Ինչո՞ւ է ուրանի ուսումնասիրությամբ զբաղվող ընկերությունը սնանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գետիկ մայնինգ քոմփանի» ընկերությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա սեպտեմբերի 27-ի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Այժմ ընկերության նկատմամբ սահմանափակումներ են կիրառված:

Տեղեկացնենք, որ գործով կառավարիչ է նշանակվել Սոֆյա Դավթյանը: Պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության պետական պարտքը կազմում է 500 հազար դրամ, իսկ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության հանդեպ ունեցած պարտքը՝ մոտ 13 մլն 140 հազար դրամ: Նշենք, որ այս ընկերությանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարարությունը լիցենզիա է տրամադրել Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի միջին հոսանքում պղնձի հանքերեւակումների երկրաբանական ուսումնասիրություն անցկացնելու համար:

ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին եւ ունի 5 հիմնադիր. «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն, Իտալիայի քաղաքացիություն ունեցող Սերգիո Դի Ջովանին, Ավստրալիայի քաղաքացի Սիմոն Ջեյմս Քլեղորնը, ԱՄՆ քաղաքացի Ֆրանկ Անտոնի Պաստորինոն եւ ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը: Ի դեպ, «Գետիկ Մայնինգ Քոմփանի» ընկերության 80 տոկոս բաժնեմասը պատկանում է «Գլոբալ գոլդ մայնինգ»-ին:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի դաշնային դատարանը, հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի եւ ընդդեմ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, 37.5 մլն դոլարի վճիռ էր կայացրել: Իսկ Վարդան Այվազյանն էլ, այս վճռի դեմ իր անհամաձայնությունը հայտնելով, պարզաբանել էր, թե ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ինքը «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը զրկել էր ընդերքի օգտագործման լիցենզիայից՝ աշխատանքները սահմանված ժամկետում չկատարելու համար: Սակայն հետո պարզվել էր, որ ընկերությանը հատկացված Հանքավանի եւ Մարջանի հանքավայրերը շահագործման էին հանձնվել այլ ընկերության:

«Գետիկ Մայնինգ քոմփանի» ընկերությունը Գետիկում երեք տարի ուսումնասիրությունների համար հատկացրել էր 1 մլն դոլար: Այդ աշխատանքներն իրականացվում են բնապահպանության նախարարության տված լիցենզիաների, նախարարության հաստատած նախագծի եւ ՀՀ օրենսդրության համաձայն: Սակայն ընկերությունը ընդհատել է ուրանի ուսումնասիրությունը, հարկային պարտավորություններ կուտակել ու սնանկացել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս