«ՈՐՔԱՆ ՑԱԾՐ ԵՍ ԸՆԿՆՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐ ԵՍ ԹՌՉՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Главная сцена»-ի, «Голос»-ի մասնակից եւ ուկրաինական «X Factor» նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանն օրերս ժամանել է հայրենիք: Նա իր հաղթանակից հետո առաջին անգամ է Հայաստանում: Երգիչը փետրվարի 19-ին Երեւանում հանդես կգա մենահամերգով: Նա նշում է, որ առաջիկա համերգն իր համար առանձնահատուկ է եւ բավական պատասխանատու, քանի որ հանդես է գալու հարազատ հանդիսատեսի առջեւ: Տեղեկացնենք, որ Սեւակը ծնվել է Լոռու մարզի Մեծավան գյուղում: Նա դեռ վաղ տարիքից հետաքրքրված է եղել երաժշտությամբ: 7 տարեկանից սովորել է նվագել սինթեզատոր, ապա ակորդեոն: Ավելի ուշ նա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանում, ապա Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիայում: Սեւակը մի շարք հայալեզու եւ ռուսալեզու երգերի հեղինակ է: Ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը երգչի հետ:

-Սեւա՛կ, ռուսական կայքերից մեկում գրված է, որ թեեւ Դուք ծնվել եք Հայաստանում եւ հիմա էլ ապրում եք Մոսկվայում, Ձեր հարազատ քաղաքը համարում եք Կուրսկը: Այդպե՞ս է:
-Ես այդ քաղաքը համարում եմ իմ հարազատ քաղաքներից մեկը միայն: Այնտեղ ինձ շատ ջերմ են ընդունել, մինչ օրս էլ հաճույքով այցելում եմ Կուրսկ, ծնողներս այնտեղ են ապրում: Բայց ես երբեք չեմ ասել, որ այն ինձ համար ամենահոգեհարազատ քաղաքն է: Հպարտ եմ, որ ծնվել-մեծացել եմ Հայաստանում, երբեւէ չեմ կարող եւ չեմ ուզւոմ մոռանալ այդ մասին:
-Երգարվեստում դրսեւորվելու ճանապարհին, մրցույթներին մասնակցելու ժամանակ ամենամեծ դժվարությունը, որին հանդիպել եք, ո՞րն է եղել:
-Դժվարություններ շատ են եղել, բայց ես չեմ սիրում խոսել դրանց մասին: Ինձ համարում եմ ուժեղ մարդ, իսկ խոչընդոտներն ինձ միայն ավելի ուժեղ են դարձնում: Իմ կարգախոսն է. «Որքան ցածր ես ընկնում, այնքան ավելի բարձր ես թռչում»:
-Հաշվի առնելով ռուս-ուկրաինական լարված հարաբերությունները, ուկրաինական «X Factor»-ին մասնակցելուց հետո ռուսական կողմից Ձեզ վրա «հարձակումներ» չեղա՞ն:
-Բացարձակ: Ես եւ քաղաքականությունը ոչ մի կապ չունենք իրար հետ, ինձ քաղաքականության հետ չեմ ասոցացնում, ուստի նման խնդիրներ չեն կարող ծագել: Ես մեկն եմ, ով արտահայտվում է ի սրտե: Ոչ մի վատ բան չեմ տեսնում այն բանի մեջ, որ գնացի, Ուկրաինայում երգեցի, հետո վերադարձա Ռուսաստան: Նույնիսկ չեմ մտածել այն մասին, որ որեւէ մեկը կարող է ինձ հարցնել, թե ինչու այդ բանն արեցի: Այնուամենայնիվ, դրա պատասխանը մեկն է. որքան շատ մարդ ինձ ճանաչի, այնքան մեծ հնարավորություններ կբացվեն իմ եւ իմ հանդիսատեսի առջեւ:
-Տարբեր առիթներով նշել եք, որ երաժշտությունը Ձեզ համար կյանք է, որ չեք սիրում շոու-բիզնես բառը, որ երաժշտությամբ զբաղվում եք ոչ բիզնես նպատակներով եւ այլն: Այդ դեպքում հետաքրքիր է` ինչպե՞ս եք գումար վաստակում, կողմնակի զբաղմունք ունե՞ք:
-Ո՛չ, ես զբաղվում եմ բացառապես երաժշտությամբ, փառք Աստծո, սիրելի աշխատանքի միջոցով հաջողվում է նաեւ գումար աշխատել: Իսկ եթե ազատ ժամանակ եմ ունենում, այն անցկացնում եմ ընտանիքիս հետ:
-Սեւա՛կ, Դուք անդրադարձ եք կատարել «Հին ֆայտոն» երգին: Հայ ազգային, ժողովրդական, ֆոլկ երաժշտության մեջ ամենաշատն ի՞նչն է Ձեզ գրավում:
-Առհասարակ, հայկական երաժշտությունը շատ խորն է, այն հնչում է հոգեղեն եւ ի սրտե: Ես չեմ կարող չգնահատել ու չհասկանալ այդ երաժշտությունը, դա չի կարող ինձ չհուզել: Ես պաշտում եմ հայկական ֆոլկ երաժշտությունը, ոչ թե այն, որն անվանում են հայկական երաժշտություն, բայց որն, իրականում, ոչ մի առնչություն չունի դրա հետ:
-Եվ վերջում, հետաքրքիր է` Ձեր երգարվեստի, Ձեր անձի վերաբերյալ հայաստանցիների կողմից արված ամենաուշագրավ մեկնաբանությունը ո՞րն է եղել:
-Այդպիսի մեկնաբանությունները շատ են, բայց ինձ ամենաշատը ոգեւորում է, երբ նրանք գրում են, որ ես երգում եմ հոգով եւ հուզում եմ սրտեր. դա ինձ համար ամենաբարձր գնահատականն է: Դա նշանակում է, որ իզուր չեմ բեմ բարձրացել:

 

 

 
ՀՈՒՍԱ՞ՆՔ, ՈՐ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ՀԱՄԵՐԳԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՉԻ ԼԻՆԻ

Մարտի 5-ին ռուսական էստրադայի կայսրուհի Իրինա Ալեգրովան «Մոնո» անունը կրող հոբելյանական համերգային ծրագրով հանդես կգա Երեւանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչը «Ֆորպոստարտ» ընկերությունն է:

Բոլորիս հիշողություններում, սակայն, թարմ է երգչուհու` 2015-ին չեղյալ հայտարարված եւ երկու անգամ հետաձգված երեւանյան համերգն ու դրան հաջորդած դժգոհության ալիքը (այն ժամանակ եւս համերգի կազմակերպիչը նույն ընկերությունն էր): Ուստի մենք «Ֆորպոստարտ»-ի հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանին հարցրինք` ինչ երաշխիք կա, որ այս անգամ եւս պատմությունը չի կրկնվի. «Նախ ուզում եմ հիշեցնել, որ 2015-ին Իրինա Ալեգրովան ժամանել էր Երեւան, բայց, քանի որ բարձր տաքություն ուներ, չկարողացավ բեմ բարձրանալ: Այնուամենայնիվ, ավելի ուշ համերգը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում: Բացի այդ` նշեմ, որ մեր կազմակերպությունն արդեն տասը տարի է` աշխատում է Ալեգրովայի հետ, եւ արդեն մի քանի անգամ մեր կողմից մայրաքաղաքում կազմակերպվել են նրա համերգները: Պետք է շեշտեմ, որ երբ մեկնարկում են նրա շրջագայությունները, երգչուհին իր գրաֆիկում անպայման ներառում է այցը Հայաստան: Նա, ունենալով հայկական արմատներ, սիրում է մեր ազգին եւ վստահ է, որ Հայաստանում իրեն մշտապես սպասում են: Մեր ժողովուրդը անհանգստանալու պատճառ չունի, քանի որ Ալեգրովայի համերգները միշտ էլ կայացել են (իսկ հետաձգվելու հանգամանքը հարգելի էր)»,-մեկնաբանեց Զ. Մխեյանը:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ` ինչով է առաջիկա համերգը առանձնանալու, տարբերվելու նախորդ համերգներից. «Հանդիսատեսին սպասվում է ծրագիր-անակնկալ, առաջիկա համերգին հնչելու են ինչպես նոր երգեր, այնպես էլ ժամանակի քննությունն անցած հայտնի կատարումներ: Կայսրուհու հին հիթերը կհնչեն ժամանակակից մեկնաբանություններով, անսպասելի տարբերակներով: Այս անգամ համերգի ֆորմատը միանգամայն այլ է լինելու: Այն ուղեկցվելու է մեծ տեսաշարով: Սպասվում են նաեւ հայտնի արտիստների հետ դուետներ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս