ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Նրան ոչ մի կերպ չի հաջողվում արտաքին ճակատում շարժվել «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքով, ու նա ստիպված է, այնուամենայնիվ ընտրություն կատարել «կա՛մ-կա՛մ»-ի միջեւ. կամ նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, կա՛մ միանալ ՌԴ առաջարկած մաքսային միասնական միությանը: Ընդ որում, հատկանշականն այն է, որ «կա՛մ-կա՛մ» պահանջը դնում են երկու կողմերը միաժամանակ` ե՛ւ Եվրամիությունը, եւ ՌԴ-ն:
Շատերը կհիշեն Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու` Ս.Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը, երբ ի պատասխան «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կա՛մ-կա՛մ», այլ «ե՛ւ-ե՛ւ»-ի սկզբունքի վրա» խոսքերի, ասել էր. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական տիրույթներում միաժամանակ, դուք պետք է ընտրություն կատարեք»:
ՌԴ-ն այս հարցում ավելի կոշտ է. Ուկրաինայի հետ կատարվածը, թերեւս, ասվածի լավագույն ապացույցն էր, երբ ՌԴ-ն մի քանի օրով խստացրեց Ուկրաինայի հետ սահմանին մաքսային ռեժիմը, այնուհետեւ վերադարձավ նախկին տարբերակին: Ընդ որում, Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը բացահայտ հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ մաքսային ռեժիմը կարող է խստացվել, եթե Կիեւը ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքի:
Հասկանալի է` Ուկրաինայի հետ կատարվածը հստակ ազդակ էր ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել փորձող հետխորհրդային մյուս երկրներին եւս: Իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովին, եթե Ուկրաինան պետք է ստորագրի ասոցացման համաձայնագիրը, ապա Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան պետք է նախաստորագրեն այն: Ու պատահական չէ, որ օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլեւը Երեւանում հայտարարել էր. «Մեզ տագնապի տեղիք են տալիս այդ սեպարատ, գաղտնի բանակցությունները, որոնք ընթանում են Եվրամիության ու Հայաստանի միջեւ, որոնց պայմանները թե՛ հանրությունից, թե՛ բոլորից թաքցվում են… Շատերը ԶԼՄ-ների միջոցով փորձում են ներկայացնել, թե երկու կառույցները` Եվրասիական մաքսային միություն եւ Երամիություն ոչ թե միմյանց հակասում են, այլ լրացնում: Բայց մենք իրականում տեսնում ենք միանգամայն այլ բան»: Ավելին, Վասիլեւը նաեւ նշել էր. «Քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում: Կարծում եմ` ընտրությունը կկայացվի եւ կկայացվի ճիշտ»: Այլ կերպ ասած՝ ՌԴ-ն հենց Երեւանում Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցի նախաշեմին բաց տեքստով ակնարկել էր, որ իրենց համար անցանկալի է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Ավելին, նա նաեւ ակնարկել էր թեժ աշնան մասին, ասել է թե՝ չի բացառվում, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո Ռուսաստանը Հայաստանում որոշակի քաղաքական պրոցեսներ թեժացնի, մանավանդ որ ռուսական ազդեցության ոչ իշխանական կուսակցությունների պակաս մեզանում չկա: ՀՀ իշխանությունները, ինչպես եւ սպասվում էր, որեւէ կերպ չարձագանքեցին այս հայտարարությանը` ձեւացնելով, թե այդ ամենը մեզ չի վերաբերում:

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ

Զարմանալի զուգադիպությամբ աշխարհաքաղաքական թեժ զարգացումների այս օրերին, երբ մի կողմից սրվում է Սիրիայի խնդիրըմ եւ տարածաշրջանում մեծանում է ապակայունացման վտանգը, մյուս կողմից անընդհատ քննարկվում է ԵՄ, թե Մաքսային միություն դիլեման, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին նախատեսված Մոսկվա այցի նախաշեմին հանկարծակի մասնավոր այցով մեկնեց Խորվաթիա: Դրանից մեկ օր անց` երեկ էլ, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե Հայաստանն ավարտել է ՌԴ-ի հետ գազի սուբսիդավորման վերաբերյալ բանակցությունները: Սակայն նախարարն այդպես էլ չհայտնեց բանակցությունների ավարտի մասին: Իսկ ահա ըստ շրջանառվող լուրերի՝ ՌԴ-ն խոստացել է սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը տալ դրամաշնորհի տեսքով, միայն թե պայմանով, որ ՀՀ-ն չնախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ասում են՝ կա եւս մեկ պայման. դրանից հետո ՀՀ-ն պետք է անդամակցի Մաքսային միասնական միությանը, եւ այդ դեպքում հնարավոր է՝ գազը ՌԴ-ից Հայաստան արտահանվի առանց հավելյալ մաքսատուրքերի: Ու հիմա, եթե ՀՀ էներգետիկայի նախարարը խոսում է բանակցությունների ավարտի մասին, նշանակում է` Հայաստանը ինչ-որ խոստում, այնուամենայնիվ, տվել է ՌԴ-ին:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. ինչպես երեկ տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ արեւմտամետ շրջանակներում (ասում են` ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի 50-ամյակի խնջույքին, որտեղ նա եղել է թամադա) հայտարարել է, թե իշխանությունները մտադիր են նոյեմբերին չնախաստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Թե արդյոք իշխանություններն այդքան կամք կունենան հակառակվել գերտերություններից որեւէ մեկին, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը, հարցին, թե իշխանություններին ինչպես է հաջողվելու իրագործել «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքը, եթե կողմերը, այնուամենայնիվ, պահանջում են «կա՛մ-կա՛մ», խորհուրդ տվեց չմեջբերել այլ երկրների պաշտոնյաների հայտարարությունները: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանը հայտարարել է «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքի մասին, ուրեմն դա հնարավոր է իրագործել: «Ինձ համար առաջնային են իմ երկրի արտաքին քաղաքականությունը վարողների ու պատասխանատուների խոսքերը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է չնախաստորագրելուն, ապա, Սահակյանի խոսքերով, առ այսօր չկա որեւէ նախադրյալ, որը թույլ կտա ետ կանգնել այդ քայլից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս