ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՐՏԸ ՆՎԵՐՈՎ ՇԱՀԵՑ
«Առավոտ»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակի առթիվ նրան անակնկալ է մատուցել Ռիտա Սարգսյանը: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա, չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց»,-ասել է Կ. Դեմիրճյանի շոյված այրին:

ԳՈՐԾԸ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է նախկինում անհիմն կարճված քրեական գործը` կապված «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ից հափշտակված գումարների հետ: «ՍՊԸ մատակարար Արամ Պետրոսյանի կողմից ընկերությունից հափշտակված գումարները դատական կարգով վերականգնելու պատրվակով ընկերության բաժնետեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ցուցումով տնօրեն Արթուր Եփրեմյանը հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով 2009 թվականի սեպտեմբերին կազմել է ձեւաթուղթ հանդիսացող դրամարկղային ելքի օրդեր` կեղծել է կազմելու ամսաթիվը, ձեւաթղթում մտցրել ակնհայտ կեղծ տվյալներ, թե իբր մատակարար Արամ Պետրոսյանը 2009 թվականի օգոստոսին ընկերության դրամարկղից կանխիկ ստացել է 193 միլիոն ՀՀ դրամ գումար, որի հիման վրա վերջինիս հետ կազմել է դրամական փոխառության պայմանագիր»,-ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

ՍԱՀՄԱՆՎԱԾԻՑ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 2,17 մլն դրամ: Նշենք, որ այս գումարն ավելին է, քան ՀՀ կառավարության 2001թ. որոշմամբ սահմանված 1,7 մլն դրամը: Հիշեցնենք, որ Լեւոն Անանյանի որդին` Արամ Անանյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակն էր:

ԱԶԱՏ ԵՆՔ, ԷԼԻ՛
Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականներով` Հայաստանը համացանցային ազատության չափանիշներով ազատ երկիր է: Կազմակերպության ամենամյա զեկույցում ներկայացված են 60 երկրների տվյալները: Ամենաազատ համացանցն ունեցող երկրների տասնյակում են Իսլանդիան, Էստոնիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հունգարիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա առաջատարը Վրաստանն է, որը գտնվում է 12-րդ հորիզոնականում: Իսկ Հայաստանը երկրորդ տեղում է 17-րդ հորիզոնականով: Թուրքիան ու Ադրբեջանը գտնվում են 38 եւ, համապատասխանաբար, 39-րդ հորիզոնականներում, իսկ Ռուսաստանը 41-րդն է: Ամենաանազատ երկիրը, ըստ զեկույցի, Իրանն է:




Լրահոս