Շատ պաշտոնյաներ իրենք իրենց վրա «ղժժում են». Սերգեյ Դանիելյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` իշխանություններին հանձնվելուց հետո մեր քաղաքացիների շրջանում հակասական տրամադրություններ էին տիրում:

Հանրության մի ստվար զանգված անորոշության մեջ էր, մյուս մասը` հիասթափություն էր զգում, մեկ այլ հատված էլ խրախուսում էր նրանց արարքը: «Ժողովուրդ»-ը զրուցեց դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, ով եւս ներկա էր ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաներին եւ աջակցում էր ցուցարարներին: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպիսին է այժմ նրա դիրքորոշումը:

-Սերգե՛յ, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռեր»-ի` զենքերը վայր դնելուց հետո մեր երկրում ստեղծված իրավիճակը: Փաստորեն, անգամ զենքի ուժով հնարավոր չէ՞ որեւէ տեղաշարժ գրանցել մեր երկրում:

-Հարավոր է, ինչու չէ: Ուղղակի հասարակությունը պետք է այդ փոփոխություններին արժանի լինի, այդքան բան: Տղերքն ինչ կարողացան, արեցին, մենք էլ ինչ կարողացանք, արեցինք, ընտրություններին էլ ինչ կարողանում, անում ենք (ծիծաղում է):

unnamed

Բայց սա այնպիսի հասարակություն է, որ եթե 10 հազար դրամ էլ տաս, ցանկացած հարց կլուծես: Շատ մարդիկ չեն էլ կապում իրենց կյանքը Հայաստանի հետ, բարոյալքված վիճակում են:

-Ուզում եք ասել` պատրաստ չե՞նք մեծ պոռթկումների:

-Երեւի, համենայն դեպս, փորձը դա ցույց տվեց: Դա ոչ լավ է, ոչ վատ: Եթե պատրաստ չենք, ուրեմն այդ փոփոխությունները դեռ պետք չեն: Իսկ եթե զոռով ինչ-որ բան անենք, ավելի վատ կլինի:

-Ձեզ ի՞նչ տվեց բողոքի ակցիաներին, ցույցերին մասնակցությունը:

unnamed (2)

-Ոչ մի բան, ի՞նչ պետք է տար: Ես միշտ էլ այնտեղ եմ, կլինի դա ուղղակի (երբ բանը բանից անցնում է) թե անուղղակի ձեւով: Ես էլ եմ ուզում ինչ-որ բաներ փոխել մեր երկրում, բայց հասկանում եմ, որ դրանք խորքային խնդիրներ են, որոնք զենքի ուժով էլ չեն լուծվում, եթե ունես ռաբիս, կոմֆորմիստ, կոմպրոմիսային հասարակություն:

-Դուք անընդհատ խոսում եք հասարակությունից ու հանրային գիտակցությունից, իսկ իշխանությունների մասին ի՞նչ կասեք:

-Այդ իշխանությունները Մարսից չեն եկել. մեր հարազատ ժողովրդի ծոցից են դուրս եկել, ուղղակի նրանց «բախտը բերել է», ավելի շատ են գողացել, կարողացել են «կայանալ»: Պարզապես հարցը հետեւյալն է` մենք ինչո՞ւ ենք ուզում իշխանափոխություն:

unnamed (1)

Ո՞վ է ասել, որ դրանից հետո մեր վիճակը կլավանա այն էլ այն դեպքում, երբ ժողովրդի զգալի մասը կարող է ընտրությունների ժամանակ ծախվել կամ իր ճակատագիրը հայրենիքի հետ չկապել: Եթե նույնիսկ լավ, ազնիվ իշխանություն գա, իսկ ժողովուրդը մնա նույնը, դրանից ոչինչ չի փոխվի:

-«Սասնա ծռեր»-ի` զենքերը վայր դնելուց հետո Դուք ի՞նչ մտորումներ ունեցաք:

-Իմ պարագայում հիասթափություն, իհարկե, տեղի չունեցավ: Կարծում եմ, որ ավելի լավ է` մենք պատրաստվենք նորմալ, լուրջ հասարակություն ձեւավորելուն:

-Ցույցերին մասնակցելուց հետո Ձեր նկատմամբ իշխանությունների կողմից ճնշումներ (կլինեն դրանք ուղղակի թե անուղղակի կերպով) եղե՞լ են:

-Ո՛չ: Ես ոչ մի բռնության կոչ չեմ արել, հակառակը` հորդորել եմ, որ ժողովուրդը հավաքվի, որպեսզի բռնություն չլինի: Ինչ-որ մարդիկ, իհարկե, հավաքվեցին: Կարծում եմ` ամեն դեպքում մենք տվեցինք մինիմալ զոհեր, մեր վիճակը կարող էր ավելի վատ լինել:

-Դուք Ձեր «Դիվադադար»-ի միջոցով ծաղր ու ծանակի եք ենթարկում մի շարք պաշտոնյաների, համարձակ ելույթներ եք ունենում, ցույցերի եք մասնակցում: Եթե նույնիսկ ճնշման չեք արժանացել, վերեւներից Ձեր նկատմամբ խտրական, առանձնահատուկ վերաբերմունք նկատե՞լ եք:

-Ասեմ, որ իմ բոլոր դերերն ու հաղորդումները ես եմ ընտրում: Այնպես չի լինում, որ վերեւներից զանգեն, ասեն` հանեք դրան գործից, նման բան չի եղել: Ինչ ուզում, երբ ուզում, ինչքան ուզում, խաղում եմ:

Լրագրողներն ինձ պատմել են, որ Ազգային ժողովում շատ պաշտոնյաներ, դիտելով «Դիվադադար»-ի իմ տեսանյութերը, իրենք իրենց վրա ղժժում են: Այնպես որ, իմ հումորը վիրավորական չէ, ոչ էլ հրապարակախոսություն է: Պաշտոնյաների համար դա զվարճալի է, ինչպես եւ մեզ համար: Ամեն դեպքում, այդ հումորի միջոցով ես կարողանում եմ մեսիջներ հասցնել իրենց էլ, հասարակությանն էլ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս