ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ
ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետներին հրավիրել են ոստիկանություն՝ հարցաքննության: Պատճառն այս տարվա օգոստոսի 20-ի կառավարական երրորդ մասնաշենքից, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանի գործով քննությունն է: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը. «Քննությունը շարունակվում է, իսկ ինձ մինչ օրս դեռեւս չեն կանչել, եւ ամեն ինչ ինձ համար անհայտ է, մնում է՝ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, հասկանանք, թե ինչ է կատարվել»:

ՍԻՐՈՒՄ ԷՐ
Երեկ Վանաձորում ինքնասպան է եղել Լոռու մարզային վարչության 36-ամյա փորձագետ Դավիթ Մայիլյանը: Վերջինս այս քայլին գնացել է Վանաձորի Բանյոյի 4 հասցեում գտնվող իր բնակարանի լոգարանում: Ինքնասպանությունից առաջ նա երկտող է թողել` խնդրելով իր հետ կատարվածի համար ոչ ոքի չմեղադրել. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»: Երբ փորձեցինք կատարվածի շուրջ զրուցել Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի հետ, պարզեցինք, որ նա այդ պահին գտնվում էր ինքնասպան եղած ոստիկանի տանը: «Ես հիմա նրա ծնողների հետ եմ եւ այս պահին չեմ կարող ասել, թե ինչն էր ինքնասպանության պատճառը: Միայն հայտնի է, որ ընտանիքի անդամներն այդ պահին տանը չեն եղել: Այլ բան չեմ կարող ասել, նախաքննությունը ցույց կտա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի ոստիկանապետը:

ՆՈՐ ԿԱՅՔ
forums.am-ի խմբագրակազմը խոստանում է, որ այսօրվանից կփորձի հավաստի, անաչառ  եւ բազմակողմանի լրատվություն հաղորդել իր ընթերցողներին: Մեր գործընկերները հավաստիացնում են, որ հոդվածների, վերլուծությունների, հարցազրույցների  միջոցով   ներդաշնակ կապ կապահովեն  հասարակական ու  քաղաքական գործիչների, տեղական, միջազգային կազմակերպությունների  եւ  հասարակության տարբեր թեւերի միջեւ: «Ժողովուրդ»-ը բարի երթ է մաղթում forums.am-ի խմբագրակազմին:

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Սեպտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում 9-րդ դասարանի աշակերտ Ավետիք Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել: Ավետիքի հորաքույրը՝ Նաիրա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ տղան ոչ մի խնդիր չի ունեցել եւ ապրում էր սոցիալապես ապահով ընտանիքում. «Ընդամենը մեկ եղբայր ունեմ, ու իմ եղբոր 15-ամյա որդին այս բախտին արժանացավ: Ավետիքը վերջին անգամ մկրատ է տանից վերցրել, որ իր աղավնիների փետուրները կտրի: Շատ է ուշացել, ու տան անդամները գնացել են տեսել՝ տղան անասնագոմի մոտ կախված է: Բոլորն են զարմացած, թե սա ինչ ցավ էր, որ եղավ»: Ինքնասպան եղած տղայի հորաքույրը հերքեց այն տեղեկությունները, որ տղայի ինքնասպանությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե նրանց ընտանիքը կապ ունի կրոնական կազմակերպության հետ. «Ձեզ հաստատ եմ ասում՝ նման բան չկա, ու կատարվածը մեզ համար էլ է մութ»:




Լրահոս