ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է կադրային նշանակումները: Մեկ այլ պետության պարագայում պաշտոնների բաշխումը միջազգային արձագանքի չի արժանանում, սակայն Միացյալ Նահանգների դեպքը յուրօրինակ է` հաշվի առնելով այս պետության աշխարհաքաղաքական անվիճարկելի դերակատարությունը: Արձանագրելի է, որ Թրամփն առայժմ կարծես նախապատվությունը տալիս է ռազմական բնագավառի գործիչներին` հարուցելով շատերի անկեղծ վրդովմունքը: Նման պրակտիկան գուցե օրինաչափ կլիներ հաղթական պատերազմից անմիջապես հետո, սակայն ոչ ներկայիս ԱՄՆ-ում:

Մինչ օրս Թրամփն արդեն երեք պաշտոնաթող գեներալների նշանակել է պետության բարձրագույն պաշտոններում: Պաշտպանության նախարար է նշանակվել Ջեյմս Մեթիսը` ԱՄՆ ռազմածովային հետեւակի գեներալ, ԱՄՆ կենտրոնական ուղղության նախկին հրամանատարը: Հետաքրքիր է, որ Մեթիսն ԱՄՆ-ում հայտնի է «կատաղած շուն» մականունով: Միաժամանակ նա համարվում է ԱՄՆ-ի ամենապրոֆեսիոնալ զինվորականներից մեկը, ում նախկին ՊՆ Ռ. Գեյթսը գնահատում էր որպես պատմությամբ փորձված ռազմավարական մտածող: Նախկին նախարարը շեշտել է իր մտահոգությունը քաղաքացիական պաշտոնում ռազմական գործչի նշանակման կապակցությամբ` միաժամանակ հավելելով, որ Մեթիսը նախագահի վարչակազմ է գալիս իր արտակարգ փորձառությամբ, եւ այդպիսի բացառությունը թույլատրելի է: Հարկ է, սակայն, նկատել, որ նման բացառություններն աստիճանաբար ավելանում են, ինչպես տեղի ունեցավ նախագահի ազգային անվտանգության գլխավոր խորհրդականի ընտրության հարցում: Հիշեցնենք, որ պետքարտուղարի հակակշիռը համարվող այդ պաշտոնում կրկին նշանակվել է ռազմական գործիչ` ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը:
Եվ ահա օրեր առաջ Թրամփը հայտարարեց նախագահական ապարատում եւս մեկ գեներալի նշանակման մասին: Այն արդեն առնչվում էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հաստիքին: Այդ պաշտոնին նշանակվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի հետեւակի գեներալ, ԱՄՆ հարավային ուղղության նախկին հրամանատար Ջոն Քելլին: Համեմատաբար երիտասարդ համարվող պետական այս ինստիտուտը կարեւորագույն նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, եւ դրա ղեկավարումը պաշտոնաթող գեներալին վստահելը հուշում է, որ Թրամփը պատրաստվում է ռազմական բնագավառին հատուկ պրակտիկայով առաջնորդվել սահմանային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների ճգնաժամային որոշակի հարթակներում: Ի դեպ, տարբեր լուրեր են պտտվում մեկ այլ պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսի ու պաշտոնաթող ծովակալ Մայքլ Ռոջերսի` համապատասխանաբար ԱՄՆ պետքարտուղարի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններում հավանական նշանակումների մասին:
Նախագահական վարչակազմը համալրելով գեներալներով` Թրամփը մտահոգություն է պատճառել շատերին: Քաղաքական գործիչների, պաշտոնաթող գեներալների, գիտնականների ու վերլուծաբանների մի մեծ խումբ արդեն իսկ սկսել է քննադատել նոր նախագահի այսօրինակ նշանակումները: Շատերը նկատում են, որ զգալի քանակությամբ ռազմական գործիչների տեղավորումը վարչակազմում արդեն իսկ լրջագույնս հեռացնում է գործադիր իշխանությունը քաղաքացիական բնագավառից: Այս կապակցությամբ բավականին կոպիտ է արտահայտվել ակադեմիական շրջանակներում հայտնի, ԱՄՆ ռազմական ու արտաքին քաղաքականության վերլուծություններ իրականացնող Էնդրյու Բեսըվիչը` շեշտելով, որ եթե եւս մեկ-երկու նման գեներալներ նշանակվեն քաղաքացիական բարձրագույն պաշտոններին, արդեն «կարելի կլինի խոսել ոչ թե նախագահական վարչակազմի, այլ Թրամփի խունտայի մասին»:
Պաշտոնների այսպիսի բաշխումը ռազմական բնագավառի գործիչներին պատճառաբանվում է Թրամփի` գեներալների նկատմամբ ունեցած ակնածանքով: Ի վերջո, պետա-քաղաքական ակնառու գործիչների ճնշող մեծամասնությունը ժամանակին դաժան քննադատություններ է տեղացել Թրամփի հասցեին` ստիպելով վերջինիս զգուշավորություն ցուցաբերել իրեն անվերապահորեն չընդունողների նկատմամբ: Բայց եւ այնպես, ռազմական գործիչների նման աստղաբույլը կարող է իսկապես ծանր հետեւանքներ ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Քաղաքական հոգեբանությունը փաստում է, որ պետական կառավարման բնագավառում փորձ չունեցող նախագահները հաճախ են ընկնում նեղ շրջանակի ազդեցության ներքո, եւ այս պարագայում Թրամփը, իր նախարարների օգնությամբ, կարող է քաղաքական հարցերին նայել ռազմական դիտանկյունից: Իսկ երբ պետության արտաքին քաղաքականության սպասարկումը դրվում է ռազմական գործիչների ուսերին, դրանից լավ հետեւանքներ չեն լինում:
Ֆրանսիայի երբեմնի անգերազանցելի ԱԳ նախարար Թալեյրանն էր պնդում դեռ 19-րդ դարում, որ նույնիսկ պատերազմն է չափից ավելի լուրջ գործ, որպեսզի այն վստահեն զինվորականներին:
Հայաստանում ռազմական գործիչների մուտքը քաղաքական ասպարեզ օրինաչափորեն նշանավորվեց Արցախյան պատերազմով: Եվ բնական էր, որ պատերազմի հաղթական ավարտից հետո ռազմաճակատից քաղաքացիական կյանքին վերադարձած մարդիկ պիտի ակնկալեին իրենց հերոսության համար համարժեք փոխհատուցում թե՛ պետությունից, թե՛ հասարակությունից: Սակայն նոր ձեւավորվող պետական համակարգը, քաղաքական անփորձությունն ու ինչ-որ առումով նաեւ կառավարող վերնախավի անփութությունը նպաստեցին նրան, որ պատերազմի բովով անցած անձանց մի մասը, առանց ադապտացվելու նոր պայմաններին, հայտնվեց պետական համակարգի կարեւոր աստիճաններում: Այս առումով հիշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարները գերազանցապես եղել են ռազմական գործիչներ: Եթե Նորատ Տեր-Գրիգորյանցը, Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Հարությունը պրոֆեսիոնալ զինվորականներ էին, ապա Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը Ղարաբաղյան պատերազմում թրծված գործիչներ էին: Բացառություն են կազմում Վազգեն Մանուկյանը եւ ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանը` որպես ռազմական գործի հետ գրեթե կապ չունեցող անձինք: Ռազմական բնագավառի իր փորձով Սերժ Սարգսյանն է միայն, որ հասցրել է լինել նաեւ ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար ու վերջապես վարչապետ: Եվ ինչ-որ առումով այսօր Հայաստանի տխուր իրավիճակի պատճառներից մեկն էլ Սերժ Սարգսյանի` հենց այդ ազդեցությունը կրելու մեջ է. նա պետական ու քաղաքական պայքարը համարում է պատերազմ, որի ժամանակ պետք է ամեն գնով ոչնչացնի հակառակորդին կամ էլ նրան դարձնի իր հպատակ գերին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՀԷՑ-Ը ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՆԻ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության՝ 2016-2020 թվականների ներդրումային ծրագիրը:
Տեղեկացնենք, որ ընկերության՝ 2016-2020 թվականների առաջարկվող ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 97.4 մլրդ. դրամ: Ի դեպ, նշված ծավալը մոտ 22.4 մլրդ դրամով ավել է, քան 5-ամյա ժամանակահատվածի համար սահմանված 75 մլրդ դրամը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ հանձնաժողովի կողմից հաստատված 2016 թվականի ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը կկատարվի մոտ 75-80 տոկոսով: Սրա հետ կապված ընկերությունն ունի իր պատճառները՝ Վերին Լարսի անցակետի անկանոն աշխատագրաֆիկ, ռուսական ռուբլու զգալի արժեւորում դրամի նկատմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հողահատկացման թույլտվությունների խնդիրներ, բարդ եղանակային պայմաններ, որը կտրուկ ավելացրել է վթարների վերացմանն ուղղված ընկերության ակտիվությունը եւ այլն:
Նշենք, որ այս տարվա համար պլանավորված, բայց ավարտին չհասցված ծրագրերը տեղափոխվել են ընկերության՝ 2017-2020 թվականների ներդրումային ծրագրերի մեջ, ինչի հետեւանքով էլ 2017 թվականի ծրագրի սահմանված սահմանաչափը գերազանցվել է 1.8 մլրդ դրամով: Ընկերությունն իր՝ 2016-2020-ի ներդրումային ծրագրերի իրականացման հիմնական ֆինանսավորման աղբյուր է համարում մաշվածությունը, շահույթը, ինչպես նաեւ փոխառու դրամական միջոցները: Իսկ նշված ժամանակահատվածում ընկերությունը իր շահույթի հաշվին կներդնի 20,8 մլրդ դրամ: Մնացած մասը՝ 76,7 մլրդ դրամը կամ նոյեմբերի 24-ի փոխարժեքով 160 մլն դոլլարը, պլանավորվում է իրականացնել ներգրավված վարկային միջոցների հաշվին:
«ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի եւ Համաշխարհային բանկի դուստր ձեռնարկության Միջազգային ներդրումային կորպորացիայի հետ, որոնց համատեղ սկզբունքով նախատեսվում է 160 մլն դոլլարի ներդրումային վարկային գիծ տրամադրել: Վարկի պայմանները հետեւյալն են՝ վարկային գիծը տրվում է 13-14 տարով, տոկոսները հաշվառվում են օգտագործված գումարի մասով, վարկային գծի մայր գումարի վերադարձը սկսվում է ստանալուց 5-6 տարի հետո, տարեկան տոկոսադրույքը կազմում է 4-5 տոկոս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ

Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Արման Փիրումյանը՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, անձին մեղադրելով ծանր հանցագործության մեջ՝ կատարել է սուտ մատնություն:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ա. Փիրումյանը 2015թ. ապրիլի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տեղակայված «Անհատ ձեռներեց Դավիթ Ղալթախչյան» ավտոպահեստամասերի վաճառքի կետից 2015թ. ապրիլի 20-ին 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողությունը կազմակերպել է Ազատամուտի բնակիչ Շահնազար Ալավերդյանը: Ուշագրավ է, որ Ա. Փիրումյանը սուտ մատնությունը կատարել է այն օրը, երբ ողջ հայ ժողովուրդը նշում էր հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Խանութը, որտեղից ավտոպահեստամասերի գողություն է կատարվել, փաստացի պատկանում է Ազատամուտի ղեկավար, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանին:
Ա. Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Այդ հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսված է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ա. Փիրումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ դատաքննության սկսվելը, Ա. Փիրումյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: 2016թ. նոյեմբերի 8-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն Ա. Փիրումյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վճռել է ՀՀ քր. օր. 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան: Այդ դատավճռի դեմ օրենքով սահմանված ժամկետում՝ մեկ ամսում, վերաքննիչ բողոք չի բերվել, ուստի այն մտել է օրինական ուժի մեջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս