Շահագործման հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շախմատի դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցված շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացմանը:

Երևանի քաղաքապետարանի 2016թ. ծրագրով Հրանտ Դինքի անվան հ.44 դպրոցի 2-րդ մասնաշենքում կառուցված շախմատի դպրոցում պատանի շախմատասերների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետը Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված հարմարություններին: Ներկայացնելով իրականացված աշխատանքները` պատասխանատուները նշել են, որ շենքում անցկացվել է ջեռուցման նոր համակարգ, ամբողջութամբ փոխվել են լուսավորության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Նորաբաց դպրոցի դասասենյակներն էլ կահավորվել են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով և շախմատային պարագաներով:

«Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքում, հատկապես պատանիների շրջանում շախմատի զարգացման նկատմամբ Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող ուշադրության համար, հատկանշել է, որ նորաբաց դպրոցը հնարավորություն կտա պարապմունքներ անցկացնելու մինչև 400 սանի հետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է իրազեկել վարչական շրջանի բնակիչներին շախմատի գործող նոր դպրոցի մասին՝ արդեն հունվարից ընդունելությունները սահմանված ժամանակացույցով կազմակերպելու և ուսումնական գործընթացը սկսելու համար:




Լրահոս