ՎՍԴՀԿ-Ն ԲՀԿ-Ի ՀԵՏ ԴԱՇԻՆՔ ԿԿԱԶՄԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել ԲՀԿ ցուցակում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդը» զրուցեց Լյուդմիլա Սարգսյանի հետ, որը չբացառեց իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ, բայց եւ չհաստատեց տեղեկությունը:

-Տիկի՛ն Սարգսյան, վաղուց արդեն ակնհայտ է, որ Ձեր եւ ՀԱԿ-ի միջեւ առկա է որոշակի տարանջատվածություն, եւ, բնականաբար, Ձեր քաղաքական ապագան դժվար թե այդ ուժի հետ տեսնեք: Այս օրերին ակտիվ կերպով բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջեւ, կազմավորվում են դաշինքներ: Դուք ո՞ր ուժերի հետ եք բանակցում Ձեր առաջիկա քաղաքական գործունեության շուրջ:
-Եթե նկատել եք՝ որեւէ քաղաքական ուժ դեռ չի մեկնաբանում, թե ում հետ է բանակցում եւ ինչ հնարավորություններ է տեսնում այդ բանակցությունների արդյունքում: Բնականաբար, ես նույնպես բանակցությունների ձեւաչափի մասին չեմ խոսելու, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները: Կարծում եմ, որ կուսակցությունը միանշանակ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, եւ չեմ բացառում, որ դա կարող է լինել դաշինքով: Կարծում եմ՝ մինչեւ Նոր տարի կլինեն նոր ֆորմատներ, եւ այդ ֆորմատներից մեկում արդեն կարող եք մեզ տեսնել:
-Տիկի՛ն Սարգսյան, Դուք նշում եք, որ կուսակցությունն անպայման մասնակցելու է ընտրություններին, իսկ արդյո՞ք ՎՍԴՀԿ-ն ակտիվ գործող քաղաքական միավոր է: Խոսքը, բնականաբար, Ձեր անձնական պատգամավորական գործունեության մասին չէ: Կարո՞ղ եք նշել, թե քանի անդամ ունի ՎՍԴՀԿ-ն:
-Գիտեք, չեմ կարծում, որ պարտավոր եմ քանակի մասին հրապարակավ հայտարարել, բայց կարող եմ ասել, որ օրենքի պահանջներին մենք լրիվ համապատասխանում ենք, եւ կուսակցությունն էլ մինչեւ հիմա գործում է:
-Իսկ ի՞նչն է խանգարում այլ կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում վերջնական որոշման հանգելուն:
-Ոչինչ չի խնգարում, բայց սա երկարատեւ պրոցես է, որն արդեն մեկ-երկու ամիս է, ընթանում է: Անշուշտ, ամեն մի գործընթաց ունի իր ավարտը, եւ մենք ժամանակի խնդիր էլ ունենք, հետեւաբար կարող ենք ձեւակերպել, որ մինչեւ նոր տարի արդեն հստակ կլինի, թե ինչ ձեւաչափերով, ինչ քաղաքական ուժեր, ինչ մասնակցության աստիճան կարող են ունենալ 2017 թվականի ընտրություններին: Ինձ համար շատ ուրախալի էր, որ երեք քաղաքական ուժեր կարողացան համախմբվել եւ կարծես թե հիմքը դրեցին նոր դաշինքների, համարում եմ, որ երեք քաղաքական ուժր արդեն լավ է, բայց կլինեն միավորներ, որ էլի կմիանան այդ եռամիասնությանը: Եթե ձեւավորվեն մի քանի բեւեռներ, ապա բոլորը միանշանակ պարտվելու են: Լավագույն դեպքում պետք է ձեւավորվի երկու ընդդիմադիր բեւեռ, ա՛յ, դա կարող է երաշխավորել, որ հասարակությունը կկարողանա կողմնորոշվել, թե որ քաղաքական բեւեռին իր ձայնը տա:
-Իսկ կա՞ այնպիսի ուժ, որի հետ համագործակցությունը բացառում եք:
-Ոչ մեկին չեմ բացառում ու նաեւ ուզում եմ ասել, որ «Հայ ազգային կոնգրեսի» մասով Դուք հայտարարեցիք, թե բացառում եք, Դուք երեւի ինչ-որ բան գիտեք, ես ոչինչ չգիտեմ, բայց մեծ հարգանքով եմ վերաբերում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը: Այն դեռ բավականաչափ փամփուշտ ունի, որպեսզի կարողանա նաեւ 2017 թվականի ընտրություններում կրակել: Ամեն դեպքում ՀԱԿ-ը ինձ համար մերժելի կուսակցություն չէ եւ այն մարդկանց, ում հետ մենք պայքարել ենք 2007 թվականից մինչեւ 2014-2015 թվականը, բոլորին հաջողություն եմ մաղթում եւ ուրախ կլինեի, որ այդ քաղաքական ուժերը կարողանային ներքին տարաձայնությունները հաղթահարել եւ մեկ անգամ եւս միասնական բեւեռ ձեւավորել: Եթե լինի մեկ ընդդիմադիր բեւեռ եւ մեկ իշխանություն, ապա կարծում եմ, որ այստեղ ընդդիմությունը միանշանակ հաղթած դուրս կգա:
-Տիկի՛ն Սարգսյան, մեր տեղեկություններով՝ Դուք սպասում եք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը եւ Ձեր ապագան տեսնում եք ԲՀԿ-ում:
-Մեր համագործակցությունը 2014 թվականից ի վեր միշտ էլ եղել է: Ի տարբերություն եռյակի, քառյակի, որոնք հայտնի իրադարձություններից հետո իրենց համագործակցությունը դադարեցրին, վերակազմված ՍԴՀԿ-ն եւ տիկին Սարգսյանը շարունակել են համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ինչու ոչ, նաեւ ժամանակ առ ժամանակ մարդկային շփումներ են եղել Գագիկ Ծառուկյանի հետ: Ես ոչինչ չեմ բացառում, բայց չեմ կարող նաեւ հաստատել:
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ում կանանց թիվը քիչ է, միգուցե Ձե՞զ են առաջարկել միանալ իրենց, թե՞ Դուք եք առաջարկել:
-Վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կանանց ներգրավվածության խնդիր չկա, եւ իմ մասնակցությունը ընտրություններում կլինի այն թիմում, որի հետ մեզ համար բանակցությունների արդյունքը տեսանելի կլինի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 
4 ՀԱՅ ԲԱՔՎՈՒՄ Է ԱՊԱՍՏԱՆԵԼ

Ադրբեջանական haqqin.az կայքը գրել է, թե Բաքու մեկնած, այնտեղ ապաստան խնդրած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին եւ Վահան Մարտիրոսյանին կմիանա Արմեն Վիրաբյան (լուսանկարում) անունով ինչ-որ ակտիվիստ «Ժառանգություն» կուսակցությունից:

Ըստ կայքի` Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, եւ հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երեւանի» ակտիվիստներից մեկը: Նա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա:
Թե որքանով են իրական այս երիտասարդի խոսքերը, կամ եղե՞լ է արդյոք այդպիսի մարդ «Ժառանգությունում», դեռ վաղ է ասել, քանի որ երեկվա դրությամբ կուսակցությունից դեռ որեւէ պաշտոնական պարզաբանում չկար այս մասին: Իսկ թե ինչ ճնշումների է ենթարկվել այս երիտասարդը, դարձյալ անհայտ է կամ առնվազն միակողմանի:
Ամեն դեպքում, 2013 թվականին «Ժառանգություն» կուսակցության տարածքային պատասխանատուներից Ստյոպա Սաֆարյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ նման անուն-ազգանունով մարդու մասին ոչինչ չի լսել:
Իհարկե, այսպիսի երեւույթներին կարելի է պաթետիկ գնահատականներ տալ, ասել, թե նա եւ Բաքվում ապաստանած մեր մյուս հայրենակիցները դավաճաններ են, չունեն սրբություն եւ այլն: Բայց ինչո՞ւ է այս իրավիճակը ձեւավորվել, ո՞վ է սրա պատասխանատուն, եւ, ամենակարեւորը, ի՞նչ դասեր քաղեցին պետական ատյանները, երբ Բաքու մեկնեց առաջին, երկրորդ հայը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարեց, թե դժվար բան չկա. «Աղջիկ ջա՛ն, լավ չես հասկանո՞ւմ, մարդը նստել ավտոն, գնացել ա, կարաս դու էլ գնաս»: ԱԱԾ գործող պետ Գեորգի Կուտոյանը դեռ լռում է: Լռում է եւ ՀՀ ԱԳՆ-ն: Մինչդեռ այդ մարդիկ մեկ-երկու օրում չեն կազմակերպում իրենց այցը Ադրբեջան: Նրանք, ինչպես առաջին` Վահան Մարտիրոսյանի դեպքում, նախ կապվում են Վրաստանում գտնվող ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ, այնուհետեւ նրանց միջոցով` Բաքվի տարբեր օղակների հետ եւ վեր են կենում ու մեծ շուքով մեկնում Հայաստանից Վրաստան, ապա` Ադրբեջան: Իսկ ինչո՞ւ նրանք որեւէ կերպ չեն հայտնվում հայրենի իրավապահների` ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչու ոչ, նաեւ ՀՀ ՊՆ հակահետախուզության աշխատակիցների ուշադրության կենտրոնում:
Արդյո՞ք ԱԱԾ-ն ու ոստիկանությունը միայն քաղաքական գործիչների գաղտնալսումներով են զբաղված, ինչպես տարիներ շարունակ հնչեցվում է: Եւ վերջապես, ո՞ւր է այս առիթով Սերժ Սարգսյանի խիստ հրահանգը:
Հ. Գ. Հայ նախկին սպա Նորայր Մինասյանի՝ Բաքու մեկնելու լուրերը, բարեբախտաբար, հերքվեցին:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ
Հղում կատարելով Վրաստանի պատգամավորներից ստացված տեղեկությանը՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 7-ին հայտնել էր, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից փորձեց պարզել` ինչ է հայտնի արտաքին գերատեսչությանը հավանական գործարքի մասին, եւ ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը: Ի պատասխան մեր հարցման` փոխնախարարը վստահեցրեց` Հայաստանի անխափան գազամատակարարման ապահովման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում. «ՀՀ ԱԳՆ-ն ուշադիր հետեւում է զարգացումներին»,- հավելեց Շ. Քոչարյանը: Երեկ արդեն վրացական լրատվամիջոցները հրապարակեցին, որ վրացական «Նավթի եւ գազի կորպորացիայի» 25% բաժնետոմսերի գնման հարցում ադրբեջանական «Soccar» նավթային ընկերության հիմնական մրցակիցը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է: Ընդ որում, վրացական ԶԼՄ-ները նշում են, թե 25% բաժնետոմսերի գնումը ոչ մի կերպ չի կարող սպառնալիք դառնալ դեպի Հայաստան գազի մատակարարումներին` ըստ երեւույթին կրկնելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տված մեկնաբանությունը. «Ես վստահ չեմ, որ գործարքը շուտ կլինի: Բայց անկախ դրանից` ես գործարքում մեզ համար մեծ ռիսկ չեմ տեսնում: 25 տոկոսը ռիսկ չէ, բայց տոկոսն աճելու դեպքում ռիսկեր կլինեն»:

 

 

 

ՀԱՑ ԲԵՐՈՂԸ ՀԵՏ ԳՆԱՑ
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը պաշարած իրավապահներին ճեղքելով սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի` Հաց բերող Արթուրի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան անհրաժեշտ է բժիշկների օգնությունը: ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, ասաց, որ Ա. Սարգսյանի վիճակը չի վատացել: Նա պարզապես գանգատներ է ունեցել առողջական վիճակից, դրա համար նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություններ է անցել, ապա նորից տեղափոխվել է ՔԿՀ: Նա հավելեց, որ Ա. Սարգսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան դեղորայքային բուժում:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐԸ
«Ժողովուրդ»-ի թղթակիցը դեկտեմբերի 8-ին ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանին հանդիպեց ՀՀ կառավարության անցակետի մոտ: Վարչապետի մո՞տ եք բարձրանում. հետաքրքրվեցինք: «Չէ հա, ընկերս է կառավարությունում աշխատում, գնացել էի իր մոտ»,- շտապեց տեղեկացնել պատգամավորը: Մինչդեռ նկատելի էր, որ նա երկար ժամանակ սպասում էր անցակետի մոտ, մինչեւ ստացավ համապատասխան թույլտվությունն ու վերեւ բարձրացավ: Նկատենք, որ ազգընտիր պատգամավորը չի կարողանում անարգել մուտք գործել ՀՀ կառավարություն:




Լրահոս