Եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»-ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն. Ա. Բեգլարյանը` Մանվել Գրիգորյանի մամուլի խոսնակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը համացանցի իր էջում անդրադարձել է ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի` իրեն ուղղված մեղադրանքներին: Գրառման մեջ ասվում է` «ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին էլ խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի: Նախ՝ Վարդան Վարդանյանը, կարծես թե, լավ չի ծանոթացել «Սպուտնիկ Արմենիա»-ի շեղումներով տեքստին, որտեղ պայմանական միտք եմ արտահայտում: Երկրորդ՝ տվյալ հրապարակմանն արձագանքելուց առաջ լավ կլիներ ինձնից ճշտեր, թե որքանով ճշգրիտ է նյութում ներկայացված իմ խոսքը: Երրորդ՝ ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում. եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»-ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն: «Ա՛յ տղա»-ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում»:

Նշենք, որ Արտակ Բեգլարյանի նշված գրառումը կապված է այսօր ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի` իր մասին արված հայտարարության հետ: Վարդանյանը, մասնավորապես, սուր քննադատության էր արժանացրել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հայտարարությունը, ով դատապարտել էր առհասարակ նման երևույթները՝ նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է կոռեկտ պահել իրեն:  «Մտահոգիչ է այն, որ Արցախի վարչապետի մարդն ասում է` տեղյակ չեմ, բայց դատապարտում է: Դու` վարչապետի մամուլի քարտուղար, որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա’յ տղա»,- նշել էր նա:

Հավելենք, որ օրերս լրատվամիջոցներում տեսանյութ էր հայտնվել, որում Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը պատմում է, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ-ում, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ: Բադասյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը՝ տեսնելով, որ դիրքեր բարձրացող տղաների ավտոմեքենաները նեղացրել են իր ճանապարհը՝ հարձակվել է նրանց վրա եւ հայհոյել:

Սույնի հետ կապված Արտակ Բեգլարյանն ասել է, որ եթե այդպիսի միջադեպ իրոք եղել է ներկայացվող մանրամասներով, ապա այն դատապարտելի է՝ անկախ, թե ում կողմից է կատարվել: Բեգլարյանի խոսքը, սակայն, միանգամայն այլ կերպ է ներկայացվել:




Լրահոս