Բացահայտվել է Ջրվեժում կատարված ավազակային հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց եւ իջեցնելով՝ հեռացել:
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է ահազանգողի նշած հասցեով, իսկ նույն օրը, կեսօրին ոստիկանությունում տված հաղորդման մեջ Նորքի բնակչուհի Ք. Բ.-ն արդեն ներկայացնում էր մղձավանջային գիշերվա մանրամասները:
Դիմակավորվածը պատուհանը կոտրելով՝ տուն էր խուժել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 3-ից 5-ն ընկած հատվածում, ատրճանակի գործադրմամբ՝ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում էր գործել Ք. Բ.-ի եւ նրա անչափահաս դստեր վրա, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ի, կպչուն ժապավենով՝ դստեր ձեռքերը, հափշտակել տանտիրուհու ոսկե զարդերը, 186 հազար դրամ եւ 100 դոլար, ,Սոնիե պլազմային հեռուստացույց, ապա, ատրճանակով սպառնալով, նրանց խցկել էր տանտիրուհու “Մերսեդես-Բենցի” բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված եւ բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաեւ դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սկսվել նախաքննություն:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1985 թ. ծնված Էդգար Վարագյանը՝ ոստիկան, ոստիկանության սերժանտ…
Վարագյանի մարմնի քննումով հայտնաբերվել են քերծվածքներ, իսկ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են լապտեր ու խաղալիք՝ ատրճանակ հանդիսացող զենք, որոնք ճանաչվել են տուժողների կողմից:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս