Ինչու է պետական բյուջեից եկեղեցու նորոգման ֆինանսավորումը մաս-մաս կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում՝ 2013թ. հունվարի 26-ին, Սերժ Սարգսյանը այցելել էր Գոշավանք: Նրան ներկայացվել էր 12-13-րդ դդ. նշանավոր կառույցի նորոգման խնդիրը: Արդյունքում՝ 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող Սբ. Աստվածածին եկեղեցու նորոգումը: Սակայն պետական բյուջեից նորոգման ֆինանսավորումը մաս-մաս է կատարվում, ինչը չի նպաստում վերանորոգման արդյունավետությանը: Գոշ համայնքի նախկին ղեկավար, Գոշում Դիլիջան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Ամիրխանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, որ այս տարվա գարնանը վերսկսվել են վանական համալիրի նորոգման աշխատանքները, որոնք տեւել են մինչեւ ուշ աշուն:

Նրա վկայությամբ՝ Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթից զատ՝ փոխվել են այդ եկեղեցու գմբեթից ներքեւ գտնվող 2 ծածկերը: Վերականգնողական աշխատանքները դանդաղ են կատարվում ոչ միայն այն պատճառով, որ դա նուրբ, ժամանակատար գործ է, այլեւ պետական բյուջեից մաս-մաս ֆինանսավորման հետեւանքով: Դժվար է ասել, թե նման ֆինանսավորման դեպքում վանական համալիրի նորոգումը քանի տարի կտեւի: Գ. Ալիխանյանը հայտնեց, որ Մխիթար Գոշի մատուռը վերականգնված է, տարածքը՝ բարեկարգված, սակայն մատուռի շրջակայքում դեռեւս որոշ աշխատանքներ կան: Հավելենք, որ 2013թ. Գոշավանք պատմարգելանոցային թանգարանի 300 ցուցանմուշներ հանվեցին թանգարանի փայտաշեն շենքից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք՝ մասնավոր մի կառույցի նկուղ, իսկ Գոշում թանգարանի նոր շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս