Իրանը Հայաստանի միջոցով Եվրոպային կապող խոշորագույն գազային մագիստրալի և նոր «մետաքսե ուղու» շուրջ քննարկումները Բրատիսլավայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՀՄՖ-ի նախագահ և «ԵՄ-Ասիա Բիզնես Ֆինանսական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հրավերով վերջին օրերին Բրատիսլավայում էին գտնվում իրանական խոշորագույն էներգետիկ կոնցեռնի՝ «SUNIR» հոլդինգի նախագահ պարոն Սալեհիյավիդը, փոխնախագահ պարոն Շահհուսսեինին և «SUNIR-ARMENIA» ընկերության տնօրեն պարոն Համիդ Կաթուզիանը։ Իրանական պատվիրակությունը այցելեց Սլովակիայի Ազգային Խորհուրդ և հանդիպեց Տնտեսական Հանձնաժողովի նախագահ պարոն Մարոշ Կոնդրոտին, որի ժամանակ քննարկվեցին սլովակ-հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Սլովակիայի փոխվարչապետի և ֆինանսների փոխնախարարի հանդիպումների ընթացքում արծարծվեցին պարոն Աշոտ Գրիգորյանի կողմից երկու կենսական խնդիրներ, որոնք մեծ հետաքրքրություն առաջ բերեցին․ խոսքը Իրանը Հայաստանով և Փոթիի նավահանգստի միջոցով մինչև սլովակյան Շտուռովո նավահանգիստը և վերջինիս միջոցով Ռոտերդամ, Համբուրգ նավահանգստերը կապող նոր «մետաքսե ուղու» կազմակերպման, ինչպես նաև Իրան-Հայաստան-Սև ծովով՝ Եվրոպա գազամուղ անցկացնելու խնդիրների մասին է։ Սլովակյան և իրանական կողմերը եկան համաձայնության՝ ծավալուն ներդրումներ Սլովակիայում և Հայաստանում կազմակերպելու պարոն Գրիգորյանի առաջարկի շուրջ։

Ստորագրվեցին մի շարք պայմանագրեր՝ առաջին գործարքների ֆինանսավորման շուրջ։ «ԵՄ-Ասիա» հոլդինգի և Energy Consult ընկերության գրասենյակում տեղի ունեցան հանդիպումներ Սլովակիայի խոշորագույն գործարանների և կազմակերպությունների նախագահների և Իրանական պատվիրակության միջև։ Արդյունքում ստորագրվեցին համագործակցության պայմանագրեր։ Սլովակյան Կառավարությունը ուրախությամբ սատարում է պարոն Գրիգորյանի՝ Սլովակիան Իրանի համար որպես Եվրոմիության դարպաս դարձնելու առաջարկը և մեծ նշանակություն տալիս այդ գործարքներին Հայաստանի մասնակցության հեռանկարը։ Այս առաջարկությունները ծնվել են Սլովակիայի փոխվարչապետ Պետեր Կաժիմիրի փետրվարյան և Սլովակիայի Էկոնոմիկայի նախարար Վազիլ Հուդակի մարտ ամսին կայացած այցելությունների արդյունքում, որին իր ակտիվ մասնակցությունն էր բերել ԵՀՄՖ-ի և «ԵՄ-Ասիա» հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը։




Լրահոս