ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԿԱՅՔԻ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 6-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շորթման կասկածանքով երկամսյա կալանքի որոշում կայացրեց analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանի նկատմամբ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը եւ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք են տվել:

9 օր անց փոշմանեց
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենն իր ընտանիքի կամ իր մասին վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այս ամենի արդյունքում կալանավորվեցին կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը: Մեկ շաբաթից ավել ե՛ւ պատգամավորը, ե՛ւ Անի Հովհաննիսյանը հրաժարվում էին ցուցմունք տալ: Ավելին՝ մայիսի 4-ին պատգամավորի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ հայտարարելով. «Գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, եւ հուսալով, որ նա կարող է երբեւէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, պատգամավորը չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելեւս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք, Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»: Սակայն այս հայտարարությունից 9 օր անց Ուրիխանյանը փոշմանեց եւ մայիսի 13-ին հրապարակավ հայտարարեց, որ պատրաստվում է ցուցմունք տալ ՀՔԾ-ում, քանի ձեռք է բերել բավարար ապացույցներ, որ հիշյալ գործին առնչվում են կոնկրետ բարձրաստիճան պատվիրատուներ եւ հովանավորներ:

Ինչ է ասել Անին
Եվ այսպես՝ հատուկ քննչական ծառայությունում ի՞նչ ցուցմունք է տվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս ասել է, որ Տիգրան Ուրիխանյանից շորթում չի եղել: Այլ ինքը եւ պատգամավորը կոնկրետ համագործակցել են՝ ունենալով այդ մասին նախնական պայմանավորվածություն:
Հիշեցնենք, որ պատգամավոր Ուրիխանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե կան պատվիրատուներ, որոնք դրդել են իրենց. «Ուզում եմ հուսալ, որ քննության արդյունքում կբացահայտվեն նրանք, ովքեր դրդել են այդ կանանց: Կարծում եմ՝ կքանդվի լուրջ կծիկ: Կարծում եմ՝ վտանգի սլաքն արդեն ուղղված է իշխանության շրջանակներում ծվարած որոշ մակաբույծների ուղղությամբ, որոնք իրենց հսկողության տակ գտնվող բարոյականությունից զուրկ որոշ կայքերի շրջանակներում փորձում են հանրության մեջ քարոզչություն իրականացնել»: Անդրադառնալով պատգամավորի արած այս հրապարակումներին՝ Անի Հովհաննիսյանն իրավապահներին հայտնել է, որ որեւէ պաշտոնյայի, կամ այսպես ասած՝ պատվիրատուի մասին չգիտի, քանի որ այն, ինչ ասում են, սուտ է:
Ասել է, թե կայքի տնօրենը իրավապահներին վստահեցրել է, որ իրականում որեւէ մեկը չի դրդել իրեն կամ չի պատվիրել, որ Ուրիխանյանի դեմ որեւէ բան հրապարակի, իսկ գումարը, որը վերցրել է նրանից, ընդամենը եղել է համագործակցության շրջանակներում պայմանավորված փոխհատուցում:

Պատգամավորը
չի ցանկանում
Իսկ ինչ է հայտնել իշխանության շրջանակներում առկա մակաբույծ պատվիրատուների մասին բավարար ու համոզիչ ապացույցներ ձեռք բերած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ իրավապահներին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Տիգրան Ուրիխանյանը քննիչներին կրկնել է ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդումը այն մասն, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր չհրապարակելու համար պահանջել է 300.000-ական դրամ, որը պետք է յուրաքանչյուր ամսվա 5-ին վճարվի կա՛մ կայքի տնօրենին, կա՛մ նրա օգնականին:
Մեզ հասած տեղեկություններով` Տիգրան Ուրիխանյանը նաեւ քննիչներին բանավոր ներկայացրել է մի քանի կայքերի անուններ, որոնք analitik.am-ի հետ համագործակցել են, կամ այսպես ասած՝ մեկը մյուսի նյութերը «պաս տվել»՝ ղեկավարվելով մի կենտրոնից: Իրավապահներից մեզ փոխանցված լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ պատգամավորը իրավապահներին չի կարողացել ներկայացնել որեւէ հիմնավորում կամ փաստ, որի հիման վրա իրավապահները կարողանան բացահայտել, թե ով է Անի Հովհաննիսյանին պատվեր տվել: Նա տվել է մի քանի փաստերի համադրություն եւ եզրակացրել, որ X կամ Y կայքերը գտնվում են Z գերատեսչության կամ անձի հովանավորության տակ եւ թիրախավորված գործունեություն են ծավալում: Բայց եթե նա այդ կայքերից յուրաքանչյուրի դեմ տա այնպիսի հաղորդում, ինչպիսին եղավ analitik.am-ի պարագայում, բոլորին էլ կկալանավորեն:

