«ՎՈԺԴԻՆ» ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշումը անակնկալ էր շատերի համար՝ չնայած տարիներ շարունակ իշխանությունները նախապատրաստվում էին դրան: Հայտարարությունը հակասական տրամադրություններով են ընդունել նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա ՀՀ-ին ՄՄ անդամակցությունը, եւ այդ ճանապարհով զարգացող հեռանկարն ի՞նչ նշանակություն կունենա մեր երկրի համար:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Ես կողմ եմ Հայաստանի՝ Եվրասիական միության անդամ լինելուն, քանի որ գտնում եմ, որ Հայաստանը, անդամակցելով Մաքսային միությանը, դուրս կգա ամենամեծ՝ Եվրասիական շուկա, ինչն էլ կնպաստի երկրում տնտեսության զարգացմանը՝ մասնավորապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում: Առաջընթաց կգրանցվի նաեւ գիտության ու կրթության բնագավառներում: Հայաստանում կնկատվի գների զգալի անկում, կիջնեն գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները: Կարծում եմ՝ կվերագործարկվեն արտադրական ձեռնարկությունները, կբացվեն նոր աշխատատեղեր, որի արդյունքում կբարձրանա ժողովրդի սոցիալական կենսամակարդակը, հետեւաբար՝ կդադարի մասսայական արտագաղթը: Բացի այդ, Ռուսաստանը, լինելով հզոր ռազմավարական գործընկեր, կապահովի մեր երկրի անվտանգությունը տարածաշրջանում, ինչն այսօր Հայաստանի ամենակարեւոր հիմնահարցերից մեկն է:

ԱՐՏԱՎԱԶԴ ՆԱՍԻԲՅԱՆ
«Վիվատ» ընկերության սեփականատեր


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ես չեմ ողջունում ՀՀ իշխանությունների՝ ՄՄ մտնելու այս որոշումը, քանի որ անկախություն երազած, անկախության համար արյուն թափած մեր երկիրը զրկվում է իր սուվերենությունից: Տեւական ընթացք է, ինչ Մոսկվան փորձում է «իրենով անել» Հայաստանին: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Կրեմլը դիվանագիտական քայլերից անցավ կոշտ քաղաքականության, ահավասիկ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսպիսով փորձելով Հայաստանին «հեռացնել» եվրաինտեգրման կուրսից: Սարգսյանին «ձեռք է տալիս» Մոսկվայի քաղաքականությունն այն առումով, որ նախ` Ռուսաստանի հետ միացումը ենթադրում է հրաժեշտ երկարատեւ սոցիալ-տնտեսական ճգնաժամին, որից  սեփական ուժերով դուրս գալը տեսանելի ապագայում անիրատեսական է: Ապա` ՄՄ-ին անդամակցության անհրաժեշտությունը, կարծում եմ, կապված է Ադրբեջանի՝ տարեցտարի սրվող արտաքին սպառնալիքի չեզոքացման անհրաժեշտության հետ: Սրանից զատ, կա նաեւ մարդու գործոնը: Ինչպես, եթե ոչ ՄՄ-ին անդամակցելով, Սարգսյանը պիտի հայտներ իր շնորհակալությունը Պուտինին, ով թույլ տվեց նրան վերընտրվել երկրորդ ժամկետում: Արդ, «վոժդին» մեծ վստահության ցուցադրության եւ փոխհատուցման ժամն է:

ՄԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ
«Ռոսնեֆտ» ընկերության Լիպեցկի մասնաճյուղի փոխտնօրեն

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցում ես չեզոք դիրքորոշում ունեմ, քանի որ այս տարիների ընթացքում Հայաստանը միշտ էլ գտնվում էր Ռուսաստանից տնտեսական կախման մեջ: Այսօր այս երեւույթը պաշտոնականացվում է, որը շատ սպասելի էր: Ամեն օր գրեթե 10-15 հայ ընտանիք գաղթում է Ռուսաստան: Ուստի ՌԴ-ից կախվածության մեջ գտնվող հայերի թվաքանակի մեծացման հաշվին ավելի է հեշտանում ՀՀ-ն Ռուսաստանին միացնելու ծրագրի իրականացումը, որը, կարծում եմ, երկուստեք փոխշահավետ է:

ԿԱՐԵՆ ԽԱՆԻՆՅԱՆ
«Պարտնյոր ՍՈՒ»  շինարարական ընկերության սեփականատեր
 Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՌԴ-ից հատուկ «Ժողովուրդ»-ի համար




Լրահոս