ՏՈՒԺՈՂ ԹԱՂԱՊԵՏԸ՝ «ԲԱՆԴԱՅԻ» ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած «բանդայի» գործով տուժող, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե մինչ օրս գողոնը չկա, ուրեմն այս ամբաստանյալները չեն արել այդ գործը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի՝ «Նոյ» թաղամասում գտնվող առանձնատանը «բանդայի»  անդամները ծեծի էին ենթարկել նրան, մորը եւ երկու որդիներին, ինչից հետո տանը պահվող չհրկիզվող պահարանը տեղափոխել տանտիրոջը պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենա եւ հեռացել: Չհրկիզվող պահարանում եղել էր 5 հազար դոլարից ավելի գումար, ինչպես նաեւ նախկին թաղապետի կնոջ՝ 40-50 հազար դոլար արժողությամբ ոսկեղենը:
Շուրջ 2 տարի քննվող այս գործը դեռեւս վերջնականապես չի բացահայտվել, ավելին, գողացված իրերն էլ չեն հայտնաբերվել: Տուժող Աղվան Գրիգորյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ գողոնը կարող է եւ չերեւալ, ու լավ է, որ չի երեւում. «Եթե գողոնը չկա, ուրեմն իրենք չեն»:
Ա. Գրիգորյանը նշեց, որ ինքն այդ տղաներին չի ճանաչում: «Ես ի՞նչ կարող եմ ասել, եթե այդ մարդիկ եկել են մասկեքով, ավտոմատներով, ո՞նց կարող էի ճանաչել նրանց: Գլուխ չեմ հանում այս ամենից, համ էլ այս դատավարությունից: Եթե սրանք են արել, դատե՛ք, եթե սրանք չեն արել, թողե՛ք, թե չէ ի՞նչ եք քաշքշում, իմաստը ո՞րն է»,-ասաց տուժողը՝ հավելելով, որ 2 տարի հենց այնպես տանել-բերելն էլ մի բան չէ:
Ըստ մեր զրուցակցի՝ ինքը մեծ ցավ է ապրել, երբ իմացել է, որ ամբաստանյալներից Արման Դալլաքյանը մահացել է. «Իմ տանից էլ երեւելի բան չեն տարել, ես կարող եմ աչք փակել, ասել, որ ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ լսել: Բայց տենց էլ չի կարելի, որ մեղավոր չեն,  ու տանեն, ցմահ մեկին նստեցնեն»:
Ավելին, Ա. Գրիգորյանը վստահեցրեց, թե ովքեր էլ որ այս պատմության իրական մեղավորները լինեն, ինքը մի օր հանդիպելու է նրանց. «Ներսում լինեն, թե դրսում, տեսնելու եմ: Ինձ պետք է՝ իմանամ, թե ով է եղել ու ինչի համար դա արեց: Իմ դուռը միշտ էլ բաց էր: Եթե իրենց այդ 5000 դոլարը շատ էր հետաքրքրում, զանգեիք, բերեինք»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս