ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ԿԵՂՏՈՏ, ԱՆԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՅԹԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում դժվար է գտնել մի փողոց, բակ կամ շքամուտք, որը  մայրաքաղաքին վայել նախանձելի մաքրություն ունենա: Եվ այդ հարցում առաջնային թերացողը, բնականաբար, քաղաքային իշխանություններն են: Սակայն պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանում  միանգամայն գոհ են իրենց աշխատանքից, ավելին, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ  Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ նույնիսկ շնորհակալագրեր են ստացել «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում:
Հիշեցնենք, որ վերջերս Երեւանի քաղաքապետի անունից քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը «Ավելի մաքուր երեւան» ծրագրի շրջանակներում շնորհակալագրերով պարգեւատրեց Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությանը, պետական որոշ կառույցների, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ների անդամների, լրագրողների, ուսանողների եւ տնտեսվարողների:
Մինչդեռ Երեւանում մաքրության առումով վիճակը, մեղմ ասած, անմխիթար է: Երբ մտնում ես բազմաբնակարան շենքերի գերակշիռ մեծամասնության  շքամուտքերը, անմիջապես քթիդ է խփում աղբի գարշահոտությունը, իսկ այդ ամենի տերն ու տիրակալն առնետներն են, որոնք բազմանում են ու բազմանում: Բավական է՝ մի քանի քայլ հեռանաս քաղաքի կենտրոնից, անմիջապես կհանդիպես կիսաքանդ փողոցների, եւ եթե ղեկին ես, ապա քեզնից մեծ ջանքեր կպահանջվեն մեքենան առանց վնասելու վարելու համար: Նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մայթերն են խայտառակ վիճակում, ինչը հատկապես ձմռանը կյանքի համար պարզապես վտանգավոր է դառնում:
Չնայած այս ամենին՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում մեծ հպարտությամբ գրված է, թե Երեւանում աղբահանությունը եւ սանիտարական մաքրումն իրականացվում են մասնագիտացված 12 ընկերությունների 1600 աշխատակիցների եւ 408 միավոր հատուկ նշանակության մեքենասարքավորումներով: Աղբահանությունը կատարվում է 4876 բազմաբնակարան շենքերից եւ մոտ 53.000 մասնավոր տնատիրություններից: Բազմահարկ բազմաբնակարան շենքերում առկա է 3830 աղբամուղ: Երեւանի տարածքից օրական հավաքվում եւ տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տոննա կենցաղային աղբ: 2012-2013թթ. Երեւանի փողոցներում, կանգառներում, պուրակներում եւ հասարակական այլ վայրերում տեղադրվել է 1250 նորանմուշ նստարան եւ  911 աղբաման:
Բացի այս՝ նշված է նաեւ, որ Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներից ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի անդամներն ամենօրյա հսկողություն են իրականացնում սանիտարական մաքրման եւ աղբահանության աշխատանքների նկատմամբ: Օպերատիվ շտաբի նախաձեռնությամբ սանիտարական մաքրման բոլոր ընկերությունները հերթապահ մեքենաներով մինչեւ ժամը 24-ը դատարկում են կենցաղային աղբով լցված աղբարկղերը (մասնավորապես կենտրոնական եւ բանուկ փողոցներից): Սակայն «Ժողովուրդ»-ի թղթակցի կողմից արված լուսանկարները հակառակն են փաստում: Պարզվում է, որ օպերատիվ շտաբն այնքան էլ լավ չի աշխատում:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ Ազգային ժողովը 2011թ. հունիսի 23-ին ընդունել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է ՀՀ-ում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված խնդիրները: Ըստ օրենքի՝ համայնքի տարածքում իրականացված աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից առանձին ծախսային ծրագրով կամ արտաբյուջետային հաշվից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս