3 ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2016 թվականին «Վարդաշեն» ՔԿՀ-ից պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել երեք նախկին պաշտոնյաներ:

Բազմիցս առիթ ունեցել ենք գրելու, որ ազատազրկվածներին վաղաժամկետ պատժի կրումից ազատելու հարցերով զբաղվող պետական հանձնաժողովներն իրականում չեն օգնում «դարձի եկած» ազատազրկվածներին՝ հնարավորություն չտալով պատժի նախատեսված ժամկետից շուտ ազատ արձակվել: Շատ հաճախ անհիմն պատճառաբանություններով մերժում են ազատազրկվածների դիմումները: Ու քանի որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է պաշտոնյաների համար, որոնք տարբեր քրեական գործերի շրջանակում ազատազրկման են դատապարտվել կամ գտնվում են կալանքի տակ, ուստի հետաքրքիր էր՝ այս կալանավայրում ինչ իրավիճակ է:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանի հետ:
-Պարո՛ն Հակոբջանյան, Վարդաշեն ՔԿՀ-ի դատապարտյալները եւս բողոքում են, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը չի գործում եւ անընդհատ մերժում է իրենց դիմումները: Տեսակետ կա, որ քաղաքական հրահանգի հետեւանքով նախկին պաշտոնյաներն ազատ չեն արձակվում:
-Քաղաքական հրահանգ չկա: Մենք մեր որոշումներով նայում ենք, որոնք խրախուսվել են, տույժ չունեն, որոնք նորմալ դատապարտյալներ են, մենք տալիս ենք դրական եզրակացություն ու որոշումներն ուղարկում ենք անկախ հանձնաժողով: Այ, անկախ հանձնաժողովը թե ոնց է անում, այ, դրա պատասխանը ես Ձեզ չեմ կարող տալ:
-Հիմա կոնկրետ օրինակով 4-րդ անգամ է՝ անկախ հանձնաժողովը մերժում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումը: Կոնկրետ ՔԿՀ-ն ի՞նչ եզրակացություն է տվել ազատամարտիկի մասին:
-Մենք իրեն դրական գնահատակ ենք տվել, անկախ հանձնաժողովն է մերժել:
-Վերջինս հացադուլ էր հայտարարել, Դուք անձամբ հանդիպե՞լ եք իրեն:
-Բոլորի հետ էլ խոսել եմ, իր հետ էլ, իր փաստաբանի հետ էլ, Ազգային ժողովի պատգամավորներից էլ էին եկել, բոլորի հետ էլ խոսել ենք:
-Կոնկրետ կասեք, թե 2016 թվականի անցած 7 ամիսների ընթացքում քանի՞ նախկին պաշտոնյա է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել:
-Այս տարի երեք պաշտոնյա ունենք ազատ արձակված:
-Ովքե՞ր են:
-Այս պահին ձեռքիս տակ տվյալներ չկան, չեմ կարող ասել:
-Գաղտնիք չէ, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պաշտոնյաներ են իրենց պատիժը կրում: Չե՞ն փորձել իշխանական օղակներից Ձեզ խնդրել, հորդորել՝ իրենց պաշտոնյա ազգականին լավ նայեք, «լավ խուց» տաք:
-Իմ մոտ նման հասկացողություն չկա, լավ նայել, վատ նայել չկա: Կոնկրետ իմ հիմնարկը ամեն ինչով ապահոված է, այստեղ բոլորը հավասար են: Այստեղ այնպես չէ, որ մեկը եղել է հիմնարկի պետ, դատախազ կամ քննչականի պետ, իրեն պետք է լավ զգա, մյուսը չէ: Ուրեմն տենց հասկացողություն չկա, բոլորն իրար հարգում են, իրար ընդունում են, ոչ մի խնդիր չունենք:
-Տարիներ շարունակ դատապարտյալների հարազատները բարձրաձայնում են ՔԿՀ-ներում «զոն նայողի» ինստիտուտի գոյության մասին: Դուք ի՞նչ եք անում այս ինստիտուտի հնարավոր դրսեւորումները զսպելու համար:
-Սա այն հիմնարկն է, որտեղ զոն նայող հասկացություն չկա ու չի կարող լինել, որովհետեւ այստեղ բոլորն էլ պագոնով մարդիկ են: Ի՞նչ զոն նայելու մասին է խոսքը, այստեղ նայելու բան չկա: Այստեղ ինչ կա նայելու, մենք ենք նայում, ադմինիստրացիան է նայում:
-Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում քանի՞ դատապարտյալ դիմեց Սերժ Սարգսյանին, որպեսզի իրենց ներում շնորհի, գնան հայրենիքին ծառայելու:
-7-ն են դիմել, հանրապետության նախագահը ներում շնորհեց, բոլորն էլ գնացել են, նորից աշխատանքի են ընդունվել եւ հիմա էլ պաշտպանության նախարարությունում աշխատում են:
-Ըստ Ձեզ՝ կալանավայրը կփոխի՞ նախկին պաշտոնյա դատապարտյալին, որ այլեւս քրեական արարք չգործի:
-Հիմնականում այստեղ պաշտոնեական դիրքի չարաշահման համար են ազատազրկվել: Ամեն մեկն էլ իր սխալի համար պատասխան է տալիս ու իր սխալը ուղղում է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՆԱԽԿԻՆ ԶԻՆԿՈՄԸ
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի` Գելի հորաքրոջ որդու` Նոր Նորքի զինվորական նախկին կոմիսար Ռաֆայել Զախարյանի ազատազրկման պատիժը խստացրին:
Հիշեցնենք, որ 2014թ. մարտի 17-ին Ռաֆայել Զախարյանն իր աշխատասենյակում Երեւան քաղաքի Ավան 7 փող., 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից որդու՝ Ալբերտ Վարդանյանի առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է 4 հազար ԱՄՆ դոլար կաշառք: Նախկին զինկոմը տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահն էր, նրան է տրված եղել նույն զինկոմիսարիատում հաշվառված եւ առողջական վիճակի բերումով տարկետման մեջ գտնվող զորակոչիկներին մինչեւ տարկետման ժամկետի ավարտն այլ ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերելու դեպքում կրկին համապատասխան բուժհիմնարկ ուղեգիր տալու լիազորությունը: Քրեական գործի նյութերի համաձայն՝ մարտի 19-ին զինվորական կոմիսարի պահանջը կատարվել է, եւ Գագիկ Վարդանյանից իր աշխատասենյակում ստացել է 3 հազար 9 հարյուր դոլար: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը: Այս արարքի համար նախատեսվում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով: Եւ, ահա, 2015թ. հունիսի 15-ին առաջին ատյանի դատարանը այս արարքի համար Ռ. Զախարյանին ազատազրկման դատապարտեց 3 տարի ժամկետով: Սակայն մեղադրող դատախազ Լ. Պետրոսյանը Ավանի դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում եւ պահանջում էր, որ Նորքի զինկոմի պատիժը խստացնեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Սերգեյ Չիչոյանը, Գագիկ Ավետիսյանը, Տիգրան Սահակյանը բավարարեցին մեղադրող դատախազ Պետրոսյանի բողոքը եւ գործը հետ ուղարկեցին Ավանի դատարան՝ նոր քննություն իրականացնելու համար:
Այսպիսով՝ 2016թ. հունիսի 16-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը վճռեց Ռ. Զախարյանին ազատազրկման դատապարտել 4 տարի ժամկետով: Այսպիսով՝ դատարանը եւս մեկ տարով երկարացրեց Գ. Գաբրիելյանի` Գելի հորաքրոջ որդու կալանքի ժամկետը: Նա ազատության մեջ կլինի 2018թ. մարտի 19-ին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ Է
Դատապարտյալ Արթուր Մելիքյանը խնդրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից իրեն տեղափոխել «Կոշ» ՔԿՀ: 168.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալն ասել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցային պայմաններում չի կարողանում պատիժը կրել, առողջական խնդիրներ ունի: «Ես «Կոշում» ինձ ապահով եմ զգում: «Կոշում» շատ լավ է… Ուղիղ մեկ ամիս քրեակատարողական վարչությունն իմ ձայնը չի լսել»,- ասել է դատապարտյալը՝ նշելով, որ իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել նոր քրեական գործի շրջանակներում իր հետ քննչական գործողություններ կատարելու նպատակով, սակայն ինքն առնչություն չունի այդ գործի հետ:

 

 
ՈՎ Է ՊԱՏԺԱԽՑՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը երկրում առկա քրեական իրավիճակը կարգավորելու փոխարեն պատերազմ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներին»: Ու դրա արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զոն նայողներից մեկին տեղափոխել են պատժախուց:
«Ժողովուրդ»-ին կալանավայրից տեղեկացրին, որ պատժախուց տեղափոխվածը ՔԿՀ հիմնական «զոն նայող» լոռեցի Դավիթ Անանյանն է, որը ազատազրկման է դատապարտվել 20 տարի ժամկետով: Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա իր եղբայրներ Ռուսլան եւ Գեւորգ Անանյանների հետ բենզին եւ դիզելային վառելանյութեր գողանալու նպատակով ստեղծել է կազմակերպված խումբ, ՀՀ տարբեր մարզերում գործող բենզալցակայաններից գողացել են բենզին եւ դիզելային վառելանյութ, ինչպես նաեւ վնասել ուրիշի գույքը, պահել, կրել ապօրինի հրազեն եւ փամփուշտներ: Նա դատապարտվել է ինչպես սպանության փորձի, այնպես էլ սպանության համար եւ հիմա դատախազության որոշմամբ կալանավայրի պատժախցում է:

 

 

ՔՈՌ ԴԱՆԱԿԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են կատարել, սակայն որեւէ իր չեն հայտնաբերել: Մեզ հաջողվեց պարզել, որ կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի հարազատները իրավապահներին ասել են, որ իրենց տանը երկու քոռ դանակ կա, որով խոհանոցում գործ են անում, լավ կլինի իրավապահները սրեն դրանք:
Նշենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր ՍԷֆիլյանը գտնվում է կալանքի տակ: 2016թ. հունիսին 20-ին ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությամբ կալանավորվել էր Ժիրայր Սէֆիլյանը, քանի որ մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ինչ-որ քաղաքացիների մեքենաներից մեկում հայտնաբերվել էր զենք-զինամթերք, որը վերագրվեց Սէֆիլյանին: Այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժ. Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

 

ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանության համար այսօր Ազատության հրապարակից հավաք-երթ կանցկացվի դեպի Արգենտինայի դեսպանատուն. այս մասին Tert.am-ին տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նշենք, որ քանդման մտադրությունը, ըստ Թարխանյանի, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանինն է, ով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սեփականատերն է: Կլոր շենքի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են, որի թույլտվությունը դեռ դեկտեմբերին քաղաքապետարանն էր տվել: «Այն ժամանակ մենք հնարավորինս կասեցրինք եւ քառօրյա պատերազմից հետո պատկերացնում էինք, որ այս հարցն այլեւս մեջտեղից դուրս կգա: Բայց արդեն ասացին, որ ապամոնտաժումը սկսել են, ինչը ես համարում եմ դանակով հարված հայ ժողովրդի մեջքին: Քանդում են պետական գույքը»,- ասել է Թարխանյանը:




Լրահոս