Վիգեն Սարգսյանը նահանջում է. պարտադիրը՝ կամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ 102 կողմ, 3 դեմ ձայներով ընդունվեց: Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախագծով 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ պահումներ են արվելու մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով:

Ազգ-բանակ գաղափարախոսությունը կրող այս նախագիծը բուռն քննարկումների տեղիք տվեց ոչ միայն օրենսդիրների, այլեւ հանրության շրջանում: Իշխանության նկատմամբ ձեւավորված անվստահությունը պատճառ դարձավ, որ մարդիկ կասկածանքով վերաբերվեն նաեւ օրենսդրական այս նախաձեռնությանը: Այնուամենայնիվ, չնայած բուռն քննարկումներին եւ քննադատություններին, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «1000 դրամների» նախագիծը: Սակայն ընդունումից հետո էլ դժգոհությունները շարունակվեցին:

Նոյեմբերի 18-ին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ քննարկվում է «1000 դրամների» հիմնադրամում ոչ թե պարտադիր, այլ կամավոր հատկացումներ անելու հարցը: «Հնարավոր է՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ օրինագծում նման փոփոխություններ լինեն»,- ասել էր Բաղդասարյանը: Ու երբ ArmLur.am-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, նա հայտնել էր, որ այս փուլում չի կարող հստակ մեկնաբանել. «Ցանկացած նորության դեպքում հանրությունը պաշտոնապես կտեղեկացվի»,- ասել էր Հովհաննիսյանը: Ըստ էության ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր այդ տեղեկությունը:

Մինչ հանրությանը պաշտոնապես կտեղեկացնեն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ աշխատում են օրենքի այդ նախագծի վրա, որպեսզի երկրորդ ընթերցմանը ներկայացնելու ժամանակ «1000 դրամների» նախագծի պարտադիր բաղադրիչը հանվի, դառնա կամավոր: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, ով ցանկություն չի ունենա ամեն ամիս վճարել 1000 դրամ, կարող է դիմում գրել եւ հրաժարվել դրանից: Իշխանությունները, իհարկե, հույս ունեն, որ թեեւ իրենք սա կդարձնեն կամավոր սկզբունքով, այնուամենայնիվ, հասարակությունը չի հրաժարվի 1000 դրամ վճարելուց, եւ երկու խնդիր միաժամանակ կլուծվի: Եւ ՀՀ նախագահի նստավայրից արդեն ԱԺ պատգամավորներին «նրբորեն» բացատրել են, թե ինչ փոփոխություններ են սպասվում, եւ պետք է գովերգել ընդառաջ գնալու այդ քայլը:

«ժողովուրդ»-ը այս առնչությամբ, իհարկե, փորձեց պարզաբանումներ լսել նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Ի պատասխան մեր հարցման` Շարմազանովը նշեց. «Օրենքով տենց բան չենք ընդունել, օրենքով պարտադիր է այս պահին, առաջին ընթերցմամբ ընդունել ենք այն տեսքով, որ կա այս պահին, որ ներկայացրել է պաշտպանության նախարարը, այսինքն՝ պարտադիր: Երկրորդ ընթերցմամբ կքննարկենք: Ես տեղյակ եմ ՊՆ-ի դիրքորոշման մասին, որը պարոն նախարարը հայտնել է ՀՀԿ համագումարից անմիջապես հետո, մենք միասին ասուլիս էինք տալիս, ես ներկա եմ եղել, պարոն Վիգեն Սարգսյանը նշել է, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, այս օրենսդրական նախաձեռնության մեխն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման ներդնի այս գործի համար»:

Այսպիսով՝ չնայած պաշտոնական հերքումներին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը եղել է իր երբեմնի հարազատ նախագահական նստավայրում եւ տեղեկացվել, որ իր դիրքորոշումը պետք է փոխի, որովհետեւ չեն կարողանալու հասարակության ընդվզման դեմն առնել եւ հատկապես ապրիլյան ընտրություններից առաջ նման իրավիճակը ձեռնտու չէ իշխանություններին:

Ինչպես ասում են՝ պարտությունը միշտ որբ է: Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 8-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին էր ներկայացրել իր այս մտադրությունը, այդ հանդիպման վերաբերյալ նախագահականից պաշտոնական հաղորդագրություն տարածեցին. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ եւ նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումը, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ավարտելու մասին»:

Բայց երբ ընդվզում առաջացավ, Սերժ Սարգսյանի խոսքերը չեն հիշվում, Վիգեն Սարգսյանն է մնացել թիրախում:
Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվելու դեպքում կարող ենք արձանագրել, որ Վիգեն Սարգսյանն առաջին «պարտիան» պարտվեց: Այն թիմը, որը պետք է օգներ նրան՝ հաղթանակած դուրս գալու համար, «դավաճանեց»: Ու հիմա, չնայած իր պնդումներին, Վիգեն Սարգսյանը ստիպված է գնալ զիջումների:

Նկատենք, որ այսպիսի վերջաբանը արդյունք էր նաեւ այն իրողության, որ Վիգեն Սարգսյանը նախապես, թեկուզ արագացված ընթացակարգով, գոնե 1 շաբաթ ամենօրյա ռեժիմով հանրային քննարկումներ չկազմակերպեց՝ շոշափելու քաղաքացիների տրամադրությունները, այլ շտապեց իր մտորումներով դեպի Սերժ Սարգսյան: Ու, թեեւ այդժամ ստացավ իր հովանավորի «դաբրոն», այնուամենայնիվ, վերջում հայտնվեց «կոտրած տաշտակի առջեւ»:

Վահագն Հակոբյան




Լրահոս