտհանրապետականների առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այս տարվա հունիսին կազմակերպել է «Փուչիկների ֆիեստա» անվանումով միջոցառում: Այդ մասին տեղեկացնում է «Իլուր»-ը՝ հղում անելով այդ հիմնադրամի կայքին: Ըստ այդ հիմնադրամի հաղորդագրության՝ «միջոցառման մասնակիցները երկինք բաց թողեցին հազարավոր գունավոր փուչիկներ՝ դրանց վրա գրելով իրենց ամենանվիրական երազանքները»: Հիշեցնենք 2012-ի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պատմությունը, երբ ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթեցին ու այրվեցին հրավտանգ մեթանով լիցքավորված փուչիկները (իսկ դրանք հրդեհավտանգ գազով էին լիցքավորվել, որովհետեւ այդպես էժան էր), ինչի հետեւանքով 154 հոգի լուրջ այրվածքներ ստացավ: Այն ժամանակվա «փուչիկների ֆիեստայի» կազմակերպիչը եւս նույն Կարեն Ավագյանն էր: Փաստորեն, փուչիկների հանդեպ ՀՀԿ-ի սերը պատահական չէ, եւ այսպես շարունակվելու դեպքում լավ կլիներ՝ որպես ՀՀԿ-ի խորհրդանիշ ընտրեին հենց փուչիկը. չէ՞ որ ՀՀԿ իշխանության բոլոր քայլերը նման են փուչիկի:




Լրահոս