ՆԱՄԱԿ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությունը կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար սկսելու մասին արդարացիորեն շարժեց հասարակության ակտիվ հատվածի տարակուսանքը: Հարց առաջացավ, թե ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարությունը այս տարիների ընթացքում, եթե ոչ կոռուպցիայի դեմ պայքարով: Ավելի հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանը խնդրում էր կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների շուրջ էլեկտրոնային նամակներ ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստին: Հուսանք՝ Դ. Հարությունյանի աչքից չի վրիպի մեր այս հրապարակումը, եւ այն կհամարի իր էլ. փոստին ուղարկված «անհամար» նամակներից մեկը:

Մեզանում ընդունված է կարծել, թե իբր կոռուպցիան պարզ կաշառակերությունն է: Այս մտայնությունը սխալ է: Կոռուպցիան լատիներեն բառ է, որ թարգմանաբար նշանակում է քայքայում, այլասերում, փչացում: Բառը գերազանցապես բնորոշում էր բարքերի վատացումն ու մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկումը: Օքսֆորդի բառարանը «կոռուպցիա» բառը բացատրում է այսպես. «Պետական պարտականությունների կատարման ժամանակ կաշառքի ու հովանավորչության միջոցով ամբողջական ազնվության խեղաթյուրում եւ քայքայում»: Transparency International-ն էլ կոռուպցիան որակում է իբրեւ վստահված իշխանության չարաշահում՝ անձնական շահ ստանալու նպատակով: Նկատենք, որ կոռուպցիան ունի բազմաթիվ դրսեւորումներ, ինչպես օրինակ՝ կաշառատվություն, յուրացում եւ հափշտակություն, հովանավորչություն եւ շորթում, կլիենտիզմ ու թողտվություն, պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ պետական կեղծիք: Ինչպես տեսնում ենք՝ այս ամենը գոյություն ունի մեր երկրում, ինչն էլ նշանակում է, որ կոռուպցիան քաղցկեղի պես կլանում է պետական ամբողջ համակարգը՝ բոլորատեսակ բացասական հատկանիշները դարձնելով գերակա: Բայց հնարավոր է արդյոք, որ հանրապետությունը թաթախված լինի նման անիրավությամբ, իսկ իշխանության ամենաբարձր օղակները դրանից անմասն մնան:
Նախ եւ առաջ հիշենք, որ 2006թ. տեղեկատվություն էր տարածվել, թե իբր համաշխարհային ճանաչում ունեցող «Ֆորբս» պարբերականը ներկայացրել էր Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակը, որոնց շարքում հեղինակավոր ամսագիրը ներառել էր այն ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, Պնախարար Սերժ Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի անունները: Հետաքրքիր է, որ 10 հոգանոց ցուցակում 6 հարուստները պետական պաշտոնյաներ էին: Թեեւ արդյունքում պարզվեց, որ դա իսկական «Ֆորբսը» չէր, վերոհիշյալ գործիչների անունները այդպես էլ չդադարեցին շրջանառվել հայաստանյան մեծահարուստների շարքում: Արդեն 2010թ. ռուսական մամուլը հանդես եկավ ցնցող բացահայտումներով: «Վերսիա» լրատվական աղբյուրն ընդարձակ հոդվածով բացահայտել էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ունեցվածքը՝ հականե-հավանե հիշատակելով այն օբյեկտներն ու բիզնեսները, որոնք շահույթ էին բերում Քոչարյանին ու Սարգսյանին: Այնուհետեւ «Վեկ» լրատվականը հիշատակում էր ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԵՏՄ գործադիր խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին, այնժամ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, ՀՀ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին եւ այլոց: Նույնպիսի մի հրապարկում էլ ունեցավ The Moscow Post-ը՝ հիշատակելով տրանսպորտի ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանին, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ այլն:
Դրանից էլ առաջ՝ 2009թ., ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը ԱՄՆ Պետական դեպարտամենտին ուղարկած մի զեկուցագրում պատմում էր, թե Հայաստանում տնտեսական ոլորտը ինչպիսի կոռուպցիոն կարգավորումների է ենթարկվում, եւ ովքեր են ստեղծված արատավոր համակարգի շահառուները: Հարգարժան դիվանագետը իր հաշվետվության մեջ շեշտել էր, որ Հայաստանում գոյություն ունեն տնտեսական երկու «կայսրություններ»՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, իսկ երրորդ բեւեռը, որ հավակնում էր առանձնանալ այդ երկուսից, ըստ դեսպանի, ղեկավարվում էր Հովիկ Աբրահամյանի կողմից: Փաստաթղթի ավարտին Յովանովիչն արձանագրում էր. «Թեպետ իրականում անորոշ է, թե կոնկրետ որքան եկամուտներ են նրանք ստանում եւ բաժանում իրար միջեւ, այդուհանդերձ, հստակ է, որ դրանց շարքում են հարկային եկամուտները, կաշառքները եւ անօրինական այլ ֆինանսական մուտքերը»: Կասկած չկա, որ ԱՄՆ-ի պես հզոր գերտերության դեսպանը չէր կարող մանր բամբասանքների հիման վրա նման հաղորդում ուղարկել իր կառավարությանը: Դա հաստատապես բացառված է, ուստի Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցչի այս զեկուցագիրը պիտի հիմք հանդիսանար Հայաստանի իրավապահ մարմինների համար բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացվածության հանգամանքները պարզելու համար կա՛մ հերքելով, կա՛մ հաստատելով:
Սակայն նկատի ունենալով կառավարման համակարգի գերկենտրոնացվածությունն ու բրգաձեւությունը, երբ բոլորը ենթակա են մեկի կամքին, չի կարելի զարմանալ իրավապահների նմանօրինակ անտարբերության փաստից: Եվ, ահա, հիմա էլ Հովիկ Աբրահամյանն է պատրաստվում պայքարել այն նույն կոռուպցիայի դեմ, որին մաս է կազմում ինքը՝ ըստ ռուսական մամուլի եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանի: Ինչպես Աբրահամյանի ստեղծած հակակոռուպցիոն խորհուրդը տապալվեց, այնպես էլ այս նախաձեռնությունն է ձախողվելու զուտ բնության օրենքով՝ չի կարող հանցագործը պայքարել իր իսկ գործած հանցագործության դեմ:
Բայց մի նկատառում, այնուամենայնիվ, կարելի է անել՝ հաշվի առնելով մարդու՝ դեպի լավը փոխվելու իդեալիստական հայացքը: Կոռուպցիայի հաղթահարումը բացառապես օրենքի հավասար ու անխափան կիրառումն է: Այն պահից, երբ Հայաստանում օրենքը կլինի գերակա՝ վեր բոլորից եւ ամեն ինչից, երկրում կոռուպցիան հաղթահարելու իրական հիմքեր կստեղծվեն: Քանի դեռ մեր երկրում կան արտոնյալներ, քանի դեռ «փոքր երկրում մեկից ավելի շաքարավազ ներկրողներ» չեն կարող լինել, կոռուպցիան քայքայել ու շարունակելու է ոչնչացնել պետականության հիմքերը: Սա քաղաքագիտական աքսիոմա է, որի համար ոչ մեխանիզմ է պետք հորինել, ոչ էլ շաբաթներով քննարկումներ անել:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
14.6 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎԱՐԿ՝ ԳՅՈՒՄՐԻԻՆ

Մայիսի 11-ին ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով ծրագրվում է ՀՀ-ին տրամադրել 14.6 մլն եվրո գումարի չափով վարկ:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Գյումրիի ճանապարհների հիմնանորոգման եւ քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ: Այդ թվում` կնորոգվեն մայթերը, կկառուցվեն հետիոտնային նոր տարածքներ եւ Գյումրիի համար կմշակվի ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարություն: Վարկը տրամադրվում է 15 տարով, որից արտոնյալ ժամկետը 3 տարի է: Իսկ ժամկետանց վճարումների վրա հաշվարկվում է տույժ` վարկի տոկոսադրույք + 2 տոկոս, նախատեսված է պարտավորության վճար՝ 0.5 տոկոս, որը հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ: Վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականությունը կիսամյակային է, յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին եւ հոկտեմբերի 16-ին մայր գումարի մարման եղանակը նախատեսված է հավասարաչափ կիսամյակային վճարումներով` կապակցված վարկի ողջ գումարի հետ: Եւ այս վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը այսօր կներկայացվի կառավարության նիստին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎՏԱՐԵԼ  «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒՆ»
2015թ. օգոստոսի 4-ին «Խոր արմատ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Կողբ գյուղում գտնվող հողամասից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին վտարելու պահանջով: Դատարանը հայցը վարույթ է ընդունել, կայացել է նախնական դատական նիստ: 2015թ. սեպտեմբերի 15-ին «Հայջրմուղկողուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ պատճառաբանելով, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն գրանցված է Երեւան քաղաքում, իսկ Տավուշի մարզի տարածքը սպասարկող մասնաճյուղը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, միջնորդել է գործն ուղարկել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Խոր արմատ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը չի առարկել այդ միջնորդության դեմ: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը (այժմ նա որպես դատավոր պաշտոնավարում է Կոտայքի մարզում) որոշել է նշված քաղաքացիական գործը հանձել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: Այստեղ էլ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ ընթանում է քաղաքացիական գործի քննությունը, հերթական նիստը նշանակված է մայիսի 23-ին: Հիշյալ գործի հետ կապված մի քանի նկատառում: Ինչո՞ւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Տավուշի մարզի ենթամասնաճյուղերը, որոնք սպասարկում են հանրապետության հյուսիս-արեւելյան տարածքների բնակչությանը, պետք է ղեկավարվեն Հայաստանի հարավում՝ Սիսիանում գտնվող մասնաճյուղի կողմից, որքա՞ն գումարներ են ծախսվում Նոյեմբերյանի, Իջեւանի, Բերդի եւ Դիլիջանի ենթամասնաճյուղերի աշխատակիցների Տավուշից Սիսիան գործուղումների նպատակով: Հավելենք, որ «Խոր արմատ» ՍՊԸ-ն գործում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում, զբաղվում է փայտի վերամշակմամբ, Կողբում արտադրամաս ունի: Դրա հարեւանությամբ է գտնվում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող Բերդավանի խորքային հորերից ջուր մղող, խմելու ջրի պոմպակայանը:

 

 

ԵՐԹՈՒՂԻՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Շուրջ մեկուկես տարի է, ինչ Երեւանից Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղի չի գործում: Ոչ մի ընկերություն հայտ չի ներկայացնում՝ այս ուղեգիծը սպասարկելու մրցույթին մասնակցելու համար: Պատճառն այն է, որ այդ երթուղում շատ են օրինական եւ անօրինական տաքսիները, եւ «գիծը» շահող ընկերությունը կարող է դրանց մրցակցությանը չդիմանալ: Մինչդեռ միկրոավտոբուսային երթուղու բացակայությունը խնդիրներ է ստեղծում ուղեւորների համար: Տաքսի մեքենաներով Երեւան հասնելու համար նոյեմբերյանցիները 3 հազար դրամ են վճարում, իսկ միկրոավտոբուսի ուղեվարձը 2 հազար դրամ էր: Ուղեւորները, զանգահարելով տաքսի ծառայություններ, չգիտեն, թե որ վարորդն է իրենց սպասարկելու: Նրանք 200 կմ ճանապարհն անցնելու համար իրենց կյանքը վստահում են անծանոթ վարորդների, որոնց մեջ նաեւ անփորձներ կան: Ստացվում է վիճակախաղի նման, եթե ուղեւորների բախտը բերի, անփորձանք կհասնեն Երեւան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս