ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին չեն մասնակցի Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը եւ Անդորրան: BBC-ի փոխանցմամբ՝ այս երկրները հրաժարվել են ներկայանալ Դանիայում կայանալիք մրցույթին տնտեսական պատճառներով: Իսկ ահա հայ դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է չափազանց էքստրավագանտ մի լուսանկար եւ կեսկատակ-կեսլուրջ առաջարկել «Եվրատեսիլ 2014»-ում իր թեկնածությունը նման կերպարով:

ՀԱՍԱՎ ՄՈՍԿՎԱ
Սեպտեմբերի 27-ին «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանգյանը Մոսկվայում կներկայացնի իր նոր` 4-րդ անհատական ալբոմը, որը կոչվում է «Orca»: Ալբոմի ձայնագրմանը մասնակցել է սիմֆոնիկ նվագախումբ: Ստեղծագործությունը կազմված է սիմֆոնիայի համար ավանդական 4 մասից, որոնցից յուրաքանչյուրը տեւում է 8 րոպեից ոչ պակաս: Սակայն միայն սիմֆոնիկ կատարումներ չեն, որ հնչելու են: Համերգի ընթացքում Թանգյանը կներկայացնի նաեւ երգեր իր ամենահայտնի՝ «Elect the Dead» ձայնասկավառակից:

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր 73-ամյա Ալ Պաչինոն նոր սիրավեպ ունի արգենտինացի դերասանուհի Լյուսյա Սոլայի հետ: Նրանց տարիքային տարբերությունը 40 տարի է, ինչը, սակայն, դերասանի խոսքով՝ չի խանգարում նրանց վայելել երջանկությունը: Գաղտնիք չէ, որ Ալ Պաչինոն միշտ էլ երիտասարդ զուգընկերուհիներ է ընտրել: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ հոլիվուդյան աստղը երբեք ամուսնացած չի եղել եւ միշտ գաղտնի է պահել իր անձնական կյանքը:

ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏԱԼԻՍ
Իրեն գերաստղ հռչակած երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` «Троллинг», որի միջոցով պատասխան է տալիս բոլոր նրանց, ովքեր նրա արվեստի վերաբերյալ բացասական մեկնաբանություններ են գրում սոցկայքերում: Տեսահոլովակի պրեմիերայից հետո «Թվիթեր»-ի իր էջում Կիրկորովը գրել է. «Ընկերնե՛ր, ես վերանայել եմ իմ արվեստը եւ տեսահոլովակ նվիրել դրան: Հաճելի դիտում: Ինքս էլ չէի սպասում, որ այսքան ծիծաղելի կստացվի»:




Լրահոս