Առերեսում կլինի
Եվ այսպես՝ արդեն փաստ է, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ցուցմունքները տվեցին, եւ իրավական հաջորդ քայլը, որ պետք է տեղի ունենա, պատգամավորի եւ կայքի տնօրենի առերեսումն է: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ պատգամավորը բանավոր հայտնել է, որ չի ցանկանում առերեսվել Անի Հովհաննիսյանի հետ, սակայն առերեսումն անխուսափելի կլինի:
Ու մինչ ՀՔԾ-ում պատրաստվում են պատգամավորի եւ կայքի տնօրենի առերեսմանը, տեղեկացնենք, որ Անի Հովհաննիսյանը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի՝ իրեն երկամսյա կալանքի տակ են պահում, սակայն ՀՀ վերաքննիչը մերժեց Անի Հովհաննիսյանի բողոքը, ինչը նշանակում է, որ նա կշարունակի մնալ կալանքի տակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՔՆՆՉԱԿԱՆԻ ՊԵՏԸ
Դեռեւս 2015 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հայկ Ավագյանը: Սակայն նրա նշանակումը կարճ տեւեց, եւ հատուկ քննչական ծառայությունը կալանավորեց Ավագյանին: Բանն այն է, որ «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնում վիճաբանություն էր տեղի ունեցել: Գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը վիճաբանել էին գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել էր նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել էր բժշկի դեմքին: ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ ահա ավելի ուշ Կենտրոն, եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից գործը ուղարկվել էր ՀՔԾ, որպեսզի պարզվեր, թե արդյո՞ք գործը քննվել է օբյեկտիվ:
Արդյունքում պարզվել էր, որ Հայկ Ավագյանը այս գործը կոծկել է: Տեղեկացել էինք, որ նա իր մտերիմ անձին խոստացել է դեպքի հանգամանքների խեղաթյուրման եղանակով այն ներկայացնել չնչին միջադեպ եւ արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը: Եվ, ահա, այս արարքի համար Հայկ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 332-րդ հոդվածի 3-րդ մասով: 2015 թվականի նոյեմբերի 10-ին հարուցված քրեական գործը ուղարկվել էր առաջին ատյանի դատարան: Արդյունքում՝ 2016 թվականի մարտի 3-ին առաջին ատյանի դատարանը Հայկ Ավագյանին ազատազրկման դատապարտեց 2 տարի ժամկետով: Սակայն ինչպես նկատում ենք՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը չի հաշտվում իրականության հետ եւ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ գործով քննությունը շարունակվում է:

 

 

ՓԱԽՈՒՍՏ ԴԱՏԱՐԱՆԻՑ
«Ժողովուրդ»-ը 2015 թվականին անդրադարձել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից մի շարք քաղաքացիների գույքը հափշտակելու դեպքին: Սակայն նկատենք, որ բացի խարդախության գործից՝ Ս. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ, որ նա 2016թ. ապրիլի 5-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստ է կատարել: Այս գործը մայիսի 11-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ Սպարտակ Դանիելյանի հայրը՝ Արսեն Դանիելյանը, աշխատում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում որպես տեսչական հսկողության բաժնի պետ:

 

 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
«Եթե հարավային ուղղությամբ՝ Լելե թեփեում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչեւ 2 կիլոմետր երկարություն եւ 500 մետրից մինչեւ 1 կիլոմետր խորություն, ապա Թալիշում ե՛ւ դիրքային, ե՛ւ տարածքային կորուստները ավելի մեծ են: Այսօրվա դրությամբ Արցախյան բանակը Թալիշի հատվածում ունի 14 կորցված դիրք, իսկ տարածքային առումով՝ ադրբեջանական կողմի գրաված դիրքերի երկարությունը շուրջ 4-5 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ, ինչպես եւ Լելե թեփեում, ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ»: Այս մասին գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին աշխատում էր առաջնագծում:

 

 

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ
Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Այդուհանդերձ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:




Լրահոս