«ԵՍ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Գագիկ Ծառուկյանը երեկ վերջապես հանդես եկավ սպասված հայտարարությամբ եւ վերաբացեց դեպի մեծ քաղաքականություն մտնելու իր կողմից փակված էջը:

«Դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որեւէ պաշտոն՝ հանուն փառքի եւ սեփական ամբիցիաների: 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որ ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման եւ արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար եւ շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ: Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից եւ անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունը: Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել:
Քաղաքական որոշ առաջնորդների եւ գործիչների՝ այդ օրերին դրսեւորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության եւ Աստծո դատին: Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն եւ ապագայի նկատմամբ անվստահություն: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ»,- նշեց Ծառուկյանը:
«… որքան էլ ծանրակշիռ լինի իմ կողմից իրականացվող բարեգործության ծավալը, այն չի կարող լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրները: Մենք պետք է ձեւավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձեւավորենք անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման համար: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը՝ ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը մեր երկրի զարգացման եւ հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջեւ պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարեւոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչեւ վերջ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի»:
Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին.
-Պարո՛ն Զաքարյան, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: Դուք ժամանակին եւս հրաժարվել էիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Հնարավո՞ր է՝ Դուք էլ վերադառնաք քաղաքականություն:
-Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել: 2007թ. մայիսին մենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք խորհրդարանական ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի Ազգային ժողովի փոխնախագահ:
2007 թվականի նոյեմբերին Ազգային ժողովի կողմից նշանակվեցի վերահսկիչ պալատի նախագահ: Օրենքը չէր հակասում իմ կուսակցական գործունեությանը, սակայն այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը մի քանի կուսակցությունների հետ կազմել էր կոալիցիա եւ ստացել նախարարական ու այլ պորտֆելներ, ես հայտարարեցի, որ դադարեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը՝ զերծ մնալով ավելորդ շահարկումներից:
Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասկացություն չունենալ: Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՉՀԱՊԱՂԵՑ

Երեկ վերջապես ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 3-ին իր տան մոտ հավաքված քաղաքացիներին դիմելով՝ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր. «Ասեցի՝ մոտ օրերս, լիարժեք մասնակցությունը լինելու է, ինչ մասշտաբով, ինչ կտրվածքով… մոտ օրերս ես հայտարարություն կանեմ, բոլոր պատասխանատուները տեղյակ կլինեն, ժողովրդին տեղյակ կպահենք, համապատասխանաբար, ամեն մեկս էլ պետք է իր մասնակցությունն ունենա»:

Չնայած հայտարարությունը տեղի չունեցավ «մոտ օրերս», այն բավականին ձգձգվեց եւ տարաբնույթ ինտրիգների տեղիք տվեց, այնուհանդերձ, հայտարարեց, որ բացում է փակված քաղաքական էջը:
Այս հայտարարությունից հետո կուլիսային հանդիպումներ անցկացնող եւ միմյանց հետ դաշինքներ կազմել փորձող որոշ ուժեր, որոնք արդեն իսկ դասավորել էին իրենց խաղաքարտերը, հայտնվեցին ցայտնոտի մեջ: Մինչ Ծառուկյանի հայտարարությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր փորձում իր շուրջ համախմբել հնարավորինս շատ ուժերի եւ միասնական ճակատով մասնակցել ընտրություններին՝ լուրջ ակնկալիքներով: Սեյրան Օհանյանի հետ բանակցություններ էին վարում «Համախմբում», «Հայաստանի դեմոկրատական» եւ «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաեւ ազատամարտիկներ, տարբեր պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ: Նկատենք, որ արդեն երեկ՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից ժամեր անց, «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունները ներկայացրին իրենց համագործակցության համաձայնագիրը՝ նշելով, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու են դաշինքով. «Դաշինքը բաց է եւ պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի եւ միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները եւ տեսակետները»,-ասված էր հայտարարության մեջ:
«Ժողովուրդ»-ը «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է, որ իրենց եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվող դաշինքները միանան եւ ընտրություններին մասնակցեն լայն ճակատով: Ի պատասխան՝ Մարգարյանը նշեց. «Գիտեք, մենք որեւէ քննարկում այդ ուղղությամբ չենք ունեցել, ես որեւէ բան չեմ կարող ասել»: Իսկ թե ինչու իրենց հայտարարությունն անմիջապես հաջորդեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, մի՞թե դա պատահականություն էր, այս հարցերին Մարգարյանը միանշանակ պատասխան չկարողացավ տալ. «Դա, ըստ երեւույթին, համընկել է ժամանակով, դա հատուկ որոշված չէր»,- համենայն դեպս վստահեցրեց Մարգարյանը:
Նկատենք, որ Սեյրան Օհանյանը երեկ գիշեր փորձեց առաջ ընկնել Ծառուկյանից` կեսգիշերին հայտարարելով, թե քաղաքական կոնսուլտացիաներն ավարտվել են, եւ շուտով կհայտնի այդ մասին: Բայց ակնհայտ է, որ եռյակի հայտարարությունը քաղաքական դաշտում ոչինչ չասող թվաց, քանի որ Ծառուկյանի վերադարձի թեման ավելի բեկումնային դարձավ:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՀՎԿ-Ի, ԲՀԿ-Ի ՆՎԵՐՆԵՐԸ
Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` նախկին ՕԵԿ-ը, փոխել է իր աշխատաոճը. կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ բաժանել, այլ ալկոհոլային խմիչք, բնական հյութեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՎԿ-ն իր մարզային կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է ալկոհոլային խմիչք՝ ռոմ եւ բնական հյութեր: Բնականաբար, դրանք բոլորն էլ եղել են Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության արտադրանքը: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ մարզերում իր կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է մեկ պարկ ալյուր եւ ձեթ:

 

 

ԲԱԺԻՆՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրված է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ տեղեկություն, բացակայում է առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինը: Ի դեպ, տեղեկացնենք, որ մյուս վարչական շրջանների աշխատակազմերը ներկայացված են ամբողջությամբ, այդ թվում առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինը: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի նկարագրությունում առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի բացակայությունը, սակայն, այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ այս բաժնի պետը՝ Գարրի Սարգսյանը, մշտապես հայտնվել է քրեական պատմությունների մեջ, ինչի պատճառով Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը պարզապես որոշել է նրան թաքցնել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աջափնյակի թաղապետարանից տեղեկացրին, որ Գարրի Սարգսյանը աշխատանքից ազատվել է, այժմ նշված բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Մանուչարյանը: Իսկ տվյալ բաժնի նկարագրության մասին բացակայությունը թաղապետարանի աշխատակիցները չկարողացան բացատրել:

 

 

ԵՎՍ 2 ՄԵՔԵՆԱ ԿՕՏԱՐԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կառավարությունը վաղը կայանալիք նիստի ժամանակ որոշում է կայացնելու օտարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար ավտոմեքենաներից 2-ը՝ 2008 թվականի արտադրության «Տոյոտա Քեմրի» 21230 եւ «Նիսսան Քաշքայ» ավտոմեքենաները: Նրանցից առաջինի սկզբնական արժեքը, ըստ փաստաթղթերի, սահմանված է 11 մլն 900 հազար դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 1 մլն 904 հազար դրամ, իսկ երկրորդի սկզբնական արժեքը՝ 8 մլն 990 հազար դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 1 մլն 438 հազար 400 հարյուր դրամ: Նշենք, որ այս մեքենաների օտարումը միանգամից չի լինելու, այլ սկզբում դրանք կառավարության որոշմամբ փոխանցվելու են պետական գույքի կառավարման վարչությանը, որից հետո նոր օտարվելու են:




Լրահոս