Նախարարի հանձնարարությամբ խիստ հսկողություն է սահմանվել հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմում խիստ հսկողություն է սահմանվել ինչպես նախարարությունում ստացվող դիմում-գրությունների, այնպես էլ հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ:

2016 թ. հունվար – հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 29434 դիմում և գրություն, որից 87-ը եղել են քաղաքացիների դիմում-բողոքներ: Դիմում-գրություններից 1308-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:

Նույն ժամանակահատվածում 416 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայական:

2016 թ. հունվարի 1-ից նոյեմբերի 23-ը նախարարության լիցենզավորման գործակալության «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 1776 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 38 լիցենզիա և 780 ներդիր, փոտային կապի գործունեության 4 լիցենզիա և 8 ներդիր, ինչպես նաև ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 507 լիցենզիա:

Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 137 հարցում, որոնց նույնպես ընթացք է տրվել և ըստ էության պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 18 հարցում:

Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:

Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:
Նախարարությունում գործում են և պաշտոնական կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնցով հասարակությունը կարող է օպերատիվ տեղեկանալ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակի, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացի, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների և նամակների ընթացքին:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նախարարությանը հասցեագրած դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս