Բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել կարիքների գնահատման առաքելության զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) խորհուրդ է տալիս առաքելություն ուղարկել Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար, ինչը հնարավոր կլինի ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնական հրավերի դեպքում: Այս մասին ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում, այն հրապարկվել է հունվարի 12-ին:

Ի լրումն փորձագետների հիմնական թիմի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ դիտորդների (ԵԱՀԿ անդամ երկրներից) ողջ երկրի տարածքում ընտրությունները դիտարկելու նպատակով, ինչպես նաեւ 250 կարճաժամկետ դիտորդների՝ ընտրությունների օրը դիտարկելու համար:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ստանդարտ մեթոդոլոգիայի համապատասխան, առաքելությունը կներառի իր մեջ նաեւ լրատվամիջոցների մոնիթորինգի տարրը:

Զեկույցում նշվում է, որ առաքելության մասնակիցների բոլոր զրուցակիցները ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատման, ընդգծել են ընտրություններին դիտորդների լայնամասշտաբ առաքելության անհրաժեշտությունը:

Զեկույցում մասնավորապես ասված է. «Կարևոր է, որ ընտրական բարեփոխումները ՀՀ-ում իրականացվել են լայնամասշտաբ հանրային քննարկումների եւ լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձեւավորելուն:Նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին եւ նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին եւ դիմումներին, ինչպես նաեւ քարոզչությանը եւ նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը»:

Ըստ զեկույցի` Քաղաքացիական հասարակությունը ակտիվ գործունեություն է ծավալել եւ գլխավորապես կարող է ազատ գործել։ Այն կարեւոր դեր է կատարել ընտրական բարեփոխումների գործընթացում, թեեւ միշտ չէ, որ համաձայն է եղել վերջնական բարեփոխումների հետ։




Լրահոս