ՔՆՆԻՉԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴՈՒՆ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի 21-ամյա որդուն՝ Գուրգեն Արսենյանին, երկու ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ըստ պաշտոնական տեղեկության՝ 21-ամյա Գուրգենը կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ, ինչի համար նրան ծանր մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):

Իսկ ինչ է տեղի ունեցել: Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. ապրիլի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են Գուրգեն Գրիգորյանը, Արմեն Ներսիսյանը, Գուրգեն Արսենյանը, Ռաֆիկ Թումանյանն ու Վարդան Վարդանյանը: Նրանցից մեկը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է: Ըստ նույն աղբյուրի՝ նշված 5 անձինք, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե տեւողությամբ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով` քարերով եւ փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Ժողովուրդ»-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց՝ կողմերից որեւէ մեկը որեւէ մեկի դեմ բողոք չի ներկայացրել, գործում անգամ տուժող չկա: Ասել է, թե փորձ է արվել կռվի հետեւանքները ներողության մակարդակում «փակել» եւ ավարտել:
Սակայն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը Ռաֆիկ Թումանյանի ու Վարդան Վարդանյանի նկատմամբ առաջադրել է դարձյալ ծանր մեղադրանք ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան ապրիլի 29-ին ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ, սակայն հսկող դատախազի կողմից միջնորդությունը հետ է վերցվել, եւ մայիսի 2-ին նրանք ազատ են արձակվել: 2 մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ահա այստեղ է ողջ պատմությունը: Ստացվում է, որ քննիչները «մի կաթիլ մեղրի» պատմությունը հիշեցնող տեսարանի առիթով ծանրագույն մեղադրանքներ են առաջադրել վիճաբանող կողմերին, բայց միաժամանակ կողմնապահություն են արել: Ու հենց այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացվել է, անմիջապես նոր ցուցումներ է տվել: Ըստ այդմ, ապրիլի 27-ին նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Գուրգեն Գրիգորյանին ձերբակալելու մասին, սակայն ցուցումը չի կատարվել, Գրիգորյանը չի ներկայացել: Նույնը եղել է նաեւ գործով մյուս անձանց՝ Արմեն Ներսիսյանի եւ Գուրգեն Արսենյանի դեպքում:
Ինչպես արդեն հրապարակվել է՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին, ենթադրվում է նաեւ՝ նրա երկու ընկերները եւս, իրավապահներին ներկայանալու ծանուցում չեն ստացել, հետեւաբար, չեն ներկայացել՝ կարծելով, որ իրենց արած կռվի թեման փակ է:
Եւ, ինչպես պատգամավորի գրասենյակը պարզաբանեց «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, երբեւէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից, պարզապես վերջինս գտնվել է արտերկրում, ինչի մասին զանգահարել եւ ֆաքսի միջոցով տեղեկացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաեւ հստակ տեղեկություն է տվել, որ սույն թվականի մայիսի 11-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել: 2016թ.-ի մայիսի 11-ին` ժամը 16:10-ի սահմաններում, Գուրգեն Գուրգենի Արսենյանը հատել է Վրաստան-Հայաստան սահմանը եւ «Բագրատաշեն» սահմանային անցակետում ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին»:
Սակայն ՀՀ քննչական կոմիտեից պնդում են, որ «2016թ. մայիսի 11-ին` ժամը 16:10-ին, Գ. Արսենյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»:
Ահա այսպես՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական կոմիտեի միջեւ առկա միջգերատեսչական լարվածության արդյունքում իսկական մի շիլաշփոթ է ստեղծվել, եւ գործը գլխիվայր շուռ եկել: Քննիչների ու դատախազի կռվի արդյունքում պատգամավորի որդին կալանավորված է, նրա ընկերները հետախուզման մեջ են, իսկ հակամարտող մյուս կողմը, որտեղ նաեւ ՊՆ աշխատակից կա, արդեն ազատության մեջ է:
«Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ վարույթն իրականացնող քննիչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք պահանջներ է խախտել, որի հետեւանքով դատախազը մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Ասատրյանին հեռացրել է նշված գործով քրեական դատավարությանը մասնակցելուց:
Հավանաբար, կբարձրացվի նաեւ քննիչին պատժելու հարցը, քանի որ նրա գործունեության կամ անգործության շնորհիվ է, որ երիտասարդներից մեկը հայտնվեց ճաղերի հետեւում, իսկ մյուս երկուսն էլ հետախուզվում են եւ հայտնաբերվելուց հետո դարձյալ կկալանավորվեն: Իսկ եթե ի սկզբանե այս գործը օբյեկտիվ քննվեր, դժվար թե խուլիգանության ծանր մեղադրանք առաջադրվեր կողմերին, եւ բանը հասներ կալանքին: Ի վերջո, այդպիսի խուլիգանական դրսեւորումներ օրումեջ մայրաքաղաքում տեղի են ունենում, բայց ոչ բոլոր դեպքերում է պատմությունն ավարտվում ծանրագույն մեղադրանքներով ու կալանավորմամբ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹԱՆԿ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ապրիլին մայրաքաղաք Երեւանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները ավելի թանկ գնով են վաճառվել, քան ՀՀ մյուս քաղաքներում: Նշենք, որ ապրանքատեսակների գները հսկայական տարբերություն ունեն:
Օրինակ՝ բրինձը ամենաթանկ գնով վաճառվել է մայրաքաղաք Երեւանում՝ 1 կգ-ն 950 դրամով: Իսկ Եղեգնաձորում այն վաճառվել է 650 դրամով: Կապանում 1 կգ բրինձը վաճառվել է 840 դրամով, իսկ Արտաշատում՝ 790-ով:
Այս տարվա ապրիլին բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ը երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվել է 450 դրամով, իսկ Գյումրիում՝ 310-ով, Էջմիածնում՝ 280-ով, Արտաշատում՝ 380-ով: Պարզվում է, որ մայրաքաղաք Երեւանում առաջին անհրաժեշտության ապրանքները բավականին թանկ գնով են վաճառվել ապրիլին, քան ՀՀ մյուս քաղաքներում: Մեկ կգ ձավարը Երեւանում վաճառվել է 690 դրամով, Էջմիածնում՝ 410-ով, Գավառում՝ 390-ով, Կապանում՝ 580-ով, Արտաշատում՝ 450-ով: Իսկ, ահա, բարձր տեսակի 1 կգ հացը Երեւանում վաճառվել է 510 դրամով, Իջեւանում՝ 410-ով: Ստացվում է, որ հացը Երեւանում 100 դրամով թանկ է վաճառվել, քան Իջեւանում: Նույն իրավիճակն է լավաշի դեպքում. այն բացի Երեւանից՝ Վանաձորում նույնպես թանկ գնով է վաճառվել: Երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում 1 կգ լավաշը վաճառվել է 760-ով, իսկ Վանաձորում՝ 800-ով, Հրազդանում՝ 610-ով:
Մեկ կգ տավարի միսը Աշտարակում վաճառվել է 2500 դրամով, Գյումրիում՝ 2320-ով, Հրազդանում՝ 2310-ով, Գավառում՝ 2280-ով եւ այլն: Իսկ խոզի 1 կգ-ն Աշտարակում եւ Գավառում վաճառվել է 2810 դրամով: Վանաձորում այն եղել է 2460 դրամ: Նշենք, որ ոչխարի 1 կգ-ն Հրազդանում վաճառվել է 3170 դրամով, Էջմիածնում՝ 3000-ով, իսկ Երեւանում՝ 3020-ով: Ոչխարի մսի 1 կգ-ն ամենացածր գինն ունեցել է Վանաձորում՝ 2320 դրամ: Համաձայնեք, որ տարբերությունը բավականին մեծ է: Օրինակ՝ հավի բդի մեկ կիլոգրամը Երեւանում վաճառվել է 1140 դրամով, իսկ Էջմիածնում՝ 760-ով, այսինքն՝ 360 դրամով թանկ:
Աշտարակում մեկ կգ բաստուրման 9610 դրամով է վաճառվել, իսկ Իջեւանում՝ 7060-ով, այսինքն՝ 2550 դրամով թանկ: Ի դեպ, Եղեգնաձորում այն վաճառվել է 6060 դրամով: Ուշագրավ է նաեւ այն, որ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ը ՀՀ տարբեր քաղաքներում տարբեր գին է ունեցել. մայրաքաղաքում այն վաճառվել է 1790 դրամով, Իջեւանում՝ 2000, Կապանում՝ 2380, Արտաշատում՝ 1710 դրամ: Կարագի գներում նույնպես հսկայական տարբերություն կա. Երեւանում մեկ կգ կարագը վաճառվել է 3960 դրամով, Վանաձորում՝ 2800-ով, Արտաշատում՝ 2790-ով, Աշտարակում՝ 2670-ով: Ստացվում է, որ մեկ կգ կարագի գինը Երեւանում ավելի քան 1000 դրամով թանկ է, քան մյուս քաղաքներում: Չնայած որ քաղաքների մի մասը Երեւանին է մոտ գտնվում: Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը աչք է փակում ՀՀ քաղաքներում առկա գնային տարբերությունների վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
«ՄՈՌԱՑԵԼ» ԵՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻՆ

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակիչ,1969թ. ծնված Վիգեն Մատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Լուսաձոր գյուղի հարակից տարածքում, իրեն պատկանող ցորենի արտում բռնկված հրդեհի ժամանակ, գտնվելով հոգեկան լարված վիճակում, նկատել է հրդեհի վայրից հեռացող եւ օգնություն ցուցաբերելուց խուսափող Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Անդրանիկ Մելիքսեթյանին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավարությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս:

Լուսաձոր համայնքի ավագանու անդամ Վ. Մատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկինում չդատված Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջության այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածով բնութագրվող արարքի համար նախատեսված է 50-150 հազար դրամ տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք: Այս քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Նշված պատմության հետ կապված հետաքրքիր մանրամասներ կան: 2015 թ. օգոստոսի 1-ին Լուսաձորում ցորենի արտի հրդեհը հանգցնելու համար Տավուշի մարզկենտրոն Իջեւանից ժամանել է հրշեջների խումբ: Այդ խումբը ցանկացել է մարել գյուղի այլ հատվածում բռնկված հրդեհը, ինչը Վիգեն Մատինյանին դուր չի եկել: Վեճ է բռնկվել, որի ընթացքում Վ. Մատինյանն ապտակել է Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մելիքսեթյանին: Մեր տեղեկություններով՝ վերջինս տեղում հավաքված բազմաթիվ լուսաձորցիների ներկայությամբ ասել է, որ Վիգեն Մատինյանի հարվածից վնասվել է իր ականջի թաղանթը: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (2015թ. այդ նախարարությունները մեկ կառույց էին) ինտերնետային կայքում ոչ մի տեղեկություն չհաղորդվեց արտակարգ այդ դեպքի, փոխգնդապետին հարվածելու մասին: Հիմա էլ դատարան ուղարկված քրեական գործում Անդրանիկ Մելիքսեթյանը ներկայացված է ոչ թե որպես Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ, այլ պարզապես Գանձաքար գյուղի բնակիչ: Թե ինչո՞ւ, դժվար չէ կռահել: Պաշտոնատար անձին իր պարտականությունները կատարելիս խոչընդոտելու, նրան հարվածելու համար քրեական օրենսգրքի այլ, ավելի ծանր հոդվածով է պատիժ նախատեսվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս