Մեր արտաքին կռիվը վստահված է այսքան անօգնական, աշխարհի հզորների կողքին իր տեղը չգտնող «արտաքին ճակատի գեներալին». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ծավալուն ելույթով: Այդ մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում կա համապատասխան տեղեկատվություն, որից կարլեի է տպավորություն ստանալ, թե ՀՀ արտգործնախարարը ԵՄ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում շատ լուրջ եւ ներկայանալի է հանդես եկել: Ինքնին ելույթը, իհարկե, բավականին նորմալ եւ հավասարակշռված բովանդակություն ունի: Սակայն, ինչպես հայտնի է, նման գագաթնաժողովներում շատ կարեւոր են կուլիսային շփումները, այդ թվում եւ ընդմիջումների ժամանակ տեղի ունեցող խոսակցությունները: Եվ այս իմաստով հասկանալու համար, թե իրականում ԵՄ տիրույթում ինչպես են վերաբերվում այս կամ այն երկրի ներկայացուցչին, բավական է ծանոթանալ այդ կառույցի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութերին, որոնք ներկայացնում են հանդիպման ընդմիջման ընթացքում մասնակիցների շփումները կամ խմբակային լուսանկարի արարողությունը:

Եվ, ահա, այդ տեսանյութերից մեկում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այնպիսի նվաստացուցիչ միայնության մեջ է կանգնած՝ անտեսված մի կողմից ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների, մյուս կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից, որոնք երկուստեք մեջքով շրջված Նալբանդյանին՝ շատ աշխույժ զրուցում են այլ երկրների ներկայացուցիչների հետ: Ընդ որում, այդ տեսարանը ձգվում է բավական երկար, իսկ Նալբանդյանն էլ ոչինչ չի ձեռնարկում իր անօգնական հայացքը քողարկելու եւ մերժվածի ու անտեսվածի կեցվածքը փոխելու եւ ԵՄ անդամ որեւէ երկրի որեւէ ներկայացուցչի հետ գոնե ձեւական շփվելով՝ տեսախցիկների առջեւ նման տհաճ դիրքում հայտնվելուց խուսափելու համար:

Անշուշտ, սա կարելի է մանրուք համարել, եւ, իհարկե, չենք բացառում, որ դրանից առաջ կամ հետո Նալբանդյանը զրուցած լինի նույն Մոգերինիի կամ Յոհանես Հանի հետ: Խնդիրը, սակայն, այն է, որ դիվանագիտության մեջ մանրուքներ չեն լինում, եւ դիվանագիտությունը նախ եւ առաջ վարվելակերպի ոսկերչական ճշգրտություն ու նրբանկատություն է: Բոլորից անտեսված, հայկական դրոշի մոտ կանգնած Էդվարդ Նալբանդյանի տխուր միայնությունը, վստահաբար, չի վրիպի ինչպես մեզ ոչ բարեկամ երկրների պատվիրակությունների անդամների, այնպես էլ լրատվամիջոցների աչքից:

Մի քանի ամիս առաջ Նալբանդյանն անբարոյականություն որակեց դիվանագետներին քննադատելը՝ հայտարարելով, թե դիվանագետն էլ արտաքին ճակատի զինվորն է: Անկեղծ ասած, շատ տխուր է պատկերացնել, որ մեր արտաքին կռիվը վստահված է այսքան անօգնական, աշխարհի հզորների կողքին իր տեղը չգտնող «արտաքին ճակատի գեներալին»:




Լրահոս