«Վարչապետն ավելի պարզ և ավելի գործնական ծրագիր է ուզում». ինչ փուլում է գտնվում համայնքների զարգացման 5-ամյա ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում վերանայել եւ լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման եւ կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի եւ հսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ: Այդ փաստաթղթերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում, գործնական կիրառման աշխատանքներում պատասխանատվությունը պետք է կրի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել էր, որ ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բոլոր համայնքները հնգամյա զարգացման ծրագրերը մշակեն նոր մեթոդաբանությանը համապատասխան: Կարապետյանի խոսքով` յուրաքանչյուր բնակավայր ու դրա կառավարիչը պետք է ունենան հորիզոն, թե ինչ են ուզում, որ այդ բնակավայրում լինի: «Պետք է ունենալ ծրագիր, թե ինչ քաղաք, գյուղ ու համայնք է ինքը պատկերացնում»,- ասել էր վարչապետը:

Հանձնարարվել էր նաեւ, որ մեթոդաբանությունը շարադրվի հստակ, թուղթը լինի ընթերցելի, հասկանալի, տրամաբանական ու պրագմատիկ: Ի պատասխան վարչապետի հանձնարարականի` տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել էր, որ, պայմանավորված ՏԻՄ ընտրություններով, հունվարի 15-ին համայնքները կունենան համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը:

«Ժողովուրդ»-ը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ զրուցեց 5-ամյա այդ ծրագրի մշակման գործընթացի եւ սպասվելիք փոփոխությունների մասին:

-Պարո՛ն Լոքյան, սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը տվեց հստակ հանձնարարական` մշակել համայնքների զարգացման 5-ամյա ծրագիր: Ի՞նչ փուլում է գտնվում այդ ծրագրի մշակման գործընթացը:

-Համայնքների զարգացման մեթոդաբանության մշակման գործընթացն արդեն ավարտված է: Շաբաթ օրը Դիլիջանում մենք առաջին ներկայացումը կանենք` Դիլիջան խոշորացվող համայնքի համար: Բացի մեթոդաբանությունից` այնտեղ կքննարկվեն խոշորացման արդյունքով նախատեսված ծրագրերի ընթացքը, սկիզբը կդրվի, Եվրոմիության համապատասխան աջակցությամբ սկսվող ծրագրերի մասին կխոսվի, եւ սա կդառնա առաջին քայլը հանրապետության բոլոր տարածքներում մեթոդաբանությունը փոխանցելու, 5-ամյա ծրագրերը կազմելու գործընթացի:

-Համայնքների զարգացման 5-ամյա ծրագիր արդեն մշակվել էր նախարարության կողմից մինչ Կարեն Կարապետյանի նշանակումը: Ինչո՞ւ նորանշանակ վարչապետը հանձնարարեց նոր ծրագիր մշակել: Արդյո՞ք ծանոթացել էր արդեն առկա ծրագրին եւ չէր հավանել, թե՞ այլ խնդիր է առաջացել:

-Ավելի շուտ պարոն Կարապետյանը ուզում էր շատ ավելի պարզ, շատ ավելի գործնական ծրագիր լինի: Ծրագիրը նախկինում 2014 թվականին էր մշակված եղել, ծրագիր չասենք, այլ մեթոդաբանություն, որը, փաստորեն, փոխվում է ավելի փոքր, ավելի գործնական ուղղությամբ ծրագրով: Դա նախարարությունը ընթացքի մեջ էր պահել եւ անում էր: Այդ հանձնարարականը ավելի արագացրեց այս գործընթացը:

-Պարո՛ն Լոքյան, ինչի՞ համար են այս ծրագրերը, եթե, կարծես, որեւէ զարգացում չկա: Չնայած այս ծրագրերն ունեն համայնքների զարգացման միտում, բայց համայնքների բնակիչներից շատ են լինում բողոքները, ասում են` առաջընթացի փոխարեն հետընթաց ենք ապրում:

-Սրանք կոնկրետ ծրագրեր են, որոնց արդյունքը չափելի է, գնահատելի է, տեսանելի է: Այն, որ համայնքներում զարգացում չկա, դա ճշմարիտ չէ, քանի որ եթե Դուք շրջեք նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղական համայնքներում, Դուք այնտեղ կտեսնեք շատ լավ համայնքապետարաններ, մանկապարտեզներ, իսկ տասը տարի առաջ դրանք բացակայում էին: Բայց զարգացումը դա չէ, զարգացումը տնտեսական ռեսուրս ստեղծելու հնարավորությունն է, ավելացրած արժեք ապահովելու խնդիրն է, միայն շենք, ջրագիծ ունենալու խնդիրը չէ, այլեւ զբաղվածության ապահովում, ոչ գյուղատնտեսական գործունեության մուտք համայնքներ, որը պիտի բերի եկամուտ տվյալ համայնքում եւ կարողանա մարդկանց պահել տվյալ տարածքի վրա:

-Իսկ առաջիկայում էլի՞ կլինեն մարզպետների փոփոխություններ:

-Դրա մասին պետք է խոսենք վարչապետի հետ:

-Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ սկսվում է կադրային փոփոխությունների երկրորդ փուլը, որն ավելի շատ վերաբերելու է մարզպետներին: Դա այդպե՞ս է:

-Ո՛չ:

զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս