Երևանում տրանսպորտի ուղեվարձը կրկին կփոխվի. ինչ տարբերակներ են քննարկվում. մանրամասնում է քաղաքապետի տեղակալը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացմանը, նշել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցությունների փուլում է, սակայն լուծումներն արդեն տեսանելի են. «Մեր նպատակն է նաեւ, որ Երեւանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ եւ լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»,-ասել էր քաղաքապետը։

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ: Եւ պարզեցինք, որ աշխատանքները սկսվելու են նոր երթուղային ցանցի մշակումից: Այն կլինի եվրոպական չափորոշիչներին համապատասխան, պետք է մշակվի խորհրդատուի կողմից ներկայացված բոլոր հաշվարկների հիման վրա: Հաշվարկների հիմքում դրվելու է առկա ուղեւորահոսքը, դրա պիկ ժամերին սպասարկման հնարավորությունները: Այս փուլը ավարտելուց հետո քաղաքապետարանը արդյունքները կներկայացնի հանրային քննարկման, որպեսզի բնակիչը հասկանա, թե ինչ ակնկալել այդ ծրագրից: Հնարավոր է` բացառել նաեւ կրկնվող գծերի առկայությունը: Սա ենթադրում է, որ դրանց բացակայության դեպքում քաղաքի մի կետից մեկ այլ կետ երթեւեկելու համար անհրաժեշտ է լինելու նաեւ տրանսպորտային միջոց փոխել:

Տեխնիկական առումով ստեղծելու են հնարավորություններ նաեւ սակագնային մասով, որպեսզի բնակիչը տրանսպորտային միջոցը փոխելուց մի քանի անգամ չվճարի դրա համար, իսկ երթեւեկության պլանավորման տեսանկյունից, Նիկոյանի ներկայացմամբ, բոլոր մեքենաներում պետք է անպայման ունենալ «ՋԻ ՓԻ ԷՍ» համակարգեր, էլեկտրոնային չվացուցակներ, նաեւ ծրագրային համակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան սմարթֆոններով եւ այլ համակարգերով տեսնել, թե յուրաքանչյուր ավտոբուս տվյալ կանգառ երբ է հասնելու. «Այսինքն՝ հարմարավետությունը կստեղծենք, այլ խնդիր է, թե մեր բնակչությունը ինչքանով համամիտ կլինի, որ նոր պայմաններով, նոր չափորոշիչներով երթեւեկելու համար տրանսպորտային միջոց փոխի, համատեղի, այսինքն՝ ավտոբուսը մետրոպոլիտենի հետ եւ այլն, եւ այլն»,-ասաց Նիկոյանը:

Հիմա հասարակությանն ամենաշատը հետաքրքրող հարցի մասին. արդյո՞ք սակագնային փոփոխություններ լինելու են: Նիկոյանի համոզմամբ` սակագնի կառուցվածքը անպայման կփոխվի, որովհետեւ եթե խոսք միասնական տոմսային համակարգի մասին է, ապա մեկ երթեւեկության համար մեկ տոմս, այն, ինչ այսօր, ըստ էության, ունենք, դա չի կարող աշխատել. «Հենց առաջինը նրա համար, որ տրանսպորտային միջոց փոխելու դեպքում արդեն ենթադրելու է կրկնակի վճարում: Կառուցվածքը կփոխվի: Ինչ կառուցվածք կներդրվի, ես կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել, բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա համար շատ տարբերակներ կան: Սկսած կիլոմտրից, վերջացրած օր, տարի, ամիս: Բոլոր հնարավոր տարբերակները, կարծում եմ, կուսումնասիրի խորհրդատուն, եւ նա պարտավոր է առաջարկել Երեւան քաղաքի համար ամենակիրառելի տարբերակը: Ինչ վերաբերում է սակագնին: Եթե կառուցվածը փոխվում է, ապա սակագնի զուտ գումարային մեծությունը արդեն կախված կլինի երթեւեկությունից: Դա չի նշանակում, որ բոլորի համար դա կթանկանա կամ կմնա նույնը կամ կնվազի: Ի վերջո, չեմ բացառում, որ ինչ-որ մի քանակի համար լինի թանկացում»: Ճիշտ է` Նիկոյանը նշում է, որ այդ դեպքում սակագնային քաղաքականությունը տարբեր խմբերի համար հնարավոր է՝ տարբեր սահմանվի, այսինքն՝ սոցիալապես անապահովների համար արտոնություններ լինեն, բայց պարզ տրամաբանությամբ անգամ կարելի է նկատել, որ երթուղային միջոցներից չեն օգտվում «բարձր դասի» անձինք, երթեւեկության այդպիսի միջոցները «շարքային» քաղաքացիների համար են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս