ԵՐՐՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲԱՐԻՔ Է, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՉԱՐԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները շարունակում են լինել ոչ միայն այդ երկրի, այլեւ ողջ աշխարհի քաղաքական քննարկումների ամենակարեւոր առանցքներից մեկը: Թե՛ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը, թե՛ hանրապետական Դոնալդ Թրամփը չեն վայելում բոլոր կուսակցականների վստահությունը` ստիպելով ըմբոստներին ակտիվ քայլերի դիմել: ԱՄՆ պատմության մեջ խիստ հազվադեպ հանդիպող երեւույթներից մեկը` երրորդ կուսակցության մասնակցությունը նախագահական ընտրություններին, կարծես իրականություն է դառնում:

Առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը 1789թ. նախագահական ընտրությանն առաջադրվել էր իբրեւ անկախ թեկնածու` չպատկանելով որեւէ կուսակցության: Սակայն նրա կառավարման շրջանում էր, որ ԱՄՆ-ի քաղաքական բեմահարթակը սկսեց հստակորեն ուրվագծվել: Սկզբնական շրջանում գաղափարական հոսանքների, իսկ արդեն 19-րդ դարի սկզբներին հստակ ծրագրային ու կազմակերպչական շրջանակների մեջ գործող կուսակցությունների ձեւավորմամբ երկրում փաստացի հաստատվեց երկկուսակցական համակարգ: ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսից սկսած` իշխանությունը մե՛րթ անցնում էր պահպանողականներին, մե՛րթ ազատականներին: 1828թ. հիմնադրվեց Դեմոկրատական կուսակցությունը, իսկ 1854.թ-ին` Հանրապետականը, որից հետո ավանդաբար նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները ներակայացնում էին երկու կուսակցությունները: Թեպետ ընտրություններին կարող էին մասնակցել նաեւ այլ թեկնածուներ, սակայն բոլոր նահանգներում քվեարկվելու հնարավորություն ունենում էին միայն երկու կուսակցությունների ներկայացուցիչները` պայմանավորված ներքին ռեսուրսների հզորությամբ: Մյուս թեկնածուները կարող էին քվեարկվել առանձին մի քանի նահանգներում, սակայն հասկանալիորեն դա բավարար չէր նախագահ ընտրվելու համար:
Սակայն ինչպես ցանկացած պետությունում, ԱՄՆ-ում եւս օրինաչափությունների կողքին գոյություն ունեն կոնկրետ բացառություններ: ԱՄՆ-ի 240-ամյա պատմության մեջ տեղի են ունեցել ընդամենը երեք ընտրություններ, որոնց մասնակցել են 3 թեկնածուներ: «Երրորդ կուսակցություն» եզրույթը, ըստ այդմ, ոչ այնքան բնորոշում է կոնկրետ մի կուսակցություն, որքան երրորդ ուժեղ թեկնածուի առկայություն, որի շուրջ համախմբվում են ազդեցիկ մարդիկ եւ մարտահրավեր նետում հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներին: Իսկ, ահա, ընտրություններից հետո այդ «երրորդ կուսկացությունը» չի պահպանում ինստիտուտի կարգավիճակը այնպես, ինչպես ընդունված է Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությունների պարագայում: «Երրորդ կուսակցության» մասնակցությամբ առաջին ընտրությունն այս երկրում տեղի է ունեցել 1860թ.` չորս հիմնական թեկնածուների միջեւ: Այս ընտրություններում պառակտումը տեղի էր ունեցել Դեմոկրատական կուսակցության ճամբարում, ինչի շնորհիվ էլ Հանրապետական Աբրահամ Լինքոլնն ընտրվեց ԱՄՆ 16-րդ նախագահ: Դրան հակառակ` 1912թ. պառակտումն ուղեկցեց արդեն հանրապետականներին: Քաղաքականություն վերադարձած նախկին նախագահ Թ. Ռուզվելտը կիսեց իր կուսակցության ձայները` գրեթե ոչ մի շանս չթողնելով այդժամ դեռ գործող նախագահ Թաֆթի համար: Հանրապետականների պառակտման արդյունքում նախագահ դարձավ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Վուդրո Վիլսոնը: 1992թ. ընտրություններում նախագահ Ջ. Բուշի եւ Բ. Քլինթոնի կողքին երրորդ հորիզոնականում հանգրվանեց անկախ թեկնածու եւ գործարար Ռոսս Փերոթը: Վերջինիս հաջողությունը պայմանավորված էր գերազանցապես հանրապետական նախագահի գլխավորած կառավարության բացթողումների եւ դասական իմաստով քաղաքական գործիչների հանդեպ հասարակության անվստահությամբ: Այդ ընտրություններում, փաստորեն, երրորդ կուսակցությունը խանգարեց հանրապետական Բուշին` ճանապարհ հարթելով Քլինթոնի համար: Ի դեպ, վերջինիս կնոջն այսօր կարծես թե նույնպիսի հաջողություն է բաժին հասնելու:
Մերօրյա հանրապետականներն այդպես էլ չեն կարողանում հաշտվել գործարար Դոնալդ Թրամփի թեկնածության հետ: Անելանելիության զգացումը պահպանողականներին ստիպել է կրկին վերհիշել «երրորդ կուսակցության» խաղաքարտի մասին: Հանրապետական պահպանողականության հիմնասյուներից մեկը` Ուիլյամ Քրիսթոլը, երեկ հայտարարել է, որ հզոր թիմ եւ իրական հնարավորություններ ունեցող երրորդ անկախ թեկնածուն իրականություն կդառնա: Ակնհայտ է, որ այդպիսի քայլն առաջին հերթին հարվածելու է Թրամփին: Եթե պահպանողականները չքվեարկեն Թրամփի օգտին եւ ընտրեն երրորդ թեկնածուի, ապա առաջին տեղում կհանգրվանի Հիլարի Քլինթոնը` լիբերալների հսկայական բազայով: Ըստ այդմ, եթե դեմոկրատների ճամբարում միակ թեկնածուն լինի Քլինթոնը, որը պիտի մրցի երկու հանրապետականների հետ, պարզ է, որ հանրապետական էլեկտորատը կիսվելու է` առաջինը դարձնելով նախկին պետքարտուղարին: Թրամփը հեշտությամբ ընկալել է իր դեմ լարվող «դավադրությունը» եւ արդեն իսկ մի շարք հարվածներ հասցրել Քրիսթոլին: Ըստ գործարարի` Քրիսթոլը պարապ ձախողակ է, որին Հանրապետական կուսակցությունը տուրք տալու իրավունք չունի, եթե իսկապես ցանկանում է նոյեմբերին հաղթանակ տանել: Իրադարձությունների ընթացքը հուշում է, որ Թրամփի հետ ներդաշնակորեն ընտրությունների գնալը կարծես վեր է հանրապետական բոսերի ուժերից, ինչից շահելու է միմիայն Հիլարի Քլինթոնը ճիշտ այնպես, ինչպես նրա ամուսինը` 24 տարի առաջ:
Հայաստանյան նախագահական ընտրություններում երրորդ թեկնածուն, որպես կանոն, լինում է ընդդիմությունից: Գրեթե բոլոր նախագահական ընտրություններում երրորդ տեղում հանգրվանած թեկնածուները վերջնագծում համագործակցել են իշխանությունների հետ` ձայներ խլելով իշխանության ամենաիրական հակառակորդից: Հետաքրքիր է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանն էր 2008թ. ընտրություններից օրեր առաջ համոզված, որ ընդդիմության միավորում չի լինելու, այսինքն` երրորդը համարվող Արթուր Բաղդասարյանը չի միանալու Տեր-Պետրոսյանին: Նրա` «մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում» դիպուկ ձեւակերպումը թեւավոր խոսք դարձավ հայաստանյան քաղաքականությունը բնորոշելիս: Այսպիսով՝ եթե ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում երրորդ թեկնածուի առաջադրումը վնասել է իշխանության թեկնածուին` դառնալով առավել մեծ ճնշման ներքո գտնվող թեկնածուի` գործող նախագահի պարտության պատճառ, ապա Հայաստանում դրանից օգտվում է բացառապես իշխանությունը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
«ՏՈՆՈՒՍ»-Ը ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԳՈՒՅՔԸ

«Տոնուս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի` մայիսի 25-ին հայտարարված աճուրդը մասամբ չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով: Նշենք, որ այն կկայանա հունիսի 23-ին՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սնանկ ճանաչված «Տոնուս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը կանցկացվի բաց դասական եղանակով` 49 լոտով:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից աճուրդի են հանվել ընկերությանը պատկանող ստորգետնյա 9 ավտոտնակ, որոնց արժեքը սկսում է մոտ 1 մլն 200 հազար դրամից մինչեւ 7 մլն դրամ: Աճուրդի է հանվել նաեւ 2 տարածք, որոնց մեկնարկային գինը կազմում է ընդհանուրը մոտ 7 մլն դրամ: Վաճառվում է նաեւ 7 հատ հողամաս՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, մարդատար եւ շինարարական ավտոմեքենաներ, նաեւ՝ վերամբարձ կռունկ, խողովակներ: Ի դեպ, աճուրդի հանված գույքի թվում կա նաեւ 20 հատ էլեկտրոնային հաշվիչ: Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությունը պատկանում էր Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին, ով 2014 թվականի հունիսի 22-ին հանկարծամահ եղավ: Իսկ սնանկանալուց առաջ Դավիթաշեն թաղամասում եւ Փափազյան փողոցի հարեւանությամբ ընկերության կառուցած շենքերը գրավադրվել էին «Արցախբանկում»: Իրենց բնակարանները կորցնելու վտանգի առաջ հայտնված քաղաքացիները մինչ օրս սպասում են արդարադատության իրականացմանն ու իրենց իրավունքների վերականգնմանը: Չէ որ «Տոնուս»-ը դեռեւս 2006 թվականին բնակարանի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր էր կնքել շուրջ 100 բնակչի հետ: Ըստ այդ պայմանագրերի՝ բնակարանները պետք է սեփականատերերին հանձնվեին 2008 թվականին: Սակայն մինչ օրս ավելի քան 160 բնակարանատեր դեռ չի ստացել երկար սպասված բնակարանի բանալիները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՐՈՇՈՒՄԸ  ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման: Քրեական գործը հարուցվել էր 2014թ. ապրիլի 1-ին «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցների եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի ապացույցների կեղծման կապակցությամբ: Դատավճռի հրապարակման օրը` օգոստոսի 5-ին, Բաղանիս գյուղում Կոթիի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի դատավճռի դեմ բողոքելով՝ մի քանի ժամով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Ա. Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, Ա. Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը եւ Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առանձին-առանձին դիմել են վերաքննիչ դատարան:
2016թ. մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է Ա. Ազիբեկյանի պատժաչափը փոխել, այն դարձնել չորս տարվա ազատազրկում, Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի պաշտպանի բողոքը մերժել, նրա պատժաչափը թողնել նույնը, իսկ Անդրանիկ Խոջումյանին ազատ արձակել: Վերաքննիչի այդ որոշումը գրեթե երկու ամիս չէր տեղադրվում դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում, այն միայն վերջերս այնտեղ հրապարակվեց: Ա. Ազիբեկյանի կինը՝ Քրիստինեն, «Ժողովուրդ»-ին ասաց, որ վերաքննիչ դատարանի այդ որոշումը չի տրամադրվել Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանին, որպեսզի նա կարողանա որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում: Ա. Ազիբեկյանի մայրը՝ ուսուցչուհի Զեմֆիրա Հարությունյանը, մայիսի 4-ին Կոթի գյուղ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանին է հանձնել Կոթիի բնակիչների նամակը, որով վերջիններս պահանջում են ազատ արձակել համագյուղացի Ա. Ազիբեկյանին: Այդ նամակն ուղղված է նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, գլխավոր դատախաղ Գեւորգ Կոստանյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նշենք, որ Ա. Ազիբեկյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս