Մանրամասներ Արթիկում ջրհեղեղի հետևանքով առաջացած վնասներից. ինչ վիճակ է քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին, ժամը 15.28-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են կենտրոնական փողոցները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում, ինչի հետևանքով ջրալցվել են Րաֆֆու, Գրիգոր Լուսավորիչ, Մ. Բաղրամյան, Սասունցի Դավիթ, Շինարարների, Հակոբյան փողոցները, Տուֆագործների 7-րդ նրբանցքը, Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ը և երկրորդական մի շարք փողոցներ, որտեղ ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի, փլուզվել է Անկախության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը (մոտ 100 քմ):

Քաղաքի սկզբնամասում վնասվել է կենտրոնական ջրագիծը (մոտ 110մ), ինչի հետևանքով դադարեցվել է Անկախության, Բաբաջանյան, Տուֆագործների, Բաղրամյան փողոցների և հարակից նրբանցքների ջրամատակարարումը. անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվել է գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը:

Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, ովքեր տեղափոխվել են հարազատների բնակարաններ:

Տուֆագործների փողոցից փրկարարներն արգելափակումից (ցեխակույտում) դուրս են բերել Գ. Ֆ.-ի ВАЗ-2106 մակնիշի 14 LU 818 պետհամարանիշի ավտոմեքենան:

Անկախության փողոցի բնակիչ Ա. Կ.-ի հավաստմամբ սելավային հոսքը տարել է 2 խոզ, 26 հատ խոջգոր, 1200 ճուտ, 10 բադ, 10 սագ, 68 հնդկահավ, 7 խոշոր եղջերավոր անասուն:
Ջրի հոսքի ուղղությունը փոխելու նպատակով փրկարարները հեռացրել են Գորկու փողոցի եզրաքարերը (մոտ 12մ) և քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ փակել թիվ 2 մանկապարտեզի ջրալցման ուղիները:

Փրկարարները տարահանել են Անկախության փողոցի 17-րդ շենքի 2, 1-ին նրբանցքի 1-ին տան 2, 2-րդ նրբանցքի թիվ 38 տան 1 բնակչի, ինչպես նաև Տուֆագործների փողոցի ջրալցված անասնագոմերից անվտանգ տարածք են տեղափոխվել 1200 հավ, 40 բադ, 30 սագ, 2 խոզ և 2 հորթ:

ժամը 18.15-ին վերականգնվել է էլեկտրամատակարարումը, բացառությամբ՝ Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 50/18 և Տոնականյան փողոցի թիվ 50/36 էլ.ենթակայաններից, ինչից հոսանքազրկված է մոտ 150 տուն:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացրել 47 փրկարար:

Իրավիճակի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հետևանքների վերացման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ:

Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Գ. Լուսավորիչ փողոցի թիվ 50/18 և Տոնականյան փողոցի թիվ 50/30 էլ.ենթակայանները, նաև Անկախության, Բաբաջանյան, Տուֆագործների, Բաղրամյան փողոցները և հարակից նրբանցները մատակարարող ջրագիծը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է:

Փրկարարները Անկախության փողոցի 3-րդ նրբանցքի թվով 11 բնակելի տներից դուրս են բերել 60 բնակիչ, իսկ Պռոշյան փողոցի թվով 5 տներից՝ 24 բնակիչ:

Հունիսի 25-ին, ժամը 07.00-ի դրությամբ Բաղրամյան և Անկախության փողոցները մասնակի փակ են:

Ժամը 11.02-ին Անկախության փողոցում մաքրման աշխատանքներ իրականացնելու դեպքի վայր  մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Փրկարարները Անկախության փողոցում իրականացրել են արգելապատնեշի ստեղծման և ջրի հոսքի հունը փոխելու աշխատանքներին:

Մաքրման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կողմից տրամադրված հինգ միավոր տեխնիկա:

Ժամը 17.20-ից վերականգնվել է քաղաքի գազամատակարարումը, և ջրամատակարարումը՝ բացառությամբ Անկախության և Բաղրամյան փողոցների:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:




Լրահոս