Հերմինե Նաղդալյանն այդպես էլ չկարողացավ դիվանագետ լինել ոչ միայն դրսում, այլև ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, վերադառնալով Հայաստան, պատմել է, թե ինչ զեկույցներ էին պատրաստել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպե Գալատին: Ըստ նրա՝ Ալան Միլն ասել է, թե Հայաստանում Սահմանադրության փոփոխություններից հետո կար քաղաքական կամք եւ քայլ առ քայլ երկխոսություն էր զարգանում, իշխանությունը ականջալուր էր լինում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության կարծիքներին, երկխոսության արդյունքում լուծումներ էին գտնվում:

Իսկ Ջուզեպե Գալատին էլ, ասել է, թե կոլեկտիվ քննարկումների եւ երկխոսության ձեւաչափն արդյունքներ է տալիս, կա քաղաքական կամք եւ համազեկուցողները քաջալերում են այդ մոտեցումները: Այնուհետեւ, Նաղդալյանը պաթոսով նշել է, թե ինքն ու Արմեն Ռուստամյանը ներկայացրել են գործընթացները եւ օրեր առաջ կայացած համաձայնությունը՝ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ իրենց նպատակն արդար եւ թափանցիկ քաղաքական գործընթացներն են: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը՝ կազմելով բավականին դրական պատկերացումներ:

Ինչպես ասում են՝ բոլորն ուրախ են ու երջանիկ, դե, իսկ Եվրոպան էլ, հավանաբար, ցնցվել է հայաստանյան քաղաքական մշակույթի՝ Գաբրիել Ալմոնդի դասակարգման աղյուսակով բարձրագույն տեղը զբաղեցրած մասնակցային տիպով: Երեւի, այնուամենայնիվ, ծիծաղի առարկա չդառնալու հեռանկարն է Նաղդալյանին ստիպել չանելու դարակազմիկ եզրակացություն այն մասին, որ եվրոպացիները, գլխապտույտի մեջ ընկնելով հայաստանյան իշխանության «արդար նպատակից» ու նրա երկխոսելու կուլտուրայից, որոշել են հաջորդ անգամ մոնիտորինգ անել այդ ոլորտներում, ու հայկական փորձը տանել Եվրոպա: Միայն թե Նաղդալյանն այդպես էլ չկարողացավ դիվանագետ լինել ոչ միայն դրսում, այլեւ ներսում, իր ավելորդ պաթոսները զսպել ու գրեթե կոմունիստական ոգով գնահատականներ չտալ, թե եվրոպացիներն ինչ պատկերացումներ են կազմել իր ներկայացումներից հետո: Ասենք, ռացիոնալ մարդը չի կարող, չէ՞, հավատալ, որ ԵԽԽՎ-ում հավաքված մարդիկ, որոնցից շատերը ներկայացնում են քաղաքական բարձր մշակույթ, իշխանության բարձր հաշվետվողականություն, մի խոսքով՝ ժողովրդավարության բարձր ցուցանիշ ունեցող երկրներ, հանկարծ տպավորվեն կամ կարծիք կազմեն կոռուպցիայի, քաղաքական ու տնտեսական մոնոպոլիայի, երկխոսությունների ու կոնսենսուսների իմիտացիայով զբաղվող իշխանության ներկայացուցչի պնդումներով, թե իրենց նպատակն արդար ու թափանցիկ գործընթացն է:

Ի՞նչ է կարծում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը, իրեն իսկապե՞ս թվում է, որ եվրոպացիները գայթակղվել են իր ներկայացրածով կամ բավարարվել մոնիտորինգի համազեկուցողների կարծիքներով եւ Հայաստանի մասին բավական դրական պատկերացումներ կազմել, թե՞ ուղղակի փորձում է էպիտետներով կամ վերաբերմունք արտահայտող խոսքերով ներքին լսարանի համար ներշնչանքի էֆեկտներ ապահովել:

Եթե առաջին պարագայի հետ գործ ունենք, ապա, իրոք, Նաղդալյանը վաղուց պետք է հեռացած լիներ դիվանագիտական գործունեությունից, քանի որ նրա մանկական օպտիմիզմը կխանգարի մեզ այդ կարեւորագույն կառույցում պետական շահերի ռացիոնալ, առանց ավելորդ հուզականությունների ներկայացմանը: Իսկ եթե գործ ունենք երկրորդ պարագայի հետ, ապա կարելի է խոսել պառլամենտական ճգնաժամի մասին առնվազն գաղափարական մակարդակով: Կա մի ուրիշ տարբերակ էլ. ենթադրենք՝ Հերմինե Նաղդալյանը ճիշտ է ասում. իրոք, եվրոպացիները տպավորվել են իր խոսքերից եւՀայաստանի քաղաքական մթնոլորտով, բայց դա, հավանաբար, եղել է մեզ նման երկրների ներկայացուցիչների մակարդակով, ասենք՝ ռուսներն են նախանձել կամ ուկրաինացիները, որտեղ երկխոսության փոխարեն մայդան է լինում, քանի որ իշխանությունը չի երկխոսում:

Իսկ եթե լուրջ, ապա թող չթվա, թե Միլի ու Գալատիի գնահատականներն ավելին են, քան դիվանագիտական ֆորմալ ձեւակերպումները, որոնց նպատակն է ֆինանսավորել նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական ծախսերը: Հենց սա էր գլխավոր պատճառներից մեկը (նաեւ ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված սոցիալ-քաղաքական իրականությունն ու հանրային ճնշումները՝ արդյունավետ կառավարման պահանջի տեսքով), որ իշխանությունը գնաց զիջումների՝ մինչ այդ ատամներով պահելով նախկին կարգավորումները: Հենց այստեղ է մեր իրական խնդիրը, որ մենք ոչ թե պետք է եվրոպական՝ իրավիճակային գնահատականով բավարարված համարենք մեր «ձեռքբերումները» ժողովրդավարական կառավարման ոլորտում ու այն տարփողենք, այլ սթափվենք ու ճիշտ գնահատենք իրականությունը:

Անի Ստեփանյան




Լրահոս