Ժամկետային զինծառայողի սպանության մեջ մեղադրվող ծառայակիցը մանրամասներ է պատմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի սպանության գործով անցնող ծառայակիցը` Հայկ Սեյրանյանը, խոստովանել է իր մեղքը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց զոհված զինվորի հայրը` Ալիկ Ղանդիլյանը: Վերջինիս փոխանցմամբ` Հ. Սեյրանյանն ասել է, թե Արմանին շփոթել է հակառակորդի հետ: Իսկ խնդրահարույցն այստեղ այն է, որ Հայկ Սեյրանյանը տուժածին չի հարցրել գաղտնաբառը:

Ալիկ Ղանդիլյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դեպքից ավելի քան երեք ամիս է անցել, սակայն Սեյրանյանին մեղադրանք չի առաջադրվել, հիմա անգամ այն պարագայում, որ նա ընդունել է մեղադրանքը. «Հսկող դատախազն ինձ ասաց, որ բավարար ապացույցներ դեռեւս չկան՝ մեղադրանք առաջադրելու, ու հայտնեց, որ դատակենսաբանական փորձաքննության պատասխանն է ստացվել ու հաստատվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունն ու որդուս արյունը համընկնում են: Հետեւաբար դեպքը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ եւ խոսվում էր ի սկզբանե»,- հավելեց զինվորի հայրը:

Ի դեպ, մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հունվարին Հայկ Սեյրանյանի զորացրման ժամանակն է, եւ ինքը մտավախություն ունի, որ նա կա՛մ սպասվող համաներմամբ ազատ կարձակվի, կա՛մ էլ անփութության համար մեղմ պատիժ կստանա:

Հիշեցնենք, որ դեպքից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ կատարվածը թյուրիմացության հետեւանք է. Արմանի ծառայակից ընկերը, ըստ այդ տեղեկությունների, նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, նա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել: Իսկ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում:

Ավելի վաղ զինծառայողի հայրը «ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր. «Մեղադրանքում ասվում է, որ Հայկ Իգորի Սեյրանյանը, ով ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող թիվ N մարտական դիրքում որպես դիտորդ է եղել, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ուշադրությունը շեղելով՝ թուլացրել է աչալրջությունը եւ դիտորդի պարտականությունները կատարել է ոչ առույգ, որի հետեւանքով չի տեսել մյուս դիտորդ, ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող շարքային Արման Ղանդիլյանին դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասում կառուցված խրամաբջիջ բարձրանալիս:

Եվ քիչ անց նկատելով նշված խրամաբջջի հողաթմբի վրա Ա. Ղանդիլյանի գլխի սիլուետը, առանց նշանաբառ պահանջելու՝ նախապես լիցքավորված, իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Ղանդիլյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ձախ այտի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ, մահացու վիրավորում»:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս