ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵՑ
ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե Երեւանի Փակ շուկան, հակառակ գործադրված ջանքերին, աղճատված է: Սակայն նա չի ցանկացել մանրամասնել, թե անձամբ ինքն ինչ ջանքեր է գործադրել հուշարձանը պահպանելու համար:

ԽԱԽՏՎԵԼ Է
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը շահել է ոստիկանության դեմ ներկայացրած հայցադիմումը: Բանն այն է, որ 2011թ. սեպտեմբերի 21-ին Երեւանում Բարսեղյանը միացել է ինքնաբուխ կազմակերպված ակցիային` բողոքելով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված շքերթին օտարերկրյա զորքերի ու դրոշների առկայության դեմ: Բողոքի ակցիայի ժամանակ Սարյանի պուրակում Լ. Բարսեղյանին ու Առնո Կարին ոստիկանները բռնությամբ տարել էին բաժանմունք, 3 ժամ ապօրինաբար պահել ու շքերթի ավարտվելուց հետո նոր միայն բաց թողել: 1,5 տարի տեւած դատավարությունն ավարտվել է դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունը խախտել է Բարսեղյանի խոսքի ազատության, տեղաշարժման ազատության եւ հավաքների ազատության իրավունքը: «Փաստը ճանաչել եւ փոխհատուցել պետական տուրքի գումարը: Միլիցեքն ինձ 8 հազար դրամ պարտք են հիմա»,-«Առավոտ»-ին ասել է նա:

ՆՈՒՅՆԸ
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե հաշվի առնելով ԱՄՆ զինուժի կողմից Սիրիային հարվածներ հասցնելու մեծ հավանականությունը, ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու տեղի հայ համայնքին օգնություն ցուցաբերելու համար, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասել է, թե դեռեւս մեկ տարի առաջ Հայաստանի ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է, եւ այն անփոփոխ է: Մասնավորապես, փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանն այդ կապակցությամբ մեկ տարի առաջ ասել էր, թե ՀՀ-ն հետեւում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով, իսկ գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության ապահովմանը: Նկատենք, որ այս ընթացքում սիրիական խնդրում բավական շատ զարգացումներ են եղել, իսկ ԱԳՆ դիրքորոշումն այդպես էլ չի փոխվել:

ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Այս մասին նշված է ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրությունում: Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:




Լրահոս