Ի՞նչ վիճակ է հիմա աղետի գոտում. 28 տարի անց դեկտեմբերի 7-ին՝ տնակներում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանը ցնցվեց Գյումրիի եւ Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Կես րոպեում հզոր ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ: Ցնցումները զգացվել են Երեւանում եւ Թբիլիսիում: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Այդ ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 28 տարի, սակայն աղետի գոտի հասկացությունը դեռ գոյություն ունի մեր երկրում: Մարդիկ կան, որոնք շարունակում են անմարդկային պայմաններում վագոն-տնակներում բնակվել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականի դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժ 20-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու, վերականգնվելու է բնականոն եւ օրեցօր բարելավվող կյանքը: Մենք սա խոստացել ենք եւ անելու ենք. չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը, չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին՝ մենք սրան հասնելու ենք»:

Իսկ ի՞նչ վիճակ է հիմա ողջ աղետի գոտում: Մեկ բառով կարելի է բնութագրել` դեռ աղետալի: Սերժ Սարգսյանի՝ նման հայտարարությունից հետո, իհարկե, իրականացվեցին ծրագրեր, բնակարաններ կառուցվեցին, բայց ամբողջովին չվերացրին այն հետեւանքները, որ առաջացրել էր երկրաշարժը:

Հետո հնչեց երկրորդ լրջագույն խոստումը՝ արդեն 2014 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի շուրթերից: Նա կառավարության նիստից հետո հայտարարել էր, որ բնակարանային խնդիրներին վերջնական լուծում կտրվի 2015 թվականին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահան Թումասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացնելով Գյումրիում տիրող վիճակը, նշեց, որ երեւակայությունը մարդու չի բավարարում՝ նկարագրելու համար, թե ինչպիսի կենցաղային ծանր պայմաններում են ապրում երկրաշարժից տուժածները. «Տնակային ավաններում` կիսափլված շենք-շինություններում կամ նախկին գործարանային հանրակացարաններում, բնակվում են մոտավորապես 3000 ընտանիք: Բայց հաշվի առնելով, որ տնակային ավաններում սովորաբար բազմազավակ ընտանիքներն ավելի շատ են, մոտավորապես 15000 բնակիչ կլինի, դրանցից 1000-1100-ը հաշվառված են եղել անօթեւանների ցուցակում»,- իրավիճակն այսպես ներկայացրեց Թումասյանը:

Վերջինիս խոսքով` կան նաեւ այնպիսի ընտանիքներ, որոնք բնակարաններ չեն ստացել, որովհետեւ պետության պահանջներին համապատասխանող փաստաթղթեր չեն կարողացել ներկայացնել, դուրս են մնացել բնակարանների փոխհատուցման հայտացուցակներից: Մոտ 1100-ը, Թումասյանի ներկայացմամբ, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում: Ավելին` կան այնպիսիք նաեւ, որոնք գործազրկության պատճառով աներեւակայելի իրավիճակում են հայտնվել եւ դրա հետեւանքով վաճառել են իրենց հատկացրած բնակարանը եւ արդյունքում կրկին հայտնվել են տնակներում:

Տնակային ավանների պահպանումը Գյումրիում եւ աղետի հետեւանքների վերացման ձգձգումները հանգեցնում են նորանոր խնդիրների: Թումասյանի տեղեկացմամբ` այնքան է խճճվել այս հարցը, որ հիմա ոչ մեկը չի կարողանում գլուխ հանել, թե ինչպես է, վերջ ի վերջո, լուծվելու այս թնջուկը. «Այդ մարդկանց համար, մեզ համար ամեն օր դեկտեմբերի 7 է, որովհետեւ մենք ամեն օր շփվում ենք աղետի թարմ հետեւանքների հետ, դեկտեմբերի 7-ը ավելի հանգիստ օր է, որովհետեւ գալիս են, սփոփում են, ուշադրության կենտրոնում են պահում, մարդ մի քիչ հանգստանում է ներքուստ»: Թումասյանը հայտնեց նաեւ որ հիմա չեն էլ կառուցվում բնակարաններ, կառուցապատման ծրագիրը 4-5 տարի առաջ դադարեցվել է:
«Գորբոչովն էլ խոստացավ 2 տարում լուծել խնդիրը, այսինքն՝ բոլոր իշխանություններն էլ, ով եկել, գնացել է, խոստացել են տարբեր ծրագրեր իրականացնել, բայց դեռեւս որեւէ ծրագիր ամբողջապես չի իրագործվել»,- նշեց Թումասյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս