Ալիևին «ռացիոնալ պետական գործիչ» համարող, իսկ իրեն «մոնղոլ-թաթարական ավազակապետության գլուխ» կոչող Տեր-Պետրոսյանի ծառայությունները որքա՞ն կգնահատի Սերժ Սարգսյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը կայացած ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը, ինչպես եւ նա կանխատեսել էր, փոթորկել է քաղաքական դաշտը: Թեեւ նա, ըստ էության, ոչ մի նոր բան չասաց. ընդամենը կրկնեց 18 տարվա վաղեմության իր թեզը, որ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման ՀՀ-ն դատապարտված է կործանման եւ ուրեմն օր առաջ պետք է գնա հակամարտության կարգավորման փոխզիջումային, այն է՝ փուլային տարբերակի: Այսպիսով՝ իր «առաջացած տարիքում» քաղաքական 3-րդ շրջափուլի ելած Տեր-Պետրոսյանը, ըստ էության, քաղաքական աճուրդի է հանում այլեւս իր ունեցած միակ արժեքավոր «ապրանքը»՝ հաշտվողական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:

«ՀԱԿ-ը իր նախորդի՝ ՀՀՇ-ի պես ՀՀ-ի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ …«Կոնգրեսն» առաջիկա ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով։ Այն հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում «Կոնգրեսի» հաղթանակի կամ ԱԺ-ում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում»,- ի լուր ներքին եւ արտաքին ականջների՝ հայտարարեց Տեր-Պետրոսյանը։ Ընդ որում, նա չմոռացավ ոչ մեկին:

Եթե ՌԴ-ի դեպքում նա ընդգծեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման «բանալին Ռուսաստանի» ձեռքում է, այն «առանձնահատուկ դերակատարություն» ունի այդ հարցում, եւ հարկ է ՌԴ-ի գործադրած «լուրջ ջանքերն» օգտագործելու «պահը բաց չթողնել», ապա Ադրբեջանի նախագահին արժանացրեց «ռացիոնալ պետական գործիչ» տիտղոսին՝ հընթացս նաեւ «հավասարապես ցավալով հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ Տեր-Պետրոսյանն առհասարակ հայտարարեց, որ հենց Թուրքիային ենք մենք պարտական՝ 5 շրջանների ազատագրման հարցում: Ավելին՝ պարզվում է՝ Թուրքիան «շրջափակումից բացի՝ Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել», եւ ուրեմն՝ ՀԱԿ-ը հանդես է գալիս այս երկրների հետ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով: Պարզ ասած՝ իր հայտնի՝ «քիրվայության» ծրագրի ռեբրենդինգով:

Ինչ վերաբերում է ներքին՝ Սերժ Սարգսյանի ականջներին, ապա այստեղ էլ Տեր-Պետրոսյանը շտապեց կշտամբել ՀՀԿ անդամներին, որոնք «հասարակությանը խաղաղության նախապատրաստելու եւ դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում, փաստորեն, լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ՝ դա պետք է լիներ ոչ թե ՀԱԿ-ի, այլ առաջին հերթին, հենց իրենց գործը»։ Հետաքրքիր է՝ Ալիեւին «ռացիոնալ պետական գործիչ» համարող, իսկ իրեն «մոնղոլ-թաթարական ավազակապետության գլուխ» կոչող Տեր-Պետրոսյանի ծառայությունները որքան կգնահատի Սերժ Սարգսյանը:




Լրահոս