ԱՅՍՔԱՆ ԴԱՆԴԱՂ ՏԵՄՊՈՎ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՊԱՀՊԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ կառավարության՝ օրերս հաստատված ծրագրի` նախատեսվում է մեկ տարվա ընթացքում Հայաստանում պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում եւ հաստատում, պետական միասնական կադաստրային համակարգում 10 պատմամշակութային անշարժ հուշարձանների ներառում: «Ժողովուրդ»-ը պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանից հետաքրքրվեց, թե որքանով է ծրագրի այս հատվածն արդյունավետ:

«Կարծում եմ` Հայաստանում հարկավոր է դադարեցնել հուշարձաններն ամբողջապես վերականգնելու ծրագրերը: Ինչո՞ւ: Որովհետեւ հանրապետության հուշարձանների մեծ մասը վթարային վիճակում է, առաջնային օգնության` ամրակայման կարիք ունի: Պետք է նախ եւ առաջ դրանով զբաղվել, մինչեւ որ կարողանանք անցնել հուշարձանների ամբողջական վերականգնմանը: Բանից դուրս է գալիս, որ ուշադրությունը կենտրոնացնում ենք մի քանի հուշարձանի վրա, իսկ այդ ընթացքում մյուսները կարող են փլուզվել: Ինչ վերաբերում է պահպանական գոտիների նախագծմանն ու հաստատմանը, կարող եմ ասել, որ հանրապետությունում պետական գրանցում ունեցող 24 հազարից ավել հուշարձան կա, որի 50 տոկոսն ունի պահպանական գոտի: Հիմա եթե տարին ընդամենը 200 պահպանական գոտիների նախագծում եւ հաստատում իրականացվի, պատկերացրեք` քանի տարի է հարկավոր, որ շուրջ 12 հազար հուշարձանների համար այդ գործընթացը կյանքի կոչվի: Դա բավական դանդաղ տեմպ է, որի ընթացքում կարող ենք մի շարք հուշարձաններ կորցնել»,-մեկնաբանեց պարոն Այվազյանը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին (այդ թվում` դրանց փոխարեն առեւտրի կենտրոնների կառուցումը կանխելուն) առնչվող այն մեկնաբանությանը, որ «եթե մենք կարողանանք հասկացնել որ այն, ինչ անում ենք, իր երեխաների, իր թոռների ապագայի համար ենք անում, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, թեկուզեւ օլիգարխը, հասկանալու է, որ սա իր զարգացող հայրենիքի համար է»: Պարոն Այվազյանը նկատեց, որ օլիգարխները նման հարցերը բացատրելով դժվար թե հասկանան. «Սամվել Ալեքսանյանին, սկսած մշակույթի նախկին նախարարից, վերջացրած մտավորականներով, բազմիցս բացատրեցին, որ Ծածկած շուկայի ետնամասում չի կարելի ձեւափոխումներ եւ հավելումներ կատարել, հասկացա՞վ: Կամ` Երեւանում կարո՞ղ եք այգեպուրակային մի հուշարձան ցույց տալ, որն անաղարտ է մնացել: Բոլոր տեղերում հյուրանոցներ, սրճարաններ են կառուցվել, ասֆալտապատումներ են իրականացվել. այս ամենի հեղինակները հենց օլիգարխներն են, թույլատրողը` քաղաքապետարանը, ո՞ւմ, ի՞նչ բացատրենք: Բացատրենք էլ` չեն հասկանա, որովհետեւ տարվել են փող կուտակելու մոլուցքով: Մի շարք այգիներից եւ պուրակներից անգամ նստարաններն են հանվել, ցայտաղբյուրները միացված չեն, գիտե՞ք ինչու. որ մարդիկ գնան, այդտեղ կառուցված սրճարաններում նստեն եւ այնտեղ էլ ջուր պատվիրեն, առեւտուր լինի»:
Պարոն Այվազյանի դիտարկմամբ` որքան էլ մեր հարեւան երկրներին ինչ-ինչ հարցերում թերագնահատենք, պետք է ընդունենք, որ դրանց մայրաքաղաքները պահպանել են իրենց դիմագիծը, իսկ, ահա, Երեւանը, ցավոք, վարդագույն քաղաքից վերածվել է դժգույն քաղաքի:
«Մեր երկրում տեղական իշխանություններն էլ իրենց հերթին են աչքաթող անում հուշարձանների պահպանության գործը: Ու այս խնդիրը մենք ունենալու ենք այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունն ու ժողովուրդը համատեղ քայլեր չձեռնարկեն հուշարձանները փրկելու ուղղությամբ»,-եզրափակեց պատմաբանը:

 

 
ՀՈՒՄՈՐԻՍՏԸ ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ

Տեւական ժամանակ է` հումորիստ Արտյոմ Մարկոսյանին էկրաններին չենք տեսնում:

«Բեռնարդ շոու», «Կախարդական գիշերներ», «Բարեւ, ես եմ» եւ այլ նախագծերից հայտնի հաղորդավարն ու շոումենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց. «Չեմ կորել, աշխատում եմ: Թեեւ այս պահին չեմ երեւում հեռուստատեսային որեւէ նախագծում, գործունեությունս չեմ պասիվացրել. մի քանի ռուսական խաղարկային ֆիլմերում հանդես եմ եկել որպես դերասան, որոշ կինոնկարներում նկարահանվելու համար էլ քասթինգ եմ անցնում: Աշխատում եմ որպես պրոդյուսեր եւ ռեժիսոր: Օրինակ` Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող տոնական համերգի ռեժիսորն էի: Մի քանի անտերպրիզային ներկայացումների` տրագիկոմեդիաների պրոդյուսեր եմ: Դրանց սցենարը նոր է գրվում, ամեն բան դեռ խմորման փուլում է»:
Մենք հետաքրքրվեցինք` հեռուստաէկրաններին երեւալու հանարավորություն, թե՞ ցանկություն չկա. «Նման հրավերներ ունեմ, պարզապես այս պահին չկա այն առաջարկը, որն ինձ կգրավի: Կցանկանայի, որ տվյալ նախագծի ֆորմատը իմ սրտով լիներ: Եկեք, ձեռքներս դնենք խղճներիս ու փաստենք, որ հայկական հեռուստատեսային պրոդուկտի որակը վերջին շրջանում շատ է ընկել: Այսօր հայ հանրության մի ստվար զանգված հայկական հեռուստաալիքների գործունեությանը չի էլ հետեւում. նախընտրում է արտասահմանյան հաղորդումներ դիտել»,-մեկնաբանեց Արտյոմը:
Իսկ հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «7 ու կես» ներկայացման կազմը (Հայկոն, Մկոն, Ռաֆոն, Հովոն, Գրիշան, երկու Արմեններն ու ինքը) կրկին միավորվի որեւէ նախագծի շուրջ, հումորիստը պատասխանեց. «Այդ գաղափարն ինձ միշտ հոգեհարազատ է եղել: Մեծ հաճույքով կցանկանայի, որ կրկին նման նախագիծ իրականացվեր, բայց այս պահին այդպիսի ծրագրեր չկան»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
Հոկտեմբերի 28-31-ը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ԱՊՀ երկրների Երիտասարդ կինոյի «Հույս» կինոֆորումը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից ֆորումին մասնակցել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադեւոսյանը` իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով: Կինոֆորումի միջազգային ժյուրիի կողմից ռեժիսորի ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին: «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում եւ արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը: Ավելի վաղ կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով ավելի քան 20 մրցանակների:

 

 

Ե՞ՐԲ ԿԱՆՑՆԻ ԹՈՇԱԿԻ
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն վերջերս հաստատել է այն տեղեկությունը, որ 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո ինքը թոշակի կանցնի: The Daily Mail-ի փոխանցմամբ` 10-րդ ֆիլմին հասնելու համար ռեժիսորը պետք է նկարահանի եւս 2-ը: 53-ամյա Տարանտինոյին մեծ հռչակ է բերել «Քրեական ընթերցվածք» ֆիլմը, որն արժանացել է «Ոսկե արմավենի», «Օսկար» եւ «Ոսկե Գլոբուս» մրցանակներին։ Նրա լավագույն ֆիլմերի թվում են «Մահվան ապացույցը», «Անփառունակ սրիկաները», «Ջեքի Բրաունը», «Ջանգո ազատագրվածը»:




Լրահոս