«ՉԳԻՏԵՄ ԻՆՉՈՒ` ԴԱՐՁԱՆՔ ԹՇՆԱՄԻՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է այն մասին, որ Պետական կամերային երաժշտական թատրոնում վերջին շրջանում աշխատանքային մթնոլորտը բավական սրվել է. գեղխորհուրդը հրաժարական է տվել, փոխտնօրենը` հեռացվել: Մեզ հետ զրույցում վերջինս նշել էր, որ տնօրենը միշտ կոնֆլիկտներ է ստեղծում եւ միջամտում ստեղծագործական լուրջ հարցերին, աշխատում է զուտ տեխնիկական վարչարարի մեթոդներով, ունի շատ լուրջ ինքնահաստատման խնդիր: Իսկ գեղխորհրդի՝ արդեն նախկին անդամ, դերասան Գրիգոր Խաչատրյանն էլ հավաստիացրել էր` խորհրդի բոլոր անդամները համակարծիք են, որ տնօրենը չի տիրապետում իր աշխատանքին, եւ նրա հետ որեւէ ստեղծագործող մարդ չի կարող աշխատել: «Ժողովուրդ»-ը բոլոր այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցել է թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի հետ:

Նա նախ զարմանք հայտնեց, որ գեղխորհրդի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը մամուլում իր գործունեության վերաբերյալ դժգհություն է հայտնել խորհրդի բոլոր անդամների անունից այն դեպքում, երբ նրանցից ոմանք, առհասարակ, տեղյակ չեն իր հայտարարություններից: Տնօրենը տեղեկացրեց, որ բացի նախագահից` գեղխորհրդի 4 անդամները ընտրվել են թատրոնի կազմից` Արթուր Սարիբեկյան, Մարատ Խաչատրյան, Մերի Արեյան, Նարինե Միրզոյան, իսկ 4-ը` դրսից` Նարինե Գրիգորյան, Վահան Բադալյան, Գրիգոր Խաչատրյան, Լիլիթ Դանիելյան. վերջիններին ներկայացրել է Արա Խզմալյանը: Տնօրենի խոսքով` թատրոնից ընտրված 4 անդամները համաձայն չեն Արա Խզմալյանի այն հայտարարությունների հետ, թե Վարդան Գրիգորյանը չի տիրապետում թատրոնի կառավարման տրամաբանությանը, որ իր որոշումները այդ կառույցը հասցրել են փակուղային իրավիճակի եւ այլն:
Ինչ վերաբերում է խորհրդի` դրսից ընտրված անդամներին, ապա Վ. Գրիգորյանը նշեց, որ նրանց հետ որեւէ շփում չի ունեցել, ուստի զարմանալի է, թե որտեղից են վերջիններս իր գործունեության վերաբերյալ կարծիք կազմել. «Պետք է նկատել, որ նրանք շատ քիչ են ներկայացել գեղխորհրդի նիստերին: Օրինակ` Նարինե Գրիգորյանը մեկ անգամ է ներկայացել, Վահան Բադալյանը` եւս: Այնինչ՝ Արա Խզմալյանը հայտարարել է, թե Վահանը հենց սկզբից հասկացել է, որ ինձ հետ չի կարելի աշխատել: Ինչո՞ւ, չհասկացա: Սա այն դեպքում, երբ ես 5 տարի աշխատել եմ մշակույթի նախարարությունում եւ համակարգել եմ թատերարվեստի ոլորտը. այդ մարդիկ ինձ քաջ գիտեն, այդ թվում` Արա Խզմալյանը: Ես նրա հետ խնդիր չեմ ունեցել, ինքն է խնդիր ստեղծել: Չգիտեմ ինչու` մենք դարձանք թշնամիներ: Խնդիր չեմ ունեցել նաեւ դրսից հրավիրված այդ չորս հոգու հետ, եթե իրենք ունեցել են, թող բարի լինեին` արտահայտվեին: Խոսվում է այն մասին, թե իբր գեղխորհուրդը վերջին ամիսներին ծանր ստեղծագործական աշխատանք է կատարել. ես դա չտեսա»:
Ինչ վերաբերում է գեղարվեստական մասով արդեն նախկին փոխտնօրեն Տաթեւիկ Մանվելյանի այն պնդումներին, թե Վարդան Գրիգորյանը միջամտում է ստեղծագործական հարցերին, վերջինս պատասխանեց, որ, օրինակ, թատրոնում շահարկվել է այն հարցը, թե ինքը ռուսերենից թարգմանել է «Կրիսպի մկնիկը» ստեղծագործությունը. «Ասում էին` ինչու է տնօրենը թարգմանել: Կինս բանասեր է, նա չափածո այդ ստեղծագործությունը տաղաչափական ձեւերի հետ կապված մշակումների է ենթարկել. սա էլ շահարկվեց նույն գեղխորհրդի նախագահի, Տաթեւիկ Մանվելյանի կողմից: Հարցնում էին` արդյոք ես կամ մեկ ուրիշը դրա համար գումար ստացել ենք, թե ոչ: Այս հարցը բարձրացվել է նույնիսկ մշակույթի նախարարությունում: Ես ասում եմ` չեմ ուզում պատվիրել որեւէ մեկի, ես եմ անում: Որպես տնօրեն իրավունք ունե՞մ ստեղծագործական-գիտական աշխատանքով զբաղվելու: Օրենքը թույլ է տալիս, դուք դե՞մ եք, որ ես դրա համար փող չծախսեմ»:
Տնօրենը վրդովված նշեց, որ իրեն բազմիցս խոսակցություններ են հասել այն մասին, թե Արա Խզմալյանը որտեղ նստում է, խոսում է իր` պաշտոնից հեռացնելու անհրաժեշտության մասին. «Եվ այն հանգամանքը, որ մեր «արանքում» գտնվում էր Տաթեւիկ Մանվելյանը, կարծես թույլ չէր տալիս հասկանալ` ինչի մասին է խոսքը, թույլ չէր տալիս, որ մենք շփվեինք: Իմ տպավորությունն այսպիսին է` նրանք նպատակ ունեին այնպես անել, որ, ի վերջո, տնօրենը վարկաբեկվի: Տպավորություն ունեմ, որ Տաթեւիկ Մանվելյանը եւ Արա Խզմալյանը ընդհանուր միտում ունեին` որ Տաթեւիկ Մանվելյանը լիներ տնօրեն եւ ամեն բան շատ հանգիստ կառավարեր: Ես ինքս Տաթեւիկին հարցրել եմ` լավ, վերջապես դու ի՞նչ ես ուզում, դառնալ տնօրե՞ն: Ի՞նչ պետք է դա քեզ տա: Այն, ինչ ուզում էիր, դարձել ես, պակա՞ս ես վճարվել: Որոշ դեպքերում նա ինձնից ավելի շատ աշխատավարձ է ստացել: Ես ոտքով եմ գնում տուն, ինքը` մեքենայով: Ո՞նց այդպես եղավ: Ընդ որում, նա այդ մեքենան ձեռք է բերել թատրոնում աշխատելու ընթացքում… Ինչու՞ են ստիպում, որ իջնեմ…»:
Վարդան Գրիգորյանը, անդրադառնալով Տաթեւիկ Մանվելյանի` աշխատանքից հեռացվելու հարցին, պնդեց, որ նա մի քանի անգամ կոպիտ խախտումներ է արել, օրինակ` թույլատրել է, որ դերասանուհին (պարուհիներից մեկը) ներկայացման կեսից գնա տուն, կարծես միտումնավոր թույլ չի տվել, որ գեղխորհրդի` դրսից ընտրված 4 անդամների եւ տնօրենի միջեւ շփում լինի, իսկ հարցադրմանը, թե ինչու գեղխորհրդի այդ անդամները իրենց պարտականությունները չեն կատարել, պատասխանել է ոչ կոռեկտ:
«Ժողովուրդ»-ը առաջիկայում կներկայացնի նաեւ գեղխորհրդի` թատրոնի կազմից ընտրված 4 անդամների փաստարկները:

 

 

 

«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ»

Հայտնի է, որ «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկելու է հուլիսի 10-ին եւ ավարտվելու է 17-ին: Փառատոնին ներկայացված 900 հայտերից ընտրվել է 43 ֆիլմ: Դրանից 16-ը կպայքարի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: «Ժողովուրդ»-ը զրուցել է մրցութային ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի հետ:

-Րաֆֆի՛, ծրագրի շրջանակում հայազգի ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի պարագայում ի՞նչ դրական տեղաշարժեր եք նկատում:
-Այս տարի ծրագրում ներգրավված 5 լիամետրաժ ֆիլմ ունենք. սա բավական բարձր ցուցանիշ է, քանի որ վերջին տարիների ընթացքում լիամետրաժ ֆիլմերի թիվը պակասում էր, փոխարենը գերակայում էին վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմերը: Ի դեպ, այս 5 ֆիլմերից 2-ը երբեւէ որեւէ տեղ չեն ցուցադրվել, կարելի է ասել` փառատոնի շրջանակում տեղի կունենան դրանց համաշխարհային պրեմիերաները: Խոսքը Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» եւ Աննա Արեւշատյանի «Բարի լույս» ֆիլմերի մասին է:
-Հայկական արտադրության տեղական ֆիլմերը պետք է որ թեմատիկ առումով առանձնահատկություններ ունենան…
-Կարելի է նկատել, որ տեղական արտադրության հայկական ֆիլմերը մեր ոչ վաղ անցյալը իմաստավորելու, հերոսի ինքնության հաստատման թեմաներ են բարձրացնում: Իսկ, օրինակ, մի քանի ռուսահայ ռեժիսորներ ներկայացրել են ֆիլմեր, որոնք կինեմատոգրաֆիկ իմաստով մեզ համար հետաքրքրական են, բայց ինչ-որ առումով կտրված են հայկական իրականությունից, ավելի գլոբալ խնդիրների են անդրադառնում:
-Մրցութային ծրագրերին մասնակից ռեժիսորների շրջանում կա՞ մի միտում, որ բացակայում է, մի բաց, որ ըստ Ձեզ, անհրաժեշտ է լրացնել:
-Կուզենայի մրցութային ծրագրերում տեսնել ավելի շատ երիտասարդ ռեժիսորների, որոնք, օրինակ, նոր են ավարտել ինստիտուտը: Շատ ռեժիսորներ, որոնք նկարահանել եմ մեկ կամ երկու ֆիլմ, միտում չունեն նորերը նկարահանելու: Գուցե այդ հանգամանքը ինչ-որ առումով պայմանավորված է արտադրական խնդիրներով, որոնց նրանք բախվում են:
-Հետաքրքիր է` այս տարի հայազգի նշանավոր կինոգործիչների «Ոսկե ծիրան»-ում կհյուրընկալե՞ք:
-Անշուշտ: Կարծում եմ` կհյուրընկալենք հայտնի հայ կինոպրոդյուսերի, որը բավական երկար ժամանակ Հայաստանում կինոարտադրությամբ զբաղվելու ցանկություն է ունեցել: Ի դեպ, նշեմ, որ վերջին տարիներին ունեցել ենք այնպիսի հայ կինոռեժիսորներ, որոնք առաջին անգամ Հայաստան են եկել հենց «Ոսկե ծիրան»-ի շրջանակում (օրինակ` Էրիկ Նազարյանը): Այսինքն` նրանց կապը Հայաստանի հետ հաստատվել է կինոյի միջոցով:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅՀՈՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ամերիկյան հայտնի ռեփեր 50 Cent-ը ձերբակալվել է Սենտ Քիթս եւ Նեւիս Դաշնության ոստիկանության կողմից համերգի ժամանակ բեմից հայհոյանքներ հնչեցնելու համար:
The Guardian-ի փոխանցմամբ` թեեւ ռեփերին գրավի դիմաց ազատ են արձակել, նրան որոշ ժամանակով արգելված է լքել Կարիբյան ծովում գտնվող կղզի-պետությունը: Այժմ 50 Cent-ը սպասում է դատավարությանը:
Հիշեցնենք, որ 2003 թ. եւս ռեփերը ձերբակալվել էր նույն մեղադրանքով:

 

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) առաջարկել է «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթն անցկացնել մայիսի 16, 18 եւ 20-ին, սակայն այս տարի մրցույթում հաղթած երկիրը` Ուկրաինան, որը հանդիսանում է հյուրընկալող կողմ, առաջ է քաշում նոր ամսաթվեր՝ մայիսի 9, 11 եւ 13։ ԵՀՄ-ն նախընտրում է մրցույթն անցկացնել վերոնշյալ օրերին, որպեսզի այն այլ նշանակալի միջոցառումների, ինչպես, օրինակ, սպորտային կարեւոր խաղերի հետ չհամընկնի։ Այնուամենայնիվ, Ուկրաինան իրավունք ունի հանդես գալ սեփական առաջարկով` սպասելով ԵՀՄ-ի համաձայնությանը։

 

 

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԵՎ ԴԱԼԱՅ ԼԱՄԱՆ
Էպատաժային երգչուհի Լեդի Գագան ու Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման հանդիպել են Ինդիանապոլիսում` հատուկ համաժողովի շրջանակում: Նրանք զրուցել են աշխարհում կատարվող մտահոգիչ իրադարձությունների ու շրջապատի մարդկանց հանդեպ կարեկցանք ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Դալայ Լաման 20 րոպե պատասխանել է զանազան հարցերի, որոնք Լեդի Գագան հենց այդ պահին ընտրել է սոցցանցերից եւ ուղղել նրան: Հարցերը հիմնականում առնչվել են աշխարհում տիրող անարդարությունների տարբեր դրսեւորումներին:
Նշենք, որ Դալայ Լաման Ինդիանապոլիս է այցելել ԱՄՆ քաղաքապետերի ամենամյա հանդիպման շրջանակում: Նա հանդես է եկել որպես պատվավոր հյուր:




Լրահոս