Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 18-ին հանդիպեց Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և իրանական պատվիրակության հետ:

Նախարարը ողջունելով իրանական պատվիրակությանը` նախ խոսեց հայ-իրանական բարեկամության մասին, ապա անդրադարձավ հայկական կողմից առաջարկվող փոխշահավետ համագործակցության ծրագրին:
Համագործակցության ծրագրի մասին մանրամասնեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, մասնավորապես նշելով, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը նախատեսում է կապել Հայաստանի հարավային սահմանը` Ագարակի անցումային կետը, Վրաստանի Բավրա անցումային կետի հետ:

Ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որ բեռնափոխադրումները արևելյան և հարավային երկրներից դեպի հյուսիսային և արևմտյան` եվրոպական երկրներ, ավելի դյուրին և մատչելի տարբերակով իրականացվեն:
Իրանական կողմին հետաքրքրեց «Հյուսիս հարավ» ծրագրի շրջանակներում համագործակցելու հայկական կողմի առաջարկը։ Ի պատասխան՝ Իրանի միջազգային խորհրդատուների և կապալառուների ասոցիացիայի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարին, ով Իրանում կամրջաշինությամբ և թունելաշինությամբ զբաղվող «Կեյսոն» փորձառու ընկերության նախագահն է, շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և ասաց, որ ծրագրի վերաբերյալ առաջիկայում իրենց առաջարկությունները կներկայացնեն:
Իրանական պատվիրակության կողմից առաջարկ եղավ ճանապարհաշինության ոլորտի հայ-իրանական համատեղ կազմակերպություն ստեղծելու մասին, ինչը շահավետ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունեց առաջարկը և նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։
Հանդիպման ավարտին Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին բարձր գնահատեց հանդիպման գործնական բնույթը և շնորհակալություն հայտնեց նախարարին օպերատիվ արձագանքման համար։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս