Խմելու ջրի միասնական օպերատորը առաջիկա 15 տարիների ընթացքում շուրջ 80 մլրդ դրամի ներդրում կանի Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խմելու ջրի համակարգը միասնական օպերատորի հանձնման գործընթացը մտել է վերջնական փուլ: Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է պայմանագրի ստորագրումը:

Այս մասին Վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունը:

Նորանշանակ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՎԶԲ վարկային մասնագետ Թիա Մելիքաձեն ներկայացրեց Բանկի կողմից Հայաստանում իրականացված և ընթացիկ ծրագրերը:

Բանկի ներկայացուցչի խոսքով Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը, որն իրականացվել է 2012-2015 թթ.-ի ընթացքում ապացուցել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՋՏՊԿ-ի, հուսալի գործընկեր է, որի նպատակները համընկնում է Բանկի առաջնահերթությունների հետ:

«Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի իրականացման գործում ՎԶԲ ֆինանսական մասնակցությունը կազմել է 6.5 մլն եվրո՝ վարկի տեսքով: Այս ծրագրի նպատակն էր ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ջրամատակարարման բարելավումը, ինչպես նաև՝ ՀՀ Տավուշի (քաղաք Դիլիջան), ՀՀ Վայոց ձորի (քաղաք Ջերմուկ) մարզերում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը: Այս ծրագրի հաջող իրականացումը մեզ հույս ներշնչեց հետագա համագործակցության և արդեն իսկ ընթացիկ ծրագրերի նախաձեռնման գործում»,- ասաց Թ. Մելիքաձեն:

ՎԶԲ-ն այս պահին Հայաստանում իրականացնում է նաև Հայաստանի ջրային ներդրումային ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում գործող հինգ ջրային ընկերությունների կառավարումը մեկ մասնավոր օպերատորին սահուն հանձնման համար մրցութային գործընթացների մշակումն ու կազմակերպումը:
Խոսելով միասնական օպերատորի հետ կնքվելիք պայմանագրի մասին, ՋՏՊԿ նախագահը նշեց, որ մրցույթի պայմանները բավականին հստակ և խիստ են եղել,որի հիմնական նպատակը քաղաքացիների շահերի պաշտպանությունն է եղել.
«Ընտրության գործընթացը բավականին երկար տևեց: Վերջին՝ բանակցային փուլում, հիմնականում քննարկել ենք միասնական սակագնի հարցը՝ փորձելով հաշվի առնել բոլոր կողմերի շահերը: Բացի այդ, միասնական օպերատորը առաջիկա 15 տարիների ընթացքում շուրջ 80 մլրդ դրամի ներդրում է պատրաստվում կատարել՝ համակարգի արդիականացման համար: Կարծում եմ՝ այսպիսի մանրակրկիտ ընտրությունը իր դրական ազդեցությունը կունենա համակարգի վրա»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանը:

Նշենք, որ ՎԶԲ-ն Հայաստանում իրականացնում է Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրը՝ 21 մլն դոլար արժեքով:

ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն




Լրահոս