Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու նրա մերձավոր գործարարները խոշոր գումար են վաստակել ազգային արժույթի՝ մանաթի դևալվացիայից, որն իրականացվել է 2015թ.: Նման եզրակացության է եկել Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնը (OCCRP), փոխանցում է Meduza-ն:
Գործարքներն իրականացվել են երեք՝ Caspian Development Bank, AtaBank և Pasha Bank բանկերի միջոցով, որոնք պատկանում են Ալիևների ընտանիքի մտերիմ գործարար Աշրաֆ Քամիլովին:
2015թ. հունվարին վերջին, ինչպես պարզել է OCCRP-ը, Caspian Development Bank-ը 52 միլիոն դոլարի չափով վարկ է տրամադրել ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը: Վարկը տրամադրվել է բանկային օրենսդրության խախտմամբ: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԿԲ-ն 2015թ. փետրվարին նվազեցրել է մանաթի փոխարժեքը, այդ գործարքն արժութային տարբերության պատճառով 13 միլիոն մանաթ (12,5 միլիոն դոլար) է բերել բանկին:
Եվս 39,2 մլն մանաթ (25,4 մլն դոլար) բանկն աշխատել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԿԲ-ն ազգային արժույթի ազատ փոխարժեք է սահմանել:
Կասկածելի գործարքներ են գրանցվել նաև Ալիևների ընտանիքի հետ կապ ունեցող ևս 2 բանկերի մոտ՝ AtaBank և Pasha Bank: AtaBank-ը մոտ 61 մլն մանաթ է աշխատել, իսկ Pasha Bank-ը՝ 35,9 մլն մանաթ, հաստատում է OCCRP-ը